սովորեցնելը։ Դա ճիշտ չէ. դիտարկումները ցույց են տալիս, որ ավելի շուտ նստել, քան սողալ սովորած երեխան անօգնական է, փորի վրա դիրքում նա լալիս է կամ անշարժ պառկում գլուխը կախ և չի ձգտում շարժվել։ Երեխային նստել սովորեցնելիս չի կարելի շրջափակել բարձերով, քանի որ այդ դեպքում նա ստիպված մնում է անշարժ, որը բացասաբար է անդրադառնում երեխայի զարգացման վրա։
Հաղորդակցության ձևերի (տեսողական և լսողական ընկալումների, ձայնային ռեակցիաների և խոսքի) զարգացումը պետք է սկսել 3-րդ ամսից։ Այդ շրջանում երեխան արդեն հետևում է շրջապատին, տարբերում և ճանաչում ծանոթ առարկաները, դրանց նկատմամբ հետաքրքրություն դրսևորում, փորձում վերցնել դրանք, ուստի պետք է նրան տալ տարբեր ձևի, գույնի և մեծության խաղալիքներ։ Երեխայի հետ պետք է խոսել հասկանալի՝ հարուստ երանգավորումով, կարճ արտահայտություններով, առավել կարևոր բառերն ընդգծված։ 7 ամսականից երեխան սկսում է հասկանալ բառերը, այդ շրջանում նրան պետք է սովորեցնել փնտրել անվանված կամ ծանոթ իրը։ Այդ հասակում երեխան սկսում է կատարել նաև այլ խնդրանքներ, նստել, պառկել, «ծափիկ» անել։ 6-7 ամսականից երեխային պետք է սովորեցնել վանկերով ընդօրինակել՝ աշխատելով տեսանելի դարձնել շրթունքների շարժումները։ Դա բարձրացնում է երեխայի ակտիվությունը և ուշադրությունը, երեխան հետևում է խոսողներին, շարժում շրթունքները։ Օգտակար է երեխային ցույց տալ տարբեր առարկաներ և ասել դրանց անունները, երեխային սովորեցնել տարբեր գործողություններ կատարել սկզբում մեծերի օգնությամբ, այնուհետև ինքնուրույն («տուր գնդակը», «ցույց տուր, որտեղ է տիկնիկը» ևն)։ Առաջին տարվա վերջում երեխային կարելի է սովորեցնել բառերն արտասանել իմաստավորված։ Դրա համար անհրաժեշտ է, որ երեխան լավ հասկանա բառը և կարողանա այն կրկնել։ Երեխաների հետ խոսելիս նպատակահարմար է օգտագործել այն բառերը, որոնք նրանք ի վիճակի են արտասանելու, պետք չէ նմանակել մանկական խոսվածքը, աղավաղել բառերը։ Խաղերի և պարապմունքների համար անհրաժեշտ է ընտրել տաք առարկաներից հեռու տեղ։ Գրկելիս երեխային պետք է պահել ազատ, երկու ձեռքով և ոչ մի դեպքում վեր չթռցնել։
ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ, ընդգրկում են բնակավայրերի կոմունալ բարեկարգումը (լավորակ ջրով ապահովում, կոյուղու կառուցում, բնակավայրերի մաքրում), մթերքի պատրաստման, տեղափոխման, պահպանման, վաճառքի սանիտարական ու անասնաբուժական հսկողությունը և ընդհանուր կանխարգելման այլ միջոցառումներ։ Կարևոր է վարակիչ հիվանդությունների հանդեպ բնակչության անընկալության բարձրացումը (տես Կանխարգելիչ պատվաստումներ): Խիստ կարևոր են վարակիչ հիվանդության եզակի դեպքերի, առավել ևս զանգվածային բռնկումների (համաճարակ) հետագա տարածումը կանխող միջոցառումները։ Դրանցից են հիվանդների վաղ հայտնաբերումը, հոսպիտալացումը կամ տնային պայմաններում մեկուսացումը (տես Մանկական վարակիչ հիվանդություններ): Հիվանդի գտնվելու վայրը (բնակարան, մանկական հիմնարկ և այլն) վարակազերծվում է, կազմակերպվում է (գաղտնի շրջանի ժամկետում) հիվանդների հետ շփված անձանց բժշկական հսկողություն (մաշկի և լորձաթաղանթների զննում, մարմնի ջերմաստիճանի չափում և այլն), կատարվում է նաև լաբորատոր (այդ թվում բակտերիաբանական) հետազոտություն չարտահայտված ախտանշաններով հիվանդներին և վարակակիրներին հայտնաբերելու նպատակով։ Որոշ վարակիչ հիվանդությունների դեպքում, կանխարգելիչ նպատակով, հիվանդների հետ շփված անձանց ներարկում են գամմա-գլոբուլին, բակտերիաֆագեր և այլ պատրաստուկներ։
Մանկական վարակիչ հիվանդությունների դեպքում տանը հիվանդի հետ շփված երեխաներին, որոշակի ժամկետում կամ մինչև լաբորատոր հետազոտության արդյունքներ ստանալը, չի թույլատրվում հաճախել մանկական հիմնարկներ, եթե հիվանդը հոսպիտալացված չէ, ապա մեկուսացման ժամկետը երկարացվում է։ Դիֆթերիայի, մենինգոկոկային վարակիչ հիվանդությունների, որովայնային տիֆի ժամանակ մանկական հիմնարկներում հիվանդացած աշխատողներին ազատում են աշխատանքից մինչև հետազոտման արդյունքներ ստանալը։ Հետազոտման ժամանակ հայտնաբերված բակտերիակիրները բուժման կուրս են անցնում։ Աղիքային վարակիչ հիվանդությունների բակտերիակիրներին (եթե կապված են սննդամթերքի հետ) ազատում են աշխատանքից, իսկ երեխաներին արգելում մանկական հիմնարկ հաճախել։ Այդտեղ վարակիչ հիվանդություններ գրանցվելիս համապատասխան խմբի վրա սահմանվում է կարանտին, արգելվում է նորեկների ընդունումը, խմբից խումբ երեխաների տեղափոխումը։ Հիվանդությունը կրկնակի գրանցվելիս կարանտինի ժամկետը համապատասխանաբար երկարացվում է։
Մեկուսացման և կարանտինի ժամկետները: Դիֆթերիայի ժամկետը մինչև բակտերիաբանական հետազոտության բացասական արդյունքի ստանալն է։ Կապույտ հազինը՝ 7-14 օր (եթե հիվանդը չի հոսպիտալացվել՝ մինչև 25 օր)։ Կարմրուկինը՝ կարմրուկով չհիվանդացած և չպատվաստված երեխաների համար 17 օր է, գամմա-գլոբուլին ստացածներինը՝ 21 օր։ Մենինգոկոկային վարակիչ հիվանդություններինը՝ մինչև բակտերիաբանական հետազոտության բացասական արդյունքի ստանալը, կարանտինի ժամկետը խմբում 10 օր է։ Ջրծաղիկինը՝ մինչև 10 տարեկան չհիվանդացած երեխաների համար 21 օր։ Քութեշինը՝ նախադպրոցական հիմնարկներ, ինչպես նաև դպրոցի 1-ին և 2-րդ դասարաններ հաճախող երեխաների համար 7 օր, հիվանդին տանը թողնելու դեպքում՝ 17 օր։ Անգինայով և քութեշով հիվանդների հետ շփված երեխաների մեկուսացման ժամկետը 22 օր է (անգինայով հիվանդանալու օրվանից հաշված)։ Վիրուսային լյարդաբորբի (Բոտկինի հիվանդություն, վարակիչ դեղնախտ) կարանտինի ժամկետը խմբում 35 օր է, սակայն գամմա-գլոբուլին ստացած երեխաներին թույլատրվում է հաճախել կարանտինային խումբ։
ՀԱԿԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐ, դրանցից են կենսաբանական պատրաստուկները՝ գամմա-գլոբուլինը, ինտերֆերոնը, ինչպես նաև որոշ քիմիական միջոցներ։
Գամմա-գլոբուլինը արյան շիճուկի սպիտակուցային ֆրակցիաներից է։ Դրա պատրաստուկները պարունակում