Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/30

Այս էջը հաստատված է

պատերի եզրամասերում հարկավոր է դնել ձող-ուղղալար (մոտավորապես 40x40 մմ հատվածքով և 2 մ երկարությամբ փայտե չորսվակ)։ Այդ ձողերին ամրացվում է ուղղորդիչ հորիզոնական լար, որի տակ տեղադրվում են սալիկները։ Ամբողջ մակերևույթի երեսպատումն ավարտելուց հետո ձողերը հարկավոր է հեռացնել և դրանց տեղը դնել սալիկներ։ Շաղախի քանակությունը պետք է բավարարի սալիկների և երեսպատվող մակերևույթի միջև տարածությունը լցնելու համար։ Որպեսզի կարերի լայնությունը ամբողջ երեսպատվածքի վրա միատեսակ լինի, խորհուրդ է տրվում իբրև ձևանմուշ կիրառել կարերի լայնությանը հավասար հաստությամբ սեպեր (շաղախի պնդանալուց հետո դրանք հանվում են)։ Այն դեպքում, երբ պատերը երեսպատում են մաքուր հատակի երեսպատումից առաջ, սալիկների առաջին շարքի տակ հարկավոր է դնել փայտաձող (ապագա մաքուր հատակի մակարդակին համապատասխան)։

Շաղախի պատրաստման համար հարկավոր է խառնել 1 բաժին ցեմենտ, 4 բաժին ավազ, այնուհետև ավելացնել ջուր և խառնել մինչև ստացվի խմորանման զանգված։ Շաղախը (հատած բուրգի ձևով) պետք է դնել սալիկի հակառակ երեսին և սեղմել պատին։ Հարկավոր է հետևել, որ սալիկի տեղադրման և նստեցման ժամանակ շաղախը լցնի սալիկի տակի ամբողջ տարածքը: Դուրս մղված շաղախի ավելցուկը պետք է քերել ծեփակով։ Սալիկների միջև կարերի լայնությունը կարող է լինել 0,5-3 մմ։ Երբ շաղախը պնդանում է և սալիկներն ամուր կպչում են, հարկավոր է մաքրել հորիզոնական և ուղղաձիգ կարերը, լցնել 1:1 հարաբերությամբ ցեմենտի և ավազի շաղախով (նախընտրելի է սպիտակ ցեմենտը), ապա ավելցուկը մաքրել շորով։

Փայտե հիմնակմախքային պատերը երեսպատելուց առաջ ծածկում են տոլով կամ ռուբերոիդով, պատում լարացանցով և սվաղում ցեմենտի շաղախով, այնուհետև երեսպատում նկարագրված եղանակով։

Երեսպատումը սոսնձամածիկով նույնպես կատարում են հորիզոնական շարքերով, ձողերի վրա ձգված լարի տակով։ Նախ հարկավոր է ստուգել պատերի մակերևույթի հարթությունը (շեղումը ուղղալարից չպետք է գերազանցի 1,5 մմ), մաքրել կեղտն ու յուղի լաքաները։ Երեսպատումն սկսում են ներքևի շարքից։ Եթե հատակը բավականաչափ հարթ չէ, առաջին շարքի տակ հարկավոր է դնել բարակ փայտաձող՝ խստիվ պահպանելով հորիզոնականությունը։ Սոսնձամածիկը նախ իբրև ներկաստառ պետք է քսել պատին 1-2 մմ հաստության շերտով, ապա խոնավ վրձնով կամ լաթով սրբել սալիկը, դրա հակառակ երեսին հավասար շերտով (1-2 մմ հաստության) մածիկ քսել, այնուհետև կիպ սեղմել ներկաստառված մակերևույթին և փայտիկով թեթևակի հարվածելով տեղը նստեցնել։ Որպեսզի սալիկը ներքև չսահի, դրա առաջին շարքը ներքևի մասից ամրացնում են սեպերով։ Սալիկների միջև կարեր թողնելու համար տեղադրման ժամանակ դրանց արանքում դրվում են միջադիրներ ապակու կտորներ, մետաղե լարեր, մեխեր, սեպեր ևն։ Մածիկն ամրանալուց հետո միջադիրները հեռացվում են։ Կարերը մշակվում են ճիշտ այնպես, ինչպես ցեմենտի շաղախով երեսպատելիս։

Սոսնձամածիկները լինում են կազեինի հիմքով և սինթետիկ (օրինակ, պոլիվինիլացետատային պլաստիկացված էմուլսիա)։ Եթե պատերի մակերևույթը բավականաչափ հարթ է, ապա սալիկները կարելի է կպցնել թանձրացված յուղաներկերով (գերադասելի է սպիտականերկը)։ Ներկը քսվում է պատին կամ սալիկին մինչև 2 մմ հաստության հավասար շերտով։

Երեսպատում պոլիստիրոլային սալիկներով: Պոլիստիրոլային սալիկները փակցնելու համար կիրառում են բևեկնախեժային կամ պերքլորվինիլային մածիկներ։

Երեսպատման համար պատերի մակերևույթները հարկավոր է մաքրել փոշուց փափուկ չոր խոզանակով, այնուհետև ներկաստառել մածիկի շերտով (1 մմ-ից ոչ ավելի հաստության)։ Պերքլորվինիլային մածիկը քսում են վրձնով, իսկ ավելի մածուցիկ բևեկնախեժային մածիկը մածկաթիակով։ Բևեկնախեժային մածիկով սալիկները կարելի է փակցնել մակերևույթի ներկաստառումից անմիջապես հետո։ Պերքլորվինիլային մածիկ կիրառելիս սալիկները փակցնում են միայն ներկաստառը չորանալուց հետո, որի համար պահանջվում է 3-ից մինչև 6 ժամ (սենյակի ջերմաստիճանից կախված)։ Երեսպատումից անմիջապես առաջ չորացած ներկաստառի շերտի վրա հարկավոր է քսել աստառի երկրորդ շերտը։

Պատերի երեսպատումն սկսում են հատակից սալիկները փակցնելով հաջորդական հորիզոնական շարքերով։ Սալիկների միջև կարերը պետք է հնարավորին չափ նեղ լինեն։ Աշխատանքի ընթացքում անհրաժեշտ է հետևել, որ մածիկը չծորա կարերից և չաղտոտի սալիկների մակերևույթը։

Պոլիստիրոլային սալիկները կտրատում են մետաղասղոցով, իսկ անցքերը բացում են մետաղե գայլիկոնով։ Պոլիստիրոլային սալիկները փակցնելու հաճար հանձնարարվող մածիկները սենյակի ջերմաստիճանի պայմաններում վերջնականապես պնդանում են 8-10 օրից։ Այդ ընթացքում փակցված սալիկները չպետք է ենթարկվեն մեխանիկական ազդեցությունների։


ԶԱՆԳ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ, առավել հաճախ օգտագործվում է որպես բնակարանի մուտքի դռան վրա տեղակայվող ազդանշանային սարք։ Զանգերի մեծ մասն էլեկտրամագնիսական է. դրանք բաղկացած են էլեկտրամագնիսից, զարկիչ ունեցող խարսխից և մետաղե թասից (կամ թիթեղից, երբեմն զանգակից)։ Զանգի կոճակը սեղմելիս էլեկտրական հոսանքն անցնում է էլեկտրամագնիսի փաթույթով, խարիսխը ձգվում է, և զարկիչը