ժամանակ հարկավոր է հաշվի առնել հիվանդության կամ վնասվածքի բնույթը և հիվանդի (տուժածի) վիճակը։
Վիրավորումների ժամանակ առաջին օգնության նպատակն ամենից առաջ վերքից արյունահոսության դադարեցումն է՝ ճնշող վիրակապով, արյան անոթը մատներով սեղմելով կամ (ուժեղ արյունահոսության ժամանակ) վնասված հատվածից վեր ժամանակավոր ձիգ լարան (ժգուտ) դնելով։ Վերքի վրա հարկավոր է դնել վիրակապ, բամբակեթանզիֆե բարձիկներ, գլխաշոր կամ մաքուր գործվածքի լաթեր։ Այնուհետև տուժածին պետք է անհապաղ հասցնել մոտակա բուժհիմնարկություն՝ վերքի վիրաբուժական մշակման, կարեր դնելու, հակակատաղության և հակափայտացման պատվաստումներ կատարելու համար։ Եթե վնասվածքը (գերձգվածությունը, հոդակապանների պատռվածքը, հոդախախտումը) չի ուղեկցվել ոսկրերի կոտրվածքով, կարելի է բավարարվել վնասված վերջույթը ձիգ «ութաձև կապով» անշարժացնելով։ Բեկակալը դնելուց հետո տուժածին անհրաժեշտ է հասցնել վնասվածքաբանական կետ կամ այլ բուժհիմնարկություն՝ ռենտգենաբանական հետազոտության և բուժօգնություն ցույց տալու համար։ Քիմիական այրվածքի և ցրտահարության ժամանակ վնասված մակերևույթին վիրակապ դնելուց առաջ հարկավոր է մաշկը լվանալ ջրածնի գերօքսիդով, եռացրած մաքուր ջրով, ջերմային այրվածքի ժամանակ դնել սպիրտով (օղիով) թրջած վիրակապ։ Աչքի մեջ ծեղ ընկնելիս, առավել ևս աչքի վնասվածքի ժամանակ վարակի թափանցումը կանխելու նպատակով, չի կարելի կեղտոտ ձեռքերով կամ թաշկինակով տրորել աչքը (տես Տեսողություն):
Գիտակցության հանկարծակի կորստի ժամանակ հիվանդին պետք է պառկեցնել կողքի կամ մեջքի վրա, գլուխը թեքել կողքի (փսխման զանգվածը շնչուղիներ չընկնելու և շնչահեղձությունը կանխելու նպատակով), ազատել սեղմող հագուստից, բացել լուսամուտը։ Որովայնի խոռոչի օրգանների ուժեղ ցավերով ուղեկցվող սուր հիվանդությունների ժամանակ պետք է ապահովել հիվանդի հանգիստը, փորին դնել սառույցով կամ սառը ջրով պարկիկ։ Չի կարելի կատարել ստամոքսի լվացում և ընդունել լուծողական դեղամիջոցներ (տես Որդանման ելունի բորբոքում)։ Տնային պայմաններում, մեքենայում, զբոսաշրջային արշավների ժամանակ, անհետաձգելի բուժօգնություն ցույց տալու նպատակով անհրաժեշտ է ունենալ առաջին օգնության դեղարկղ (տես Դեղարկղ), որը, ընտանիքի անդամների, արշավի մասնակիցների հիվանդություններին համապատասխան, պետք է պարունակի անհատականորեն ընտրած դեղամիջոցներ։
Անհրաժեշտության դեպքում առաջին օգնությունն ընդգրկում է օրգանիզմի վերակենդանացման պարզագույն միջոցառումներ։ Հայտնի է, որ մարդու մահվան պահից հետո նրա օրգանիզմի տարբեր օրգաններն ու հյուսվածքները մահանում են ոչ միանգամից, այլ աստիճանաբար, դրա համար էլ նրանց ֆունկցիաները, ներառյալ հիմնական կենսականները (արյան շրջանառություն և շնչառություն), առանձին դեպքերում հաջողվում է վերականգնել։ Վերակենդանացումը հնարավոր է կլինիկական մահվան վրա հասնելուց հետո կարճ ժամանակամիջոցում, այսինքն արյան շրջանառության և շնչառության դադարումից հետո՝ սովորաբար 4-6 րոպեի ընթացքում։ Ավելի ուշ վրա է հասնում կենսաբանական մահը, և վերակենդանացման հավանականությունը խիստ փոքրանում է, իսկ կյանքի լիարժեք վերականգնումը, ներառյալ հոգեկան գործունեությունը, գործնականորեն անհնար է (բացառությամբ ցրտահարվածների և սառը ջրում ջրահեղձվածների)։
Կլինիկական մահը կարող է առաջանալ նաև վնասվածքների, թունավորումների, ցրտահարության և ջերմահարության, ինչպես նաև շնչահեղձության, կոկորդի այտուցի, շնչուղիներում օտար մարմիններ ընկնելու, էլեկտրահարության ժամանակ շնչառության դադարի հետևանքով։ Կլինիկական մահը կարող է նաև հանկարծահաս հիվանդությունների (սրտամկանի ինֆարկտ, գլխուղեղի արյան շրջանառության խանգարում և այլն) հետևանք լինել։ Շնչառության և սրտի գործունեության բացակայության փաստը ստուգելուն օգնում է հիվանդի «անկենդան» կեցվածքը՝ գլխի, մարմնի, ոտքերի, ձեռքերի՝ կենդանի մարդուն ոչ բնորոշ դիրքը։ Կրծքավանդակի շնչառական շարժումները բացակայում են, դեմքի և պարանոցի մաշկը սովորաբար գունատ է կամ կապտած, բիբերը լայնացած, նույնիսկ քնային զարկերակների զարկը չի շոշափվում, սրտխփոցը (ականջը կրծքավանդակին հպելիս) չի լսվում։ Տուժածի վիճակը և ականատեսների ցուցմունքները սովորաբար վկայում են դժբախտ պատահարի կամ հանկարծակի նոպայի մասին։ Այդպիսի դեպքերում, չսպասելով ախտորոշման ճշտմանը, հարկավոր է սկսել անհետաձգելի օգնություն։
Շնչառությունը վերականգնելու համար սկզբում պետք է տուժածի մարմինն ազատել ճնշող հագուստից (փողկապ, օձիք, գոտի, նեղ շրջազգեստ և այլն) և ապահովել վերին շնչուղիների անցանելիությունը, որպեսզի օդն ազատ մուտք գործի թոքեր։ Բերանի խոռոչից և լեզվի արմատից պետք է հեռացնել շնչառության համար մեխանիկական արգելք հանդիսացող լորձը, սննդի կտորտանքները, արյան մակարդուկները, ատամների պրոթեզները և այլն։ Դեռ վերջերս լայնորեն կիրառում էին արհեստական շնչառության մեթոդները (ըստ Սիլվեստրի, Շեֆերի և Հովարդի)՝ կապված ձեռքերի, ուսագոտու և կրծքավանդակի մկանների (շնչառական մկանունք) պասսիվ շարժումների հետ։ Սակայն այդպիսի մեթոդների դեպքում արհեստական շնչառման ժամանակ թոքեր է մուտք գործում միայն 300 սմ³ օդ, իսկ վերակենդանացման ժամանակ լիարժեք օդափոխության համար հարկավոր է 800 սմ³ –ից ոչ պակաս (առողջ մարդը հանգիստ շնչառության ժամանակ շնչառում է 600-700 սմ³)։ Դրա համար էլ արհեստական շնչառությունը (թոքերի արհեստական օդափոխությունը) բժշկական գործիքների և սարքերի բացակայությամբ կատարվում է «բերան-բերանի» և «բերան-քթի» մեթոդներով։ Տուժածի շնչուղիները ներփչած օդը լրիվ պիտանի է վերակենդանացման համար, քանի որ պարունակում է 16 % թթվածին (մթնոլորտի 21 %-ի դեպքում)։ Տուժածի գլուխը հարկավոր է առավելագույն չափով հետ թեքել, կզակը վեր բարձրացնել և ստորին ծնոտն առաջ շարժել, որպեսզի ներփչած օդը մուտք գործի ոչ թե ստամոքս, այլ թոքեր։ Այդ նպատակով տուժածի ուսերի տակ հարկավոր է հարմար ձևով դնել բարձ կամ մութաքայի նման ծալած հագուստ։ Օգնություն ցույց տվողը գտնվում է տուժածի կողքին։ Նա մի ձեռքով սեղմում է տուժածի քիթը, մյուսով, թեթևակի սեղմելով կզակը, բացում է բերանը (բաց բերանը ցանկալի է ծածկել թանզիֆով կամ վիրակապով),