Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/19

Այս էջը հաստատված է

ծածկույթը զննելուց հետո ներկել թափքի վնասված տեղերը և վերականգնել հատակի պաշտպանական մածիկի շերտը։ Թափքը, այդ թվում և քրոմապատ դետալները, հարկավոր է պատել հատուկ բաղադրանյութերով։ Շարժիչի գլանների մեջ մոմերի համար նախատեսված անցքերի միջով պետք է լցնել 30-35 սմ³ շարժիչի յուղ և մի քանի անգամ պտտել ծնկաձև լիսեռը։ Շարժիչի մեջ խոնավ օդի ներթափանցումից խուսափելու համար կարբյուրատորը և արտածման խողովակը ծածկում են թաղանթով կամ յուղած գործվածքով։ Մեքենան կանգնեցնում են հենարանների վրա, անջատում մեղմիչների վերին ծայրերը, կոթերն ամբողջովին մտցնում իրանների մեջ խոնավությունից պաշտպանելու համար։

Ա-ի ծածկոցը չպետք է հպվի թափքին։ Դրա համար տանիքին դրվում են բեռնացանց կամ հատուկ վրանածածկը, որի կմախքն ամրացվում է Ա-ի ամբարձիկային բներին։

Ավտոզբոսաշրջություն։ Ավտոսիրողների մեծ մասն արձակուրդն անցկացնում է ճանապարհորդություններում։ Երթուղիներ ընտրելիս պետք է հաշվի առնել մեքենա վարելու փորձը, Ա-ի տեխնիկական վիճակը, տարվա եղանակը և ճանապարհածածկույթը։

Առաջին հեռավոր ուղևորությունները ցանկալի է ձեռնարկել ամռանը բարեկարգ մայրուղիներով, որտեղ կան հյուրանոցներ կամ քեմպինգներ, ավտոլցավորման և տեխնիկական սպասարկման կայաններ։ Երթուղու երկարությունը մի ուղղությամբ չպետք է գերազանցի 2000 կմ, իսկ օրական վազքը 500-600 կմ։ Ավելի երկարատև ուղևորությունները հոգնեցուցիչ են, հետևաբար վտանգավոր։

Պետք է հաշվի առնել, որ իրերի և ուղևորների ընդհանուր զանգվածը չպետք է գերազանցի Ա-ի թույլատրելի բեռնունակությունը։ Տանիքին լրացուցիչ բեռնացանց տեղադրելն անցանկալի է, քանի որ այդտեղ դրված իրերն առաջացնում են ուժեղ աերոդինամիկական դիմադրություն, հետևաբար թափքի վերին մասի լրացուցիչ բեռնվածություն, որի հետևանքով բարձրանում է մեքենայի ծանրության կենտրոնը, վատանում կայունությունն ու կառավարելիությունը, ավելանում վառելիքի ծախսը։ Եթե բեռնացանցը խիստ անհրաժեշտ է, բեռները դասավորում և ամուր կապում են այնպես, որ նվազագույնի հասցվի ճակատային հատվածքի մակերեսը։ Պետք է զգուշորեն անցնել շրջադարձերը, կտրուկ չարգելակել և պահպանել այնպիսի արագություն, որը չի առաջացնում շարժիչի գերբեռնվածություն։

Ճանապարհվելուց առաջ խորհուրդ է տրվում ստուգել Ա-ի տեխնիկական վիճակը և վերցնել համապատասխան պահեստամասեր։ Մարդատար Ա-ները բարեկարգ ճանապարհներով առանց դժվարության կարող են անցնել 4000-5000 կմ, հետևաբար պետք է վերցնել միայն հաճախ շարքից դուրս եկող պահեստամասեր (լամպեր, ապահովիչներ ևն)։

Թողարկվող մարդատար Ա-ներում նախատեսված են անվտանգության գոտիներ։ Ճանապարհային երթևեկության կանոնների համաձայն, դրանցից պարտավոր են օգտվել թե՛ վարորդը, թե՛ ուղևորները։

ԱՎՏՈՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐ, տրանսֆորմատորի տարատեսակ, ունի մեկ փաթույթ մեկ կամ մի քանի լարաճյուղով։ «Իջեցնող» Ա-ների մուտքային լարումը (էլեկտրական ցանցի լարումը) տրվում է ամբողջ փաթույթին, իսկ ելքային լարումը (բեռնվածքը) վերցվում է լարաճյուղի և փաթույթի ծայրային արտանցիչներից մեկի միջև ընկած գալարներից։ «Բարձրացնող» Ա-ներում ցանցն ու բեռնվածքը միացվում են համապատասխանաբար փաթույթի մի մասին և ամբողջ փաթույթին։ Պարզագույն չկարգավորվող Ա-ներին հաճախ միացնում են սառնարանները, փոշեծուծները ևն՝ լարումը 127 Վ-ից մինչև 220 Վ բարձրացնելու կամ, հակառակը, իջեցնելու համար։

Ռադիոընդունիչների և հեռուստացույցների սնման համար օգտագործում են ավելի բարդ, կարգավորելի Ա-ներ լարման աստիճանական կամ սահուն փոփոխումով։ Անհրաժեշտ լարման հաստատումը ստուգելու նպատակով կարգավորելի Ա-ները սովորաբար ունենում են վոլտաչափ կամ լարումների սանդղակ կարգավորող բռնակի ցուցիչով։

Ա. օգտագործելիս հարկավոր է հիշել, որ թե ամբողջ փաթույթը, թե նրա մասերը էլեկտրականապես միացած են ցանցին, ուստի Ա-ի հաղորդալարերին ու արտանցիչներին դիպչելը վտանգավոր է։

Չպետք է «ավտոտրանսֆորմատոր» հասկացությունը շփոթել «ավտոմատ տրանսֆորմատոր» ոչ ճիշտ արտահայտության հետ, ինչպես առօրյա գործածության մեջ սխալմամբ անվանում են լարման կայունարարը (տես Կայունարար լարման

ԱՐԳԵԼԱԿԱՅԻՆ ՀԵՂՈՒԿ, նախատեսված է արգելակների հիդրավլիկական շարժաբերի և ավտոմեքենայի կցորդման համակարգերի մեջ լցնելու համար։ Մարդատար ավտոմեքենաների համար նախընտրելի են գլիկոլային Ա.հ-ները, որոնք կարելի է օգտագործել ցանկացած ջերմաստիճանում։

Տարբեր հիմքերով պատրաստված Ա.հ–ները չի կարելի խառնել իրար, քանի որ հեղուկները շերտավորվում են և կորցնում հիմնական հատկությունները։

ԱՐԾԱԹԵ ԻՐԵՐ (մաքրումը), արծաթե և մելքիորե իրերի մաքրման համար թողարկում են հատուկ միջոցներ, որոնք ունեն ոչ միայն մաքրող, այլև ողորկող հատկություններ։ Դրանց բաղադրության մեջ մտնում են փափուկ հղկանյութեր (կավիճ, դիատոմիտ), մոմ, ամոնիակ, բենզին և այլ նյութեր։ Մաքրող միջոցը լցնում են փափուկ լաթի (մահուդե կամ ֆլանելի) վրա և մաքրում կեղտոտված մակերևույթը, որից հետո իրը լվանում են ջրով և փայլեցնում փափուկ լաթով։ Ճաշի սպասքը և խոշոր իրերը նույնպես մաքրում են այդ եղանակով, իսկ մանրերը 1-2 րոպեով ընկղմում են մաքրող հեղուկի մեջ, այնուհետև լվանում ջրով և փայլեցնում փափուկ լաթով։

Քերծվածքների առաջացումից և ոսկու շերտի մաշումից խուսափելու նպատակով արծաթե և մելքիորե ոսկեզօծ իրերը խորհուրդ չի տրվում մաքրել կոշտ հղկանյութեր (օրինակ, պեմզա) պարունակող միջոցներով։

Ա. ի. թարմացնելու համար լվանում են գոլ օճառաջրով (50 գ օճառ 1 լիտր ջրում), կամ անուշադրի սպիրտի լուծույթով (1 թեյի գդալ 1 լիտր ջրում), որից հետո մաքրաջրում և չորացնում փափուկ լաթով։ Խոնավությունից առաջացած բծերը խորհուրդ է տրվում մաքրել 8 %-անոց գոլ քացախով թրջած լաթով, այնուհետև լվանալ ջրով։ Ա. ի. կարելի է մաքրել նաև անուշադրի սպիրտի հետ խառնած կավիճով, որից հետո լավ լվանալ ջրով և չորացնել։