Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/257

Այս էջը հաստատված է

լցնում են մի քիչ ջուր, ապա տեղադրում մաղը (հատակը դեպի վեր), վրան կերակրով ամանը, ծածկում են կափարիչով և դնում կրակին։

Մեծ նշանակություն ունի նաև ուտելիքի ջերմաստիճանը։ Տաք կերակրատեսակների համար առավել բարենպաստ է 60 °C–ին մոտ ջերմաստիճանը, իսկ սառը ուտեստների համար՝ 10 °C–ից ոչ պակաս։ Ավելի տաք և սառն ուտելիքը, որպես կանոն, գրգռում է կերակրափողի և ստամոքսի լորձաթաղանթը։ Սննդակարգով կերակրատեսակներում շատ կարևոր է պահպանել մթերքների համամասնությունը։ Տարբեր հիվանդությունների համար մշակված բուժական սննդակարգերն ունեն իրենց կարգահամարները։

Բ. ս. տան պայմաններում՝ որոշ հիվանդությունների դեպքում.

№1 սննդակարգ նշանակվում է ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցի դեպքում, ստամոքսաբորբի, ստամոքսահյութի բարձր կամ բնականոն թթվայնության դեպքում։ Ուտելիքը եփվում է ջրով կամ գոլորշու վրա և մատուցվում գերազանցապես տրորված վիճակում։ Պատրաստի ճաշատեսակների ջերմաստիճանը մոտ 60 °C է։ Սնունդը պետք է ընդունել օրը 5-6 անգամ։ Սննդի օրաբաժինը պարունակում է 100 գ սպիտակուցներ, 100 գ ճարպեր, 400-450 գ ածխաջրեր, 10-12 գ կերակրի աղ։

Թույլատրվում է օգտագործել նախորդ օրվա ցորենի հաց, սպիտակ պաքսիմատ, ոչ ամոքահունց թխվածքաբլիթ, չոր բիսքվիտ, լորձային եփուկով զանազան ապուրներ ձվակաթնային խառնուրդների, տրորած ձավարի, եփած բանջարեղենի (բացի կաղամբից, թրթնջուկից ու սպանախից) ավելացմամբ, բրնձով կամ վերմիշելով կաթնապուր, շոգեխաշած ճաշատեսակներ տավարի, թռչնի և ձկան (առանց մաշկի) կտրտած կամ աղացած անյուղ մսից, տրորած կաթնաշիլա, եփած բանջարեղենի խյուս և սուֆլե, թերխաշ ծու և շոգեխաշած ձվածեղ, հատապտուղների և մրգերի քաղցր սորտերից հյութեր (տաք ջրի հետ հավասար), կիսել, դոնդող, մրգի քաղցր սոուսներ, ձմերուկ, տրորած կոմպոտ, խորոված քաղցր խնձոր և տանձ, շաքար, մեղր, մուրաբա, անարատ խտացրած և չոր կաթ, բնական սերուցք, ոչ թթու թթվասեր (միայն ճաշատեսակների հետ), թարմ կաթնաշոռ և դրանից պատրաստված շոգեխաշած կերակրատեսակներ, թարմ մածուն (եթե օրգանիզմն ընդունում է), կաթի և թթվասերի շիլա, անալի պանիր, անյուղ խոզապուխտ, բժշկական երշիկ, կաթով թեյ (ոչ թունդ), սուրճի փոխնյութեր, մասուրի եփուկ, անալի կարագ և բուսական յուղ (ձիթապտղի, եգիպտացորենի, արևածաղկի՝ պատրաստի ուտելիքին ավելացնելու համար, եթե օրգանիզմն ընդունում է)։

Պիտի բացառվեն տապակած, ապխտած կերակուրները, թթուն, մարինադը, կծու և թթու կերակուրները, հում բանջարեղենը և միրգը, խոշոր աղացվածքի հացը, ամոքահունց խմորը, նրբաբլիթը, համեմունքները, մսի, ձկան և սնկի արգանակը և կերակրալցուկը, կաղամբը, հատապտղի և մրգի բնական անարատ հյութերը, պահածոները, այդ թվում՝ տան պատրաստած կոմպոտները։

№2 սննդակարգ նշանակվում է ստամոքսահյութի ցածր թթվայնությամբ ուղեկցվող ստամոքսաբորբի, հիպերտոնիկ հիվանդության դեպքում (ոչ սուր շրջանում)։ Ուտելիքն առավելապես եփվում է ջրով կամ գոլորշով (առանձին կերակրատեսակներ թույլատրվում է տապակել), մատուցվում է մանրած վիճակում։ Սնունդը պետք է ընդունել օրական առնվազն 4 անգամ։ Սննդի օրաբաժինը պարունակում է 100 գ սպիտակուցներ, 100 գ ճարպեր, 400-450 գ ածխաջրեր, 12-15 գ կերակրի աղ։

Թույլատրվում է օգտագործել նախորդ օրվա ցորենի հաց, ոչ ամոքահունց թխվածքաբլիթ և պաքսիմատ, մսով, բրնձով, ջեմով ոչ ամոքահունց թխած կարկանդակ, մսի և ձկան արգանակով ոչ յուղալի և ոչ թանձր ապուրներ, բուսական (այդ թվում սնկով) ապուրներ ձավարեղենով, մանր կտրատած բանջարեղենով, խաշած, շոգեխաշած և տապակած (առանց պաքսիմատի մեջ թավալելու) միս, ձուկ և թռչնամիս (ոչ յուղոտ), շիլաներ (բացի կորեկաձավարից և գարեձավարից), վերմիշել, մակարոն, եփած և շոգեխաշած բանջարեղեն, կարտոֆիլը գերազանցապես խյուսի և ջեռեփուկի տեսքով, խաշած ծաղկակաղամբ կարագով, վաղահաս դդմիկ և դդում տապակած, խաշած կաղամբ և ճակնդեղ (եթե օրգանիզմն ընդունում է), թերխաշ ձու, ակնիկ ձվածեղ, անարատ կաթ (կերակուրների մեջ), կաթնաթթվային մթերքներ, ոչ թթու լոռ և դրանից պատրաստված ռուլետներ, ոչ թթու թթվասեր (կերակուրների մեջ՝ 1 ճաշի գդալի չափով), խաշած բանջարեղենի եփուկով և մսի արգանակով սոուսներ (թթվասերով և պոմիդորի թանձր հյութով), անալի պանիր, ջուրը դրած (աղազրկած) աղացած տառեխ, բժշկական երշիկ, անյուղ խոզապուխտ, տավարի լյարդից և թռչնամսից պաշտետ, մսի և ձկան դոնդողակ, թարմ պոմիդորով, վարունգով, գազարով, եփած բանջարեղենով և մրգով սալաթներ, քաղցր սորտերի հասած միրգ (բացի ծիրանից, սալորից և սեխից) և հատապտուղ (թարմ և կոմպոտի, կիսելի, դոնդողի, մուրաբայի, ջեմի տեսքով), թեյ, ջրով բացած կաթով կամ սերուցքով սուրճ, մասուրի եփուկ, անալի կարագ, տապակելու համար հալած յուղ, կերակուրներին ավելացնելու համար ձեթ (եթե օրգանիզմն ընդունում է)։ Մսով, ձկով և բանջարեղենով պատրաստված կերակուրների մեջ կարելի է ավելացնել 1-2 դափնու տերև, հատիկավոր պղպեղ և դարչին (եթե օրգանիզմն ընդունում է), սահմանափակ քանակությամբ խաշած սոխ։

Պիտի բացառվեն հում սոխը, սխտորը, թրթնջուկը, սպանախը, բողկը, շաղգամը, քացախը, մանանեխը, աղացած պղպեղը, ծովաբողկը, ապուխտը, թթուն, մարինադը։

№3 սննդակարգ նշանակվում է քրոնիկական փորկապության ժամանակ։ Մթերքը խորհուրդ է տրվում տապակել զգալի քանակությամբ բուսական կամ կենդանական յուղով՝ կոշտ կեղև գոյանալու աստիճանի։ Օգտակար է ձավարեղենի քաշովի փլավը։ Սնունդը պետք է ընդունել օրը 4 անգամ։ Սննդի օրաբաժինը պարունակում է 85-100 գ սպիտակուցներ, 100-120 գ ճարպեր, 400–500 գ ածխաջրեր։

Թույլատրվում է օգտագործել կոշտ աղացվածքի ալյուրից հաց (գերադասելի է սևը), հում բանջարեղեն (ինչպես նաև վինեգրետ, սալաթներ) և միրգ։ Օգտակար է սոված փորին բանջարեղեն ուտելը, թարմ կաթնաթթվային մթերքներ, շաքար, մեղր, մուրաբա օգտագործելը։ Օրաբաժնի մեջ խորհուրդ է տրվում օգտագործել թթու, մարինադ, պահածոյացված բանջարեղեն և միրգ, լիմոնադ, յուղալի ուտելիք, ձեթ, յուղով ձկան պահածո, գարեձավարի և սևաձավարի շիլաներ։

Պիտի բացառվեն տտիպ և խնայող ազդեցություն ունեցող մթերքը և կերակրատեսակները,