Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/174

Այս էջը հաստատված է

քիչ են բազմաչհագեցած ճարպաթթուները (5 %-ից ոչ ավելի), ուստի այն պետք է զուգակցել ձեթի և մարգարինի հետ։ Կ. օգտագործում են բուտերբրոդներ, կրեմ, պաղպաղակ, ինչպես նաև զանազան ճաշատեսակներ պատրաստելիս։

Կ. համեմատաբար արագ փչացող մթերք է։ Խորհուրդ է տրվում այն պահել 10-12 °C–ում մութ տեղում։ Տան պայմաններում Կ. պետք է պահել սառնարանում կամ էլ ապակե կամ կավե ամանի մեջ։ Վրան անհրաժեշտ է մաքուր սառը ջուր լցնել և ամանը կափարիչով փակել։ Ջուրը օրական 1-2 անգամ փոխել։ Նշված եղանակով կարագը կարելի է պահել մի քանի օր։

Անբարենպաստ պայմաններում Կ. փչանում է, ձեռք է բերում դառնահամ, ճարպահամ և հոտ, փոխում գույնը։

Համը փոխած Կ. կարելի է նախապես հալելուց հետո օգտագործել տապակելու և խոհարարական այլ նպատակների համար։ Խորհուրդ է տրվում Կ. հալել հետևյալ կերպ. ջրով կաթսայի մեջ դնել 1/4-ով ջրով լցված ավելի փոքր արծնապատ կաթսա։ Կաթսաները դնել կրակի վրա և մեծ կաթսայի ջուրը գրեթե եռման հասցնել։ Երբ փոքր կաթսայի ջուրը տաքանա (70-75 °C), նրա մեջ գցել մանր կտրատած Կ., հալվելուց հետո աղ ավելացնել (2-3 թեյի գդալ՝ փոքր կաթսայի 1 լ ջրին) և թեթևակի խառնել։ Այնուհետև կաթսաները կրակից վերցնել, թողնել, որ ջուրն ու կարագը հովանան, որից հետո յուղը ջրի մակերևույթից քաշել և օգտագործել որպես հալած յուղ (տես Յուղ):

ԿԱՐԲՈՆԱԴ, տապակած կամ ջեռեփած խոզի սուկի՝ 0,5 սմ հաստության ճարպաշերտով։ Կ-ի համար օգտագործում են 8-9 ամսական խոզի միսը։ Կ. մատուցում և պահում են բուժենինայի պես։

ԿԱՐԿԱՆԴԱԿ, 1 շիշ մածնին ավելացնել 1 թեյի գդալ սոդա, 1-2 ճաշի գդալ ձեթ, 3 բաժակ ալյուր։ Սեղանի (տախտակի) վրա ցանել 1/2 բաժակ ալյուր, խմորին գլանի ձև տալ, կտրտել, թավալել ալյուրի մեջ, ձեռքով բացել, լցոնել և եզրերն իրար միացնել։ 1/2 շիշ ձեթը տաքացնել խոր կաթսայի մեջ (ձեթի տաքության աստիճանը որոշել, ինչպես նկարագրված է Ֆրիտյուր հոդվածում) և Կ-ները տապակել մինչև կարմրելը։

Կ. կարելի է պատրաստել կարտոֆիլի, մսի, լոբու լցոնով։

ԿԱՐՄՐԱԽԱՅՏ, սաղմոնների ընտանիքի փոքր ձուկ։ Տարածված է Եվրոպայի, Հյուսիսային Աֆրիկայի, Փոքր Ասիայի, Տիգրիս և Եփրատ գետերի ակունքներում, Կովկասի գետերում ևն։ Հայաստանում տարածված է համարյա բոլոր լեռնային վճիտ, սառը գետակներում։ Մաշկը շագանակագույն է՝ սև, կարմիր և դեղնավուն պտերով։ Զանգվածը 200–500 գ է։ Միսը պինդ է և շատ համեղ։

Կ. տապակած. ընտրել հավասար մեծության ձկներ, մաքրել, փորոտիքը հանել, լվանալ, աղ ցանել, թավալել ալյուրի մեջ և երկու կողմից յուղով տապակել մինչև ոսկեգույն կեղևի առաջանալը։

Ձուկը դնել սկուտեղի մեջ, զարդարել մաղադանոսով և կտրտած կիտրոնով։

500 գ ձկանը՝ 3 ճաշի գդալ հալած յուղ, 2 թեյի գդալ ալյուր, աղը, պղպեղը, մաղադանոսը, կիտրոնը՝ ըստ ճաշակի։

Կ. խաշած. մաքրած և փորոտիքը հանած ձուկը լվանալ, աղ ցանել, դնել կաթսայի մեջ, ավելացնել մի քիչ ջուր, կափարիչով ծածկել, դնել մարմանդ կրակին և 15-18 րոպե շոգեխաշել։ Այնուհետև վերցնել կրակից, զգուշությամբ ձուկը փոխադրել սկուտեղի մեջ և զարդարել մաղադանոսով։ Առանձին մատուցել քացախ։

500 գ ձկանը՝ 1/2 բաժակ ջուր, աղը, մաղադանոսը՝ ըստ ճաշակի։

ԿԱՐՄՐԱԿՆ, մանրածածան, ծովային և լճային շատ տարածված ձուկ։

Զանգվածը 30-100 գ (երբեմն՝ մինչև 1,5 կգ) է։ Մարմինը պատած է խոշոր արծաթագույն, հեշտ մաքրվող թեփուկներով։ Միսը սպիտակ է, քիչ ճարպոտ։ Կ. կարելի է տապակել կամ նրանով ձկնապուր պատրաստել։

Հայաստանի ջրավազաններում, գլխավորապես Մեծամոր լճում և Սև ջրում, ապրում է Հայկական Կ. (երբեմն լաստ են անվանում), որն այնքան է տարբերվում նույն տեսակի ձկներից, որ այն առանձնացրել են որպես առանձին ենթատեսակ։ Հայկական Կ. արդյունագործական նշանակություն չունի։

ԿԱՐՏՈՖԻԼ, ըստ սորտի Կ-ի պալարներն ունենում են տարբեր ձև (կլոր, երկարավուն, տակառաձև, ձվաձև) և գույն (սպիտակ, դեղին, մանուշակագույն, կապույտ, վարդագույն, կարմիր)։ Համի և լավ պահպանվելու հատկություններով շատ խոշոր և մանր պալարները զիջում են միջին չափի պալարներին։ Կ. լավ պահպանվում է 3-5 °C ջերմաստիճանում։ Ավելի ցածր ջերմաստիճանում օսլայի մի մասը փոխակերպվում է շաքարի և Կ. քաղցրանում է։ Այդպիսի Կ. օգտագործելուց առաջ պետք է 5-7 օր պահել 18-20 °C ջերմաստիճանում (քաղցրությունն անհետանում է)։ Կ-ի պալարների սննդային արժեքը որոշվում է, ամենից առաջ, նրա մեջ պարունակվող օսլայի քանակով։ Կ-ի պալարները պարունակում են մինչև 17,5 % օսլա, ինչպես նաև շաքար, հանքային աղեր, սպիտակուցներ (սննդային արժեքով Կ-ի սպիտակուցները զիջում են մսի սպիտակուցներին, բայց արժեքավոր են բուսականից)։ Կ. պարունակում է C և B, PP, K խմբերի վիտամիններ։ C վիտամին ավելի քիչ է պարունակում, քան շատ բանջարներ և պտուղներ։ Սակայն հաճախակի և ամբողջ տարին Կ. օգտագործելու դեպքում, օրգանիզմում զգալի չափով լրացվում է C վիտամինի պակասը։ Թարմ Կ-ում պարունակվում է, միջին հաշվով, 25 մգ % վիտամին, բայց պահելիս դրա քանակը զգալիորեն նվազում է, ընդ որում, գլխավորապես պահելու առաջին երկու ամիսների ընթացքում (ձմռանը դրա քանակը մոտ 12 մգ % է, իսկ գարնանը՝ 5-8 մգ %):

Կ-ով կարելի է պատրաստել տարբեր կերակուրներ, խավարտներ (խորտիկների, մսով և ձկով կերակուրների համար)։ Օգտագործելուց առաջ Կ. անհրաժեշտ է խնամքով լվանալ։ Խորհուրդ է տրվում Կ. մաքրել հատուկ բանջարամաքրիչներով կամ կարտոֆիլամաքրիչներով։ Պետք է կեղևել որքան հնարավոր է բարակ շերտով, քանի որ վիտամինները և հանքային աղերը գտնվում են անմիջապես ենթակեղևում։ Մաքրած հում Կ. անհրաժեշտ է անմիջապես օգտագործել կամ ծածկել խոնավ կտորով կամ սրբիչով։ Երբեմն որպեսզի Կ. չսևանա, մաքրելուց հետո լցնում են սառը ջրի մեջ։ Սակայն, խորհուրդ չի տրվում կտրտած Կ. երկար թողնել ջրում, քանի որ տարրալուծվում և կորցնում է իր որակը։

Կ-ի կանաչած և ծլած պալարները կարելի է եփել միայն մաքրած, քանի որ