հարվածում է զանգի մետաղե թասին (թիթեղին)։ Սովորաբար զանգի կառուցվածքի մեջ չի նախատեսվում հնչողության բարձրության կարգավորում, այդուհանդերձ, անհրաժեշտության դեպքում կարելի է թուլացնել ձայնի ուժը՝ զանգի թասին մեկուսաժապավենի մի քանի շերտ փակցնելով։
Զանգն աշխատում է 127 և 220 Վ լարման փոփոխական հոսանքի ցանցից։ Օգտագործման անվտանգության նպատակով (զանգի կոճակին առբերված հաղորդալարերի լարումը չպետք է գերազանցի թույլատրելի անվտանգ արժեքը) զանգը սովորաբար ունենում է ներկառուցված իջեցնող տրանսֆորմատոր։ Արդյունաբերության քողարկած զանգերը հիմնականում տարբերվում են հնչողության բնույթով և արտաքին ձևավորմամբ։ Երբեմն զանգը լրացուցիչ ունենում է ներկառուցված լուսատու, որը նախասրահում ստեղծում է թույլ լուսավորություն։
Փոփոխական հոսանքի էլեկտրամագնիսական զանգերից բացի, թողարկում են մեղեդային ազդանշանով էլեկտրոնային, այդ թվում նաև թռչնի դայլայլը նմանակող զանգեր։ Մի շարք էլեկտրոնային զանգերում հնչողության բարձրությունը լայն սահմաններում կարելի է փոփոխել կարգավորիչով։
ԶԱՐԴԱԳԵՂ ԳՈՐԾՎԱԾՔՆԵՐ, կիրառում են բնակարանի զարդարման և ներքին հարդարման համար (դռների և լուսամուտների ծալազարդ վարագույրներ, սփռոցներ, կահույքի ծածկոց ևն)։ Զ. գ. պատրաստում են քիմիական թելքից, բամբակե, բրդե, վուշե, մետաքսե ու այլ թելերից, ինչպես նաև խառը հումքից։ Սովորաբար գործում են հյուսվածքանախշերով։ Զ. գ. բնակարանի հարդարանքի կարևոր տարրերից են։
Գործվածքների ճիշտ ընտրությամբ կարելի է զգալիորեն ազդել սենյակի չափերի և համամասնությունների տեսողական ընկալման վրա։ Օրինակ, ուղղաձիգ զոլերով վարագույր կախելիս սենյակն ավելի բարձր է թվում։ Հորիզոնական զոլերով վարագույրը բարձր առաստաղով նեղ սենյակին ավելի ցածր և հարմարավետ տեսք է տալիս։ Խոշոր, արտահայտիչ նախշերով գործվածքների օգտագործումը տեղին է բարձր առաստաղով համեմատաբար մեծ սենյակներում։ Ոչ մեծ սենյակների համար ավելի լավ է ընտրել փոքր նախշերով կամ առանց նախշերի սենյակի պատերի գույնին մոտ երանգների գործվածքներ։ Զ. գ. ընտրելիս պետք է ելնել ոչ միայն առանձին գործվածքի կիրառական նշանակությունից և գրավչությունից, այլև բնակարանի բոլոր տարրերի (կահույքի, պատերի կամ պաստառի) ներդաշնակությունից։ Եթե գործվածքներից մեկը (օրինակ, լուսամուտների ծալազարդ վարագույրները կամ սենյակը մասերի բաժանող վարագույրը) ինտերիերում հիմնականն է, ապա մնացած գործվածքները գույնով և նախշով պետք է ներդաշնակեն նրան։ Առանց նախշի միագույն գործվածքներն ավելի հեշտ է հարմարեցնել շրջապատին, գործվածքի գեղեցկությունը շեշտվում է գույնով, որակով և հյուսվածքանախշերով։ Նախշավոր գործվածք ընտրելիս պետք է հաշվի առնել նախշի բնույթը և չափերը, այն հարմարեցնել կահույքի ոճին, գորգերի նախշերին ևն։ Հարթ ներկած պատերով սենյակներում գերադասելի են խոշոր նախշերով Զ. գ.։ Սենյակում (հատկապես ոչ մեծ չափերի) խորհուրդ չի տրվում օգտագործել տարբեր նախշերով և տարբեր գույնի գործվածքներ։ Լուսամատի վարագույրների ընտրությունը կախված է սենյակի կահավորանքից և լուսավորությունից։
Ընդհանուր գունահույլն ընտրվում է սենյակի բնույթին, չափերին, կողմնորոշմանը և լուսավորությանը համապատասխան (տես Բնակարանի հարդարում)։ Հյուսիսահայաց լուսամուտներով սենյակում գերադասելի են տաք գույներ. դեղնաոսկեգույն, նարնջագույն, դարչնագույն, իսկ կահավորանքի առանձին տարրեր (օրինակ, բազմոցի բարձերը) կարող են լինել վառ գույների՝ փիրուզագույն, բոսորագույն կամ զմրուխտագույն։ Հարավահայաց սենյակներում կարելի է օգտագործել մոխրականաչավուն, կապտավուն գույների գործվածքներ՝ որպես գունային շերտեր օգտագործելով սպիտակը, նարնջագույնը և կիտրոնագույնը։ Ընդհանուր սենյակում կարող է կիրառվել հագեցած գույների արտահայտիչ նախշերով Զ. գ.։ Ննջասենյակում հարմար են մեղմ գույների, հանգիստ գունային երանգների գործվածքներ, լուսամուտների ծալազարդ վարագույրների համար ցանկալի են միագույն գործվածքներ։ Այդ նույն գործվածքը կարելի է օգտագործել որպես մահճակալի ծածկոց և բարձի երես։ Հատակի գորգը, փափուկ բազկաթոռների և աթոռակների երեսպատվածքի գույնը կարող է խիստ տարբերվել հիմնական գործվածքի գույնից (տես Ննջասենյակ)։
Մանկական սենյակի համար նախընտրելի են մանր նախշերով, բուսական զարդանկարներով բաց գույնի գործվածքներ (առավելապես տաք երանգների)։ Անհրաժեշտ է խուսափել հոգնեցնող խայտաբղետությունից։ Մանկական մահճակալի ծածկոցի ու վարագույրի համար ցանկալի է ընտրել միևնույն բամբակե գործվածք (չիթ, սատին ևն)։ Նույն գործվածքը կարելի է օգտագործել մանկական մահճակալը մեկուսացնող փեղկամիջնորմի համար։
Խոհանոցի լուսամուտի վարագույրի, սփռոցների և անձեռոցիկների համար նախընտրելի են բամբակե գործվածքներ, որոնք հնարավոր է հաճախակի փոխել։ Միագույն պահարաններով խոհանոցի ինտերիերն աշխուժացնելու համար օգտագործում են վանդակավոր, զոլավոր կամ պտավոր գործվածքներ։ Խոհանոցին գեղեցիկ տեսք են տալիս նաև բուսական զարդանկարներով գործվածքները։ Սակայն պետք է հաշվի առնել, որ շատ խոշոր նախշերը և վառ գույները կարծես փոքրացնում են սենյակը և հոգնեցնում տնտեսուհուն (տես Խոհանոց)։
Սենյակներից մեկի համար Զ. գ. ընտրելիս պետք է անպայման հաշվի առնել մյուս սենյակներում օգտագործված Զ. գ.։ Անմիջականորեն հաղորդակցվող սենյակներից բաղկացած փոքր բնակարաններում կարող են օգտագործվել նույն նախշով տարբեր գուներանգների գործվածքներ, դրա շնորհիվ բնակարանը թվում է ավելի ընդարձակ, ստեղծվում է սենյակների միավորման, ամբողջական ներդաշնակ ինտերիերի տպավորություն։