որից հետո խորը շնչառում է, ապա շրթունքները կիպ կպցնում է տուժածի բաց բերանին և եռանդուն կերպով արտաշնչում, այնուհետև դեմքը թեքում կողքի՝ սպասելով տուժածի «արտաշնչմանը», որը տեղի է ունենում պասսիվ թոքերի և կրծքավանդակի առաձգականության հաշվին։ «Բերան-քթի» մեթոդի ժամանակ, համապատասխանաբար, տուժածի բերանը փակում են ափով կամ ներքևի շրթունքը մատներով վերևինին սեղմելով։ Պահանջվում է եռանդուն ներփչումների ռիթմիկ կրկնություն 1 րոպեում 12-15 անգամ։ Սկզբում յուրաքանչյուր արհեստական «շնչառման» ժամանակ օդը հեշտությամբ է ներփչվում, բայց տուժածի թոքերում օդի լցման և թոքերի ձգման չափից կախված, դիմադրությունն աճում է։ Արհեստական շնչառության արդյունավետ կատարման դեպքում «շնչառման» (օդի ներփչման) ժամանակ լավ երևում է տուժածի կրծքավանդակի լայնանալը։ Շնչառության վերականգնման այս ձևերը հաճախ զուգակցվում են սրտի անուղղակի (արտաքին) մերսման հետ։
Անուղղակի (առանց կրծքավանդակը բացելու) մերսումը կատարում են սրտի աշխատանքը լրիվ դադարելու և նրա կծկումների ռիթմի հոգեվարքային խանգարումների դեպքում։ Սակայն սրտի տոները լսելու հմտության բացակայության դեպքում, ժամանակ չկորցնելով, հարկավոր է սկսել սրտի անուղղակի մերսումը արհեստական շնչառության կիրառման բոլոր դեպքերում։ Թոքերի արհեստական օդափոխությունը լրիվ չափով բավարարում է արյան թթվածնով հագեցումը, դրա համար սրտի մերսման խնդիրն է օրգանիզմում արյան շարժման ապահովումը, մարդու կենսական կարևոր օրգանները թթվածնով մատակարարելը և սրտի ինքնուրույն գործունեության և շնչառության վերականգնումը։
Սրտի անուղղակի մերսումը կատարվում է այսպես. օգնություն ցույց տվողը, ափով սեղմելով տուժածի կրծոսկրը, ճնշում է կանգ առնող սիրտը (կրծոսկրի և ողնաշարի միջև) և փոքրացնում նրա ծավալը, որի հետևանքով արյունը մղվում է աորտայի և թոքային զարկերակի մեջ։ Սեղմումն ընդհատելիս կրծքավանդակն ուղղվում է, սրտի ծավալը վերականգնվում և այն նորից լցվում է անոթներից եկող արյունով։ Այսպիսով կատարվում է սրտի արհեստական կծկում, ապահովվում նրա աշխատանքը, որպես պոմպի, և արհեստական շրջանառությունը։
Տուժածը պետք է պառկի մեջքի վրա, կոշտ հենամասի վրա (հատակ, հող, մահճակալ, որի տակ տուժածի թիակների մակարդակին դրվում է աթոռ)։ Ձեռքերով (մի ձեռքը դնում են մյուսի վրա ափային մակերևույթով դեպի ներքև) կրծոսկրի վրա կտրուկ և ուժեղ սեղմելով (դրա համար, եթե հիվանդը պառկած է հատակին, օգնողը պետք է ծունկի իջնի, եթե բարձր մահճակալի վրա է, պետք է կանգնի որևէ պատվանդանի վրա) օգնություն ցույց տվողը մի քանի սանտիմետր տեղաշարժում է կրծոսկրը, սեղմում կրծքավանդակը և ապահովում սրտի ճնշումը կրծոսկրի և ողնաշարի միջև։ Սեղմումը (հրումը) պետք է կրկնվի 1 րոպեում 50-60 անգամ։ Ռիթմիկ, հաճախակի սեղմման և թուլացման իրար հաջորդումը, զուգակցված «բերան-բերանի» օդի ներփչման հետ 1 անգամ 45 վայրկյանում (այսինքն կատարվում է 1 «շնչառում» կրծքավանդակի 5 սեղմման դիմաց, կամ 2 խոր «շնչառում» 10-12 սեղմման դիմաց), հաճախ տալիս է անհրաժեշտ արդյունք, որի մասին են վկայում բբերի փոքրացումը, քնային զարկերակի վրա անոթազարկի ի հայտ գալը, մաշկի կապտության աստիճանաբար անհետացումը։ Հարկավոր է վերակենդանացման միջոցառումներն անցկացնել մինչև արյան ինքնուրույն շրջանառությունն ապահովող ինքնուրույն շնչառության և սրտի կծկումների ի հայտ գալը։ Քանի որ սրտի անուղղակի մերսում և արհեստական շնչառություն կատարելը պահանջում է ֆիզիկական և հոգեկան լարում, նպատակահարմար է, որ այն հերթականությամբ կատարեն 3 մարդ։ Թոքերի պատռվածքից խուսափելու համար չի կարելի օդի ներփչումը և կրծոսկրի սեղմումը կատարել միաժամանակ։ Տարեցների կողերի կոտրվածքների հավանականությունն ավելի մեծ է (ոսկրերի փխրունության պատճառով) քան երիտասարդներինը, դրա համար սեղմելիս պետք է զգույշ լինել։
Հարկավոր է հիշել, որ արյան արհեստական շրջանառության և արհեստական շնչառության ապահովումը, եթե նույնիսկ չհանգեցնի ինքնուրույն շնչառության ու սրտի կծկումների վերականգնման, երկարաձգում է կլինիկական մահվան վիճակը և հետաձգում մահը, որը կարող է որոշիչ նշանակություն ունենալ շտապ օգնության բրիգադի արդյունավետ գործողությունների համար։
ԱՍԿԱՐԻԴՈԶ, տես Որդեր:
ԱՎԻՏԱՄԻՆՈԶ, վիտամինային անբավարարության տարատեսակ, որն առաջանում է համապատասխան վիտամիններ չպարունակող, որակապես ոչ լիարժեք սննդի երկարատև ընդունումից։ Տես նաև Վիտամիններ:
ԱՏԱՄՆԵՐ, մարդու առողջության համար ատամների վիճակն ունի շատ կարևոր նշանակություն։ Եթե ատամներն առողջ չեն կամ բացակայում են, ապա սնունդը լավ չի ծամվում, սննդարար նյութերի մի մասը չի յուրացվում, որը հաճախ հանգեցնում է մարսողության օրգանների տարբեր հիվանդությունների առաջացման։ Ատամների բացակայությունից խանգարվում է առոգանությունը, խոսքը դառնում է ոչ պարզահունչ, սվսվան։ Այն անդրադառնում է նաև մարդու արտաքին տեսքի վրա (շրթունքները և այտերը փոս են ընկնում)։ Ատամների պահպանմանը նպաստում են մշտական խնամքը, ժամանակին բուժումը։
Չափահաս մարդն ունի 32 մնայուն ատամ, որոնք տեղադրված են վերին և ստորին ծնոտների վրա՝ առաջացնելով, այսպես կոչված, աղեղներ կամ շարքեր։ Յուրաքանչյուր շարքում կա 16 ատամ. 4 կտրիչ, 2 ժանիք, 4 փոքր և 6 մեծ աղորիքներ (սեղանատամներ), որոնք տարբերվում են ձևով և արմատների թվով։ Ատամները, վերին և ստորին շարքերն իրար կպցնելիս, միանում են որոշակի փոխհարաբերությամբ, որը կոչվում է ատամնակծվածք կամ կծվածք։ Վերին ծնոտի առջևի ատամները ստորինի առջևիններից մի քիչ առաջ են ցցված ծածկելով դրանց 1,5-2 մմ։