հաճախ 2-3 օր է, որովայնային տիֆինը՝ 7-25, հաճախ 14-15 օր, պարատիֆերինը՝ 2-15, հաճախ 6-8 օր, սալմոնելոզներինը՝ 6 ժամից մինչև 3 օր, հաճախ 1 օր։
Ա. վ. հ-ի կլինիկական դրսևորումները բազմազան են։ Դիզենտերիան սկսվում է ախորժակի կորստով, գլխացավերով, ընդհանուր թուլությամբ, մկանների և որովայնի ցավերով, մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ (սովորաբար 38 °C–ից ոչ բարձր)։ Հիմնական ախտանշաններն են. հաճախակի հեղուկ կղանքը լորձի և արյան խառնուրդով, ցավոտ նքոցները։ Հիվանդությունը կարող է ընթանալ թեթև ձևով՝ դրսևորվելով միայն արագ դադարող լուծով։ Այսպիսի դեպքերում ախտորոշմանը նպաստում է արյան բակտերիաբանական քննությունը։ Չբուժված դիզենտերիան կարող է անցնել քրոնիկական ձևի. ուստի հիվանդության առաջին նշաններն ի հայտ գալուն պես անհապաղ պետք է դիմել բժշկի։ Հիվանդներին սովորաբար հոսպիտալացնում են, սակայն թեթև ձևի ժամանակ և տնային բարենպաստ պայմանների առկայության, տանը մսուր-մանկապարտեզ հաճախող երեխաներ, ինչպես նաև սննդի և դրանց հավասարազոր հիմնարկներում աշխատողներ չլինելու դեպքում, բուժումը թույլատրվում է տանը։ Տանը բուժելիս հիվանդին անհրաժեշտ է մեկուսացնել առանձնացնել նրա ամանեղենը, սպիտակեղենը, հարդարանքի առարկաները։ Հիվանդը պետք է օգտվի պետքանոթից, որը հարկավոր է լվանալ տաք ջրով կամ 30 րոպե ընկղմել քլորամինի 1 %-անոց լուծույթում։ Կեղտոտ սպիտակեղենն անհրաժեշտ է 15 րոպե եռացնել լվացքի փոշու 2 %-անոց լուծույթում, ամանեղենը, ջնջոցները՝ սոդայի 2 %-անոց լուծույթում։ Ջեռակները, մոմլաթները և հիվանդի խնամքի այլ առարկաները, ինչպես նաև խաղալիքները հարկավոր է լվանալ սոդայի տաք լուծույթով 15 րոպե կամ ընկղմել քլորամինի 0,5 %-անոց լուծույթի մեջ։ Սենյակի հատակը պետք է լվանալ օրական 2 անգամ տաք ջրով, օճառով կամ լվացքի փոշիով։ Զուգարանը լվանալու համար օգտագործում են քլորամինի 1 %-անոց լուծույթ։ Հիվանդին խնամողը պետք է ձեռքերը խնամքով լվանա օճառով։ Օգտագործում են ճանճերի մուտքն արգելող միջոցներ։ Հիվանդին կերակրում են հաճախ և քիչ, անհրաժեշտ է սննդի օրաբաժնից բացառել կաղամբը, կաթը, մսի և ձկան խիտ արգանակը, յուղալի, տապակած և սուր ճաշատեսակները։ Սնունդը պետք է լինի կիսահեղուկ (տրորած բրնձի կամ հնդկացորենի շիլա, սպիտակաձավարի շիլա, տրորած կաթնաշոռ, մածուն, լորձային ապուրներ)։ Սննդակարգը պետք է պահպանել 2 ամսից ոչ պակաս, այն կարելի է փոխել միայն բժշկի թույլտվությամբ։
Որովայնային տիֆի ժամանակ մարմնի ջերմաստիճանն աստիճանաբար բարձրանում է՝ մի քանի օրում հասնելով 39-40 °C–ի։ Լինում են գլխացավեր, փորկապություն, լուծ, կարող են առաջանալ գիտակցության խանգարումներ։ Հիվանդության 8-10-րդ օրը ցան է առաջանում։ Կարող են ի հայտ գալ ծանր բարդություններ։ Համանման, բայց ավելի թեթև ընթացք ունեն պարատիֆերը: Որովայնային տիֆով հիվանդացածները հիվանդանոցից դուրս գրվելուց հետո 2-3 ամիս պետք է հետևեն սննդակարգին՝ բացառելով յուղալի, տապակած և սուր ճաշատեսակները։ Խորհուրդ է տրվում սպիտակուցներով և վիտամիններով հարուստ դյուրամարս սնունդ (ոչ ճարպոտ ձկան և մսի շոգեխաշած ճաշատեսակներ, կաթնաշոռ, մածուն, բանջարեղեն, մրգեր)։
Ա. վ. հ-ով հիվանդացածները ենթակա են դիսպանսերային հսկողության։ Հիվանդությունների կանխարգելման համար անհրաժեշտ է կիրառել անձնական հիգիենայի, սննդամթերքի պատրաստման և պահպանման կանոնները, մանրակրկիտ լվանալ մրգերն ու բանջարեղենը, ջրամբարներից վերցրած ջուրը խմելուց առաջ եռացնել։
Տես նաև Դեղնախտ, Սննդային թունավորումներ, Հակահամաճարակային միջոցառումներ:
ԱՅՐՈՑ, տհաճ զգացում կերակրափողում. առավել արտահայտված է ստորին բաժնում։ Առաջանում է ստամոքսի թթու պարունակությունը կերակրափող ընկնելիս։ Նշանակություն ունեն նաև վերջինիս լորձաթաղանթի զգայունության բարձրացումը, ստամոքսի գործունեության խանգարումները և այլ գործոններ։ Հաճախ նկատվում է ստամոքսահյութի թթվայնության բարձրացման, երբեմն էլ ստամոքսահյութում աղաթթվի քչացման և նույնիսկ բացակայության դեպքերում։ Հանդիպում է ստամոքսի տարբեր հիվանդությունների (խոցային հիվանդություն, ստամոքսաբորբ), լեղապարկի բորբոքման, ստոծանու ճողվածքի, որոշ սննդամթերքի հանդեպ օրգանիզմի անհանդուրժողականության ժամանակ։
Բուժումը. հիմնական հիվանդության վերացում։ Հարկավոր է իմանալ, որ Ա. վերացնելու նպատակով ալկալիական նյութերի անկանոն օգտագործումը վնասակար է, դրանք պետք է օգտագործել միայն բժշկի նշանակմամբ։ Սննդի օրաբաժնից հարկավոր է բացառել սուր, տապակած ճաշատեսակները։
ԱՅՐՎԱԾՔ, հյուսվածքների վնասումը բարճր ջերմաստիճանի, քիմիական նյութերի, էլեկտրական հոսանքի և ռադիոակտիվ ճառագայթման ազդեցությամբ։ Տարբերում են համապատասխանաբար ջերմային, քիմիական, էլեկտրական և ճառագայթային Ա-ներ։ Կենցաղում առավել հաճախ հանդիպում են ջերմային այրվածքները (եռացրած ջրով, տաքացնող սարքերին դիպչելիս և այլն)։
Ըստ խորության Ա-ները բաժանվում են չորս աստիճանի։ Առաջին աստիճանի դեպքում մաշկը կարմրում է, այտուցվում, դառնում ցավոտ։ Եթե մաշկի վրա, այրվածքի հատվածում, ուրիշ վնասվածքներ չկան, անհրաժեշտ է այրված մաշկը լվանալ մաքուր, սառը ջրի շիթով, այնուհետև թրջել սպիրտով, օղիով, օդեկոլոնով կամ կալիումի գերմանգանատի թույլ (բաց վարդագույն) լուծույթով և դնել մանրէազերծ չոր վիրակապ։
Երկրորդ աստիճանի Ա-ի դեպքում մաշկի վրա առաջանում են թափանցիկ հեղուկով լցված բշտիկներ, որոնց մի մասը պայթելով մերկացնում է մաշկը։ Վերնամաշկից զուրկ հյուսվածքները կարող են ընդհանուր վարակման (սեպսիս) պատճառ դառնալ։ Այսպիսի դեպքերում անհրաժեշտ է դիմել բժշկի, իսկ մինչ այդ հարկավոր է վնասված հատվածը կապել կամ ուղղակի ծածկել մանրէազերծ վիրակապով։ Ավելի նպատակահարմար է օգտվել անհատական վիրակապական փաթեթից։ Չի կարելի բշտիկները ծակել և որևէ քսուք դնել, առավել ևս օգտագործել տնային միջոցներ։ Դա նպաստում է վերքի կեղտոտմանը և բարդացնում հետագա բուժման ընթացքը։