է քունը, վատանում է ախորժակը, առաջանում են գլխացավեր, սրտխառնոց։ Մաքուր օդը բարերար ազդեցություն է ունենում ցանկացած հիվանդության դեպքում։ Ելնելով երեխայի առողջական վիճակից, ընդհանուր օդային լոգանքները (սենյակում) երբեմն փոխարինում են մարմնի կարճատև մերկացմամբ՝ հագուստը փոխելու ժամանակ։ Լուսաօդային և արևային լոգանքները պետք է խստիվ չափավորել։ Երեխաները դրանք պետք է ընդունեն պառկած՝ ժամանակ առ ժամանակ շրջվելով։ Թույլ երեխաներին պետք է կոփել ջրային բուժարարողություններով, լվացումներով, խոնավ շփումներով, ջրցողումով։ Մինչև մեկ տարեկան երեխաների Կ-ման մասին տես Կրծքի երեխա հոդվածում։
Տարեց մարդիկ պետք է կոփվեն զգուշորեն, բժշկի հսկողությամբ։ Գերադասելի են օդային լոգանքները սենյակում, պատշգամբում, թեթև հագուստով կարճատև զբոսանքները։ Արևային լոգանքները ցանկալի է ընդունել վրանածածկի տակ։ Մարզանքից հետո հարկավոր է կատարել շփումներ, ջրցողում կամ ցնցուղ ընդունել, իսկ տարվա տաք եղանակին՝ լողալ բաց ջրավազանում (ոչ երկարատև)՝ ջրի և օդի 20-22 °C–ից ոչ պակաս ջերմաստիճանի պայմաններում։
Կ-ման ռեժիմը պիտի սահմանի բժիշկը՝ ելնելով տարիքից, անհատական առանձնահատկություններից և առողջական վիճակից։ Հիվանդության նշաններ ի հայտ գալուն պես Կ. ժակավորապես պետք է դադարեցնել և առողջանալուց հետո վերսկսել սկզբնական փուլից։
ԿՐԵՄ կոսմետիկայում, տես Մաշկաքսուք։
ԿՐԾՔԱՅԻՆ ՀԵՂՁՈՒԿ, ստենոկարդիա, ուժեղ ցավի նոպաներ կրծքավանդակի կենտրոնում (կրծոսկրի հետևում) կամ սրտի շրջանում։ Սրտի իշեմիկ հիվանդության առավել տարածված ձևն է։ Առաջանում է պսակային զարկերակներով դեպի սիրտն արյան հոսքի և սրտամկանի պահանջների ժամանակավոր անհամատեղելիության (այսինքն պսակային շրջանառության սուր անբավարարության) հետևանքով։ Ցավն ունի բավականին պարզորոշ սկիզբ և վերջ։ Այն լինում է սեղմող, ճնշող, տարածվում է դեպի ձախ ձեռքը, թիակը, պարանոցը, կարող է ուղեկցվել վախի զգացողությամբ, ընդհանուր թուլությամբ։ Նոպան տևում է սովորաբար րոպեներ, հազվադեպ ավելի երկար (երբեմն՝ կես ժամ)։
Եթե ցավի նոպաներն առաջանում են միայն ծանրաբեռնվածության ժամանակ, երբ մեծանում է սրտամկանը սնուցող նյութերի հանդեպ պահանջարկը (քայլելիս, ֆիզիկական կամ նյարդային լարվածության ժամանակ, ինչպես նաև տաք սենյակից ցուրտ եղանակին դուրս գալիս) անվանում են լարման Կ.հ.։ Այդ դեպքում սովորաբար ցավն անցնելու համար անհրաժեշտ է հանգստանալ (օրինակ, քայլելիս հիվանդն ստիպված կանգ է առնում)։
Հանգստի Կ.հ–ի նոպան կապված չէ ֆիզիկական կամ նյարդային լարվածության հետ, և հաճախ այն սկսվում է քնած ժամանակ, հիվանդն արթնանում է ցավից։ Կ.հ–ի երկու ձևերն էլ կարող են զուգակցվել։ Կ.հ–ի ժամանակ արյան շրջանառությունը խանգարվում է սրտի պսակային անոթների աթերոսկլերոզային սեղմումից, հաճախ նաև դրանց բորբոքային և այլ բնույթի ախտահարումներից։
Սակայն նոպաները կարող են առաջանալ նաև արյան անոթների անատոմիական փոփոխությունների բացակայության դեպքում՝ որպես դրանց կծկանքի արդյունք (օրինակ, հիպերտոնիկ հիվանդության, լեղապարկի բորբոքման, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդության ժամանակ ծագող ռեֆլեքսային կծկանքի հետևանքով՝ ռեֆլեքսային Կ.հ)։ Սրտի, կրծքավանդակի ձախ կեսի ցավը հաճախ կապված չէ Կ.հ–ի հետ. այն կարող նևրոզի, օստեոխոնդրոզի, սրտամկանի բորբոքման և այլ հիվանդությունների հետևանք լինել։ Այդ դեպքերում ցավը սովորաբար նոպայաձև սեղմող բնույթ չունի, այն մղկտացող է, ծակող, շանթող, հաճախ ուղեկցվում է տհաճ զգացողություններով։ Կ.հ–ի նոպայի ժամանակ անհրաժեշտ է լիակատար հանգիստ պահպանել, շտապ ընդունել նիտրոգլիցերին կամ վալիդոլ (1 հաբ կամ հեղուկ պատրաստուկի 2-3 կաթիլը լցնել մի կտոր շաքարի վրա, լեզվի տակ պահել մինչև լրիվ ներծծվելը)։ Եթե դեղանյութն ընդունելուց 2-5 րոպե հետո ցավը չի դադարում, հարկավոր է հիվանդին պառկեցնել և անհապաղ բժիշկ հրավիրել։
Կ.հ-ի նոպաները կանխելու համար անհրաժեշտ է պահպանել աշխատանքի, սննդի, հանգստի արդյունավետ օրակարգ, բացառել ֆիզիկական ծանր աշխատանքը, առատ սնունդը (հատկապես ուշ ժամին), չչարաշահել ալկոհոլը, հրաժարվել ծխելուց: Օգտակար են զբոսանքը, 8-ժամյա քունը, բուժական մարմնամարզությունը, նպատակահարմար է արձակուրդն անցկացնել սովորական կլիմայական պայմաններում, կազմակերպել ակտիվ հանգիստ։
ԿՐԾՔԻ ԵՐԵԽԱ, մինչև մեկ տարեկան երեխա։ Այդ շրջանում դրվում է առողջության, ֆիզիկական և մտավոր զարգացման հիմքը։ Առողջ երեխա դաստիարակելու և ճիշտ խնամք ապահովելու համար անհրաժեշտ իմանալ մանկական օրգանիզմի որոշ առանձնահատկություններ։ Տարբերում են նորածնության (կյանքի առաջին շաբաթը) և կրծքով կերակրելու (կրծքի տարիք՝ մինչև կյանքի առաջին տարվա վերջը) շրջաններ։ Մոր օրգանիզմից դուրս գոյության պայմաններին նորածնի հարմարեցումն ուղեկցվում է նրա օրգանիզմի բազմաթիվ օրգանների և համակարգերի գործունեության վերակառուցմամբ։ Կրծքի երեխայի հյուսվածքների և օրգանների անատոմիաֆիզիոլոգիական առանձնահատկությունները, վարակամերժության ձեռքբերման անբավարար ունակությունը պայմանավորում են տարբեր հիվանդությունների նկատմամբ բարձր ընկալունակությունը, ինչպես նաև դրանց ընթացքի համեմատական ծանրությունը։
Կ. ե-ի զգացմանը բնորոշ է մարմնի զանգվածի և հասակի արագ աճը։ Ժամանակին ծնված երեխայի (այսինքն, հղիության բնականոն ժամկետը՝ 39-40 շաբաթը լրանալուց հետո ծնված) մարմնի զանգվածը տղաների համար կազմում է 3500+450 գ, աղջիկների համար՝ 3300+460 գ։ Նորածնի հասակը (մարմնի երկարությունը) տատանվում է 47-ից մինչև 56 սմ (առավել հաճախ՝ 50-51)։ Կյանքի առաջին ամսում երեխայի մարմնի զանգվածն ավելանում է 700–800 գ, հետագայում աճը որոշ չափով դանդաղում է. առաջին կիսամյակում՝ մինչև 600 գ, երկրորդ կիսամյակում՝ 500 գ։ 5-6 ամսականում երեխայի մարմնի զանգվածը կրկնապատկվում է, իսկ տարվա վերջում՝ եռապատկվում և հասնում 10-11 կգ-ի։ Մարմնի ոչ մեծ