Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/22

Այս էջը հաստատված է

Պալարավոր Բ-ներին (բոլիվիական, Մարթա, թափվող, բազմածաղիկ) բնորոշ են գեղեցիկ, խոշոր, պարզ, բազմաթերթ ծաղիկները։ Ամռանը բույսն անհրաժեշտ է առատ ջրել և սնուցել օրգանական և հանքային պարարտանյութերով։ Աշնանը, երբ տերևներն սկսում են չորանալ և թափվել, Բ. պետք է դնել չոր, զով տեղ, իսկ ձմռանը չջրել։

Բ. բազմացվում է սերմերով, կտրոններով և պալարներով։ Մարտ ամսին պալարները պետք է տնկել կիսով չափ թաղելով ավազի մեջ, շիվերն աճելուց հետո դրանք կարելի է հանել, օգտագործել որպես կտրոն, իսկ պալարները մասնատել (այնպես, որ յուրաքանչյուրի վրա մնա 1 աչք)։ Կտրված մակերևույթներին հարկավոր է ցանել փայտածխի փոշի, թառամեցնել 1 օր, այնուհետև պալարը տնկել թաղարի մեջ հողով ծածկելով միայն ստորին մասը։ Երբ շիվը հասնի 5-7 սմ-ի, պետք է հողով ծածկել նաև մնացած մասը։ Բ-ի որոշ տեսակներ (բաղեղանման, բազմատերև, մերկ, կապտատերև) կարելի է մշակել ինչպես կանթեղային բույսերը: Ձմռանը խորհուրդ է տրվում աճեցնել արտակարգ գեղեցիկ ծաղկող Գլուար դե Լորեն տեսակը։

Բ-ների նշված տեսակներն աճեցվում են նաև Հայաստանում։


ԲԵՆԶԻՆ, նավթի վերամշակման արգասիք։ Բնորոշ հոտով, թափանցիկ, դյուրավառ հեղուկ է։ Մաքուր Բ. հաճախ օգտագործում են ճարպաբծերի, յուղաներկերի, ստեարինի, պարաֆինի, մոմի հետքերի հեռացման (տես Կեղտաբծերի հանում), ինչպես նաև հրահանների լցավորման համար։

Բ. հարկավոր է պահել ապակե լավ փակվող ամանում (ռետինե խցանը պիտանի չէ), կրակից, էլեկտրավառարաններից և ջեռուցիչ այլ սարքերից հեռու։ Բ-ից օգտվելիս արգելվում է մոտակայքում կրակ վառել։ Բռնկված Բ. չի կարելի հանգցնել ջրով, այն պետք է ծածկել հաստ կտորով։ Բ-ի գոլորշիներ պարունակող սենյակում տևականորեն գտնվելը վնասակար է մարդու համար, ուստի Բ. գործածելուց հետո անհրաժեշտ է սենյակը լավ օդափոխել։

Տես նաև Ավտոմեքենա:


ԲՆԱԿԱՐԱՆԻ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ, բնակարանի հատակագիծը, սենյակների թիվը, չափերը, համամասնությունը, դռների ու լուսամուտների դիրքը և ձևը, որպես ինտերիերի ձևավորման հիմք, կարևոր նշանակություն ունեն Բ. կ-ման համար։ Բնակարանը կահավորելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև ընտանիքի անդամների նիստուկացը, ճաշակը և սովորությունները։

Կահավորանքի և, առաջին հերթին, կահույքի, ընտրությունն ու տեղաբաշխումը ինտերիերի ձևավորման կարևոր տարրերից են։ Կահավորանքի յուրաքանչյուր իր պետք է ունենա որոշակի դեր և առավելագույնս համապատասխանի դրան կառուցվածքով, դասավորությամբ և շահագործական հատկություններով։ Խորհուրդ չի տրվում բնակարանը ծանրաբեռնել կահույքով։ Մեծածավալ, բարձր կահույքը, որպես կանոն, հարմար չի ժամանակակից տիպային բնակարանների համար։ Փոքր բնակարաններում շատ հարմար է ձևափոխվող կահույքը ծալովի սեղաններն ու աթոռները, սեկրետերները, բազմոց-մահճակալները և ներկառուցված կահույքը:

Կահավորանքի տարրերը պետք է խմբավորել ըստ իրենց նշանակության՝ օգտագործելով բնակարանի տարածքը գոտիների բաժանելու սկզբունքը։ Օրինակ, ցանկալի է իրար մոտ դասավորել բազմոցը, բազկաթոռը, լրագրասեղանը (հանգստի անկյուն ստեղծելու համար), գրասեղանն ու աթոռը նպատակահարմար է դնել գրապահարանի կամ աշխատանքային պահարանի մոտ։ Ընդհանուր սենյակում ճաշասեղանն ու աթոռները խորհուրդ է տրվում դնել մուտքից ոչ հեռու՝ խոհանոցի մոտ։ Կահույքը պետք է տեղադրել այնպես, որ հարմար լինի առանձին տարրերին մոտենալը և դրանցից օգտվելը։ Ճաշասեղանի հեռավորությունը պատից պետք է լինի առնվազն 75 սմ, բազմոցի (բազկաթոռի) և լրագրասեղանի միջև հեռավորությունը՝ 30 սմ։

Կահույքը տեղադրելուց առաջ կարելի է գծել սենյակի հատակագիծը, պատրաստել կահավորանքի բոլոր առարկաների գծագրերը որոշակի մասշտաբով (առավել հարմարը 1:50 մասշտաբն է), այնուհետև, տեղաշարժելով դրանք, հատակագծի վրա ընտրել դասավորության առավել հարմար տարբերակը։

Պարտադիր չէ, որ բնակարանի կամ սենյակների կահավորանքի բոլոր առարկաները լինեն միևնույն լրակազմից, սակայն դրանք պետք է համապատասխանեն միմյանց չափերով, բնույթով և հարդարանքով։ Բնակարանի բոլոր իրերը՝ կահույքը, գործվածքները, լուսամփոփները, գորգերը, դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործությունները ևն պետք է ներդաշնակեն գույնով, չափերով, զարդանախշերի բնույթով։ Ինտերիերն ամբողջական դարձնելու համար պետք է ընտրել նույն փայտատեսակից պատրաստված կամ միատեսակ ձևավորմամբ կահույքի առարկաներ։ Կարելի է նաև փափուկ կահույքի երեսքաշի և վարագույրի գույները համապատասխանեցնել (տես Զարդագեղ գործվածքներ): Ինտերիերի կարևոր տարրերից է հատակի գորգածածկույթը, հատկապես ննջասենյակում և մանկական սենյակում։ Բ. կ-ման գործում շատ կարևոր նշանակություն ունեն գույները, որոնց ընտրության ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել սենյակների կողմնորոշումը, չափերը ևն (տես Բնակարանի հարդարում)։ Օրինակ, եթե կահույքը երեսպատված է ցայտուն նախշեր ունեցող գործվածքով, ապա պատերի համար խորհուրդ է տրվում օգտագործել միագույն կամ մանր ցանցանախշով պաստառ։ Խոշոր, արտահայտիչ նախշերով պաստառին սազում է միագույն, առանց նախշերի վարագույր։

Լուսամփոփների ձևը, քանակը, տեղը նույնպես պետք է համապատասխանեն ինտերիերին (տես Լուսավորություն): Բնակարանի հարմարավետ, ակնահաճո և գեղեցիկ ինտերիեր ստեղծելը հնարավոր չէ առանց դեկորատիվ-կիրառական արվեստի գործերի։ Խեցեղեն և ապակե գեղազարդման ամանեղենը, գոբելենները, մետաղե առարկաները լրացնում և ավարտուն տեսք են տալիս բնակարանի կահավորանքին։ Մանկական սենյակում կարելի է փակցնել գեղեցիկ պլակատներ, աշխարհագրական քարտեզներ, երեխաների ձեռքով արված նկարներ, ինչպես նաև մեծ լուսանկարներ։ Նկարներում բերված են Բ. կ-ման մի քանի տիպային օրինակներ։

Մեկ սենյականոց բնակարանում (նկ. 1) ապրում է երկու անձից բաղկացած ընտանիք (օրինակ, ամուսնական զույգ)։ Սենյակը հստակորեն բաժանված է ննջարանային և հանգստի գոտիների։ Ննջարանային գոտին գտնվում է մահճախորշում, որը կարելի է սենյակի մնացած մասից մեկուսացնել վարագույրով, շարժամիջնորմով կամ ծալովի փեղկամիջնորմով: