Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/255

Այս էջը հաստատված է

նրա հանգիստը և որքան հնարավոր է արագ հրավիրել բժիշկ կամ հիվանդին հասցնել հիվանդանոց։ Ներքին Ա-յան ժամանակ արյունը, դատարկ օրգանի լուսանցքը լցվելով, բնական անցքերով դուրս է հոսում՝ արյունային փսխման, արգանդային Ա-յան և այլ ձևերով։

Արյունային փսխումը լինում է ստամոքսային (կամ կերակրափողային) Ա-յան ժամանակ (օրինակ, ստամոքսի խոցի դեպքում)։ Մինչև բժշկի գալը հիվանդին պետք է պառկեցնել, ապահովել լրիվ հանգիստը, ուտելիք և հեղուկ չտալ։ Սրտագդալի շրջանում դնել սառույցով կամ սառը ջրով պարկիկ։

Արյունախխումը հազի ժամանակ շնչուղիներից արյան արտադրությունն է։ Մինչև բժշկի գալը հարկավոր է հիվանդին կիսանստած դիրք տալ, արգելել խոսել և տաք հեղուկ խմել։ Ծարավի դեպքում փոքր ումպերով տալ սառը աղաջուր (1 բաժակ ջրին 1 ճաշի գդալ կերակրի աղ), ապահովել լրիվ հանգիստը։

Արգանդային արյունահոսությունը նկատվում է կանանց սեռական օրգանների մի շարք հիվանդությունների ժամանակ։ Առատ Ա-յան ժամանակ հարկավոր է հիվանդին անհապաղ հոսպիտալացնել։ Մինչև բժշկի գալը հիվանդին պառկեցնել, որովայնին դնել սառցապարկիկ։

ԲԱԺԱԿՆԵՐ բժշկական, կիրառում են գլխավորապես կրծքավանդակի շրջանի օրգանների (բրոնխներ, թոքեր, թոքամիզ) բորբոքային պրոցեսների, ինչպես նաև մկանաբորբի, նյարդաբորբի, նյարդացավերի դեպքում։ Բ-ի ներգործության շնորհիվ ուժեղանում է արյան և ավշի շրջանառությունը, բարելավվում է հյուսվածքների սնուցումը, բարձրանում է օրգանիզմի դիմադրողականությունը, ավելի արագ են ներծծվում բորբոքային օջախները։ Բ. կարելի է կիրառել միայն բժշկի նշանակմամբ։ Բ. դրվում են կրծքին ազատ թողնելով սրտի շրջանը, մեջքին (թիակների տակ և դրանց միջև), գոտկատեղին։ Բ. չի կարելի դնել անառողջ (օրինակ, ցան, թարախային բշտիկներ) և վնասված մաշկի վրա։

Պարուրակով մետաղե ձողիկի կամ ունելիի վրա հարկավոր է բամբակ փաթաթել, թրջել սպիրտով կամ օդեկոլոնով (սպիրտի ավելցուկը թափահարելով հեռացնել, որպեսզի այրվող կաթիլները մաշկի վրա չընկնեն), բամբակը վառել, 1-2 վայրկյանով մտցնել բաժակի մեջ, այնուհետև արագ հանել և բաժակն ամուր սեղմել մաշկին։ Չի կարելի վառվող բամբակը կպցնել բաժակի եզրերին, քանի որ շիկացած եզրերը կարող են այրվածքներ առաջացնել։ Բ. դնելուց առաջ մաշկին ցանկալի է վազելին քսել։ Բ. դնելուց հետո հիվանդին պետք է ծածկել վերմակով, 15-20 րոպե հետո Բ. հանել, չցավացնելու համար հարկավոր է մատով մաշկը մի փոքր հեռացնել բաժակի եզրից՝ միաժամանակ այն թեքելով հակառակ կողմի վրա, այնուհետև մաշկը զգուշորեն սրբել մաքուր սրբիչով։

ԲԱԿՏԵՐԻԱԿՐՈՒԹՅՈՒՆ և վիրուսակրություն, մարդու օրգանիզմում բակտերիաների, վիրուսների և վարակիչ հիվանդությունների այլ հարուցիչների առկայությունը առանց հիվանդության ակնհայտ դրսևորումների։ Առավել հաճախ նկատվում է վարակիչ հիվանդություններ (որովայնային տիֆ, դիֆթերիա, դիզենտերիա և այլն) կրած անձանց օրգանիզմում։ Վարակակրությունը կարող է տևել մի քանի օրից մինչև մի քանի ամիս, հազվադեպ տարի (քրոնիկական վարակակրություն)։ Հարուցիչներն, արտաթորանքների հետ ընկնելով արտաքին միջավայր, կարող են վարակի աղբյուր հանդիսանալ շրջապատող անձանց համար, ուստի մի շարք հիվանդությունների ժամանակ հիվանդանոցի վարակիչ բաժանմունքից դուրս գրվելուց առաջ հարկավոր է հիվանդին ենթարկել բակտերիաբանական հետազոտության։ Սննդի, մանկական և դրանց հավասարազոր հիմնարկներում աշխատողներին և երեխաներին (աղիքային և այլ վարակիչ հիվանդություններ կրած) աշխատանքի կամ մանկական կոլեկտիվ ընդունելուց առաջ նույնպես ենթարկում են բակտերիաբանական հետազոտության։ Բակտերիակրության հայտնաբերման նպատակով հետազոտում են նաև համապատասխան հիմնարկներում առաջին անգամ աշխատանքի ընդունվողներին։

Վարակակրության կանխարգելման միջոցառումներից են հիվանդությունների դեպքում բժշկին ժամանակին դիմելը և բուժման ու ռեժիմի վերաբերյալ նրա բոլոր ցուցումները կատարելը։ Շրջապատի անձանց վարակումը կանխելու նպատակով բակտերիակիրները և վարակիչ հիվանդություններ կրած անձինք պիտի մանրակրկիտ պահպանեն անձնական հիգիենայի կանոնները։

ԲԱՍՄԱ, բուսական ծագում ունեցող մազերի ներկ։ Ստանում են ինդիգոֆերա արևադարձային բույսի չորացրած տերևներից։ Թարմ փոշին կանաչ գույնի է։ Օգտագործվում է հինայի հետ, քանի որ առանձին գործածելու դեպքում Բ. մազերը դարձնում է կանաչակապտավուն։

ԲՈՏԿԻՆԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ, տես Դեղնախտ:

ԲՈՏՈՒԼԻԶՄ, սննդի մեջ անորակ մթերքի օգտագործումից առաջացող հիվանդություն, որի հետևանքով ախտահարվում է կենտրոնական նյարդային համակարգը։ Բ-ի հարուցիչը չափազանց կայուն է արտաքին գործոնների ազդեցության հանդեպ։ Այն ապրում է կենդանիների աղիքներում, կենդանիների արտաթորանքների հետ ընկնում է հողի մեջ, ջրամբարները, բանջարանոցները, իսկ այնուհետև անցնում նաև սննդամթերքի մեջ։ Մանրէն զարգանում է թթվածնային անբավարարության պայմաններում։ Թունավորման պատճառը հաճախ տնային պայմաններում պատրաստած (երբեմն առանց որոշակի հիգիենային պահանջներին հետևելու) ապուխտ, ձկնեղեն, պահածոներ, մսեղեն օգտագործելն է։ Բ-ի հարուցիչները սննդամթերքում, պահածոներում արտադրում են թույներ, որոնց ներգործությունը գերազանցում է մանրէային և քիմիական մյուս թույների ազդեցությանը։

Գաղտնի շրջանը տևում է 2 ժամից մինչև 5 օր (հաճախ 12-24 ժամ)։ Բնորոշ ախտանշաններն են գլխացավը, թուլությունը, ցավերը որովայնի շրջանում, սրտխառնոցը, փսխումը։ Մի քանի ժամ, երբեմն 1-2 օր անց խանգարվում է հիվանդի տեսողությունը, առարկաները երևում են աղոտ, երբեմն զույգ, նկատվում է կոպերի իջեցում, բբերի անհավասարաչափ լայնացում, լույսի նկատմամբ բբերի թույլ հակազդեցություն և, վերջապես, դրանց լրիվ անշարժացում։ Միաժամանակ կամ փոքր-ինչ ավելի ուշ դժվարանում է կուլ տալը, խոսքը դառնում է ռնգային, անպարզահունչ, ձայնը խռպոտում է կամ լրիվ կտրվում։ Հիվանդության թեթև դեպքերում