աղի և թթու սննդամթերքի սահմանափակումը, ինչպես նաև բժշկի նշանակմամբ միզամուղ (օրգանիզմից աղերի արտազատումն ուժեղացնող) դեղամիջոցների ընդունումը։ Կարևոր գործոն է նաև շարժողական ակտիվությունը (զբոսանքներ, մատչելի մարզաձևեր, չափավոր ֆիզիկական աշխատանք)։
Բժշկի նշանակած համալիր բուժումը, որն ընդգրկում է զարկերակային ճնշումն իջեցնող միջոցները, կարող է արագ բարելավել հիվանդի վիճակը։ Սակայն, որպես կանոն, այդ արդյունքը ժամանակավոր է և հիվանդությունը լրիվ չի բուժվում։ Ուստի հարկավոր է բժշկի բոլոր նշանակումները շարունակել։ Բուժման ընթացքում չհիմնավորված ընդմիջումները, ռեժիմի խախտումները, հոգեհուզական գերբեռնվածությունները կարող են ծանրացնել հիվանդության ընթացքը, հանգեցնել հիպերտոնիկ ճգնաժամի, հիվանդության ախտանշանների կտրուկ սրացման, որը կարող է ուղեկցվել գլխուղեղի, մի շարք դեպքերում նաև այլ օրգանների, արյունամատակարարման խանգարումներով։
Հիվանդի վիճակը վատանալիս հարկավոր է շտապ բժիշկ հրավիրել և մինչև նրա գսղը հիվանդին անկողնում կամ հարմար բազկաթոռում կիսանստած դիրք տալ։ Հարկավոր է ոտնաթաթերը և ծնկները տաքացնել (փաթաթել ջեռակով), տալ 30-35 կաթիլ կորվալոլ կամ վալոկորդին, ինչպես նաև նախապես նշանակված արյան ճնշումն իջեցնող դեղամիջոցի արտահերթ դեղաչափ։
Անհրաժեշտ է խուսափել առատ սննդից։ Հետկրծոսկրային ցավերի ժամանակ հարկավոր է ընդունել նիտրոգլիցերին (լեզվի տակ)։
Հիվանդները ենթակա են դիսպանսերային հսկողության։ Բազմամյա փորձը վկայում է, որ կանոնավոր բուժման և ճիշտ ռեժիմի դեպքում հիվանդները երկար տարիներ պահպանում են կենսունակությունը։
ՀԻՎԱՆԴԻ ԽՆԱՄՔԸ, մեծ նշանակություն ունի առողջությունը վերականգնելու համար։ Ամեն մի հիվանդություն պահանջում է յուրահատուկ խնամք, սակայն մի շարք կանոններ ընդհանուր են բոլոր հիվանդությունների համար։ Հիվանդասենյակը պետք է լինի հնարավորին չափ լուսավոր, տաք (օդի ջերմաստիճանը՝ 18-20 °C)։ Այն պետք է մաքրել օրը 2 անգամ՝ խոնավ շորով, հաճախակի օդափոխել (ձմռանը՝ օրական առնվազն 3 անգամ, 10-15 րոպե)։ Ամռանը խորհուրդ է տրվում մշտապես բաց թողնել պատուհանը։ Օդափոխելիս հիվանդին պետք է ծածկել տաք վերմակով, գլուխը փաթաթել գլխաշորով կամ սրբիչով, երեսը բաց թողնել (եթե օդի ներհոսքը չի գրգռում շնչուղիները)։
Հիվանդության ընթացքում պետք է հետևել անձնական հիգիենայի կանոններին. օրը 2 անգամ (առավոտյան և երեկոյան) մաքրել ատամները, ուտելուց հետո բերանը ողողել, եթե հակացուցված չէ՝ շաբաթը առնվազն 1 անգամ հիգիենային լոգանք ընդունել։ Ծանր հիվանդների ձեռքերը և երեսը պետք է մաքրել ջրով կամ լոսյոնով թրջած բամբակով, կոպերը՝ բորաթթվի 2 %-անոց գոլ լուծույթով։ Լեզուն, լնդերը և ատամները պետք է մաքրել 2 %-անոց բորաթթվի կամ կալիումի գերմանգանատի բաց վարդագույն լուծույթով թրջած բամբակով, ապա թանզիֆի անձեռոցիկով (բորաթթվի 1 %-անոց և գլիցերինի 10 %-անոց լուծույթի խառնուրդով թրջած)։ Պարանոցը, կուրծքը, թևատակերը ամեն օր մաքրել խոնավ (տաք) սրբիչով, ապա չորացնել։ Քրտնախաշից խուսափելու համար գեր հիվանդների թևատակերը, աճուկային մասերը պետք է պարբերաբար լվանալ կամ մաքրել ջրով նոսրացված օղիով (1:1) կամ օդեկոլոնով։ Որպեսզի պառկելախոցեր չառաջանան, հիվանդի մաշկն անհրաժեշտ է շփել քափուրի սպիրտով, մեջքից ներքև դնել մաքուր (բայց գործածված) կտորով փաթաթած ռետինե շրջանակ։ Ամեն օր պետք է սանրել հիվանդի մազերը, պարբերաբար կտրել եղունգները։ Կղելուց և միզելուց հետո անպայման պետք է գոլ ջրով լվացում անել։ Խորհուրդ է տրվում սպիտակեղենը փոխել շաբաթը մեկ անգամ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ավելի հաճախ։ Ծանր հիվանդի սպիտակեղենը փոխելը հատուկ հմտություն է պահանջում. հիվանդին պետք է զգուշորեն տեղափոխել անկողնու եզրը, սավանի ազատ մասը բինտի նման ոլորել մինչև հիվանդի մարմինը, մաքուր սավան փռել և հիվանդին պառկեցնել իր տեղում։ Անշարժ հիվանդի սավանը փոխելու համար այն պետք է ոլորել ոտքերի կողմից դեպի գլուխը։ Նախ սավանը պետք է ոլորել մինչև գոտկատեղը՝ միաժամանակ փռելով մաքուր սավան, հին սավանը հանել մեջքի տակից՝ դնելով մաքուրը։ Ծանր հիվանդի շապիկը փոխելիս պետք է ձեռքը տանել մեջքի տակ, շապիկը բարձրացնել մինչև ծոծրակը, այնուհետև հերթով հանել թևքերը։ Եթե հիվանդի մի ձեռքը վնասված է, նախ պետք է ազատել առողջ ձեռքը։ Սրտամկանի ինֆարկտով հիվանդի շապիկը հանելիս ազատում են աջ թևը։ Շապիկն սկսում են հագցնել հիվանդ թևից։ Անշարժ պառկած հիվանդին խորհուրդ է տրվում հագցնել արձակ շապիկ։ Հիվանդի տակ միզանոթ դնելիս մի ձեռքը պետք է դնել սրբոսկրի տակ, հիվանդին մի փոքր բարձրացնել և մյուս ձեռքով դնել միզանոթը։ Դատարկելուց հետո միզանոթը պետք է լվանալ տաք ջրով և ախտահանել լիզոլի կամ քլորամինի 3 %-անոց լուծույթով կամ կալիումի գերմանգանատի թունդ լուծույթով։
Հիվանդի սնունդը պետք է լինի բազմատեսակ և լիարժեք։ Նրան պետք է կերակրել օրական 4 անգամ (երբեմն ավելի հաճախ) նույն ժամերին։ Սննդակարգը և հեղուկի քանակությունը նշանակում է բժիշկը։ Անշարժ պառկած հիվանդին ջուրը (կամ հեղուկը) տալիս են փոքր թեյամանով։ Կերակրելիս ցանկալի է մահճակալի վրա փոքր սեղան դնել կամ սրբիչ փռել։ Պետք է շատ ուշադիր լինել հիվանդի նկատմամբ, վիճակը վատանալիս անմիջապես բժիշկ կանչել։ Անհրաժեշտ է հետևել շնչառությանը, ուշադրություն դարձնել մաշկի գույնին, ցաներին, այտուցներին, հևոցին, հազին, միզարտադրությանը, տրամադրությանը, հոգեբանական վիճակին։
Դեղորայքը պետք է տալ հիվանդին բժշկի նշանակած ժամերին՝ սահմանված քանակությամբ։ Օրական առնվազն 2 անգամ նույն ժամերին (առավոտյան 8-9-ին և երեկոյան 5-8-ին), պետք է չափել հիվանդի մարմնի ջերմաստիճանը։ Որոշ հիվանդությունների ժամանակ բժշկի ցուցումով մարմնի ջերմաստիճանը չափում են ավելի հաճախ։ Հիվանդին խնամելիս պետք է կարողանալ կոմպրես, թրջոցներ դնել, ինհալացիա, հոգնա կատարել, բաժակ, սառցապարկ և ջեռակ դնել։ Աչքի հիվանդությամբ տառապողներին խնամելիս պետք է կարողանալ աչքի լվացում կատարել, կաթիլներ կաթեցնել (բամբակե խոնավ խծուծով իջեցնել ներքևի