ՀՀ-ում ՄԻԱՎ վարակի կանխարգելման աշխատանքները համակարգում է Առողջապահության նախ-յան ՁԻԱՀ-ի հսկողության և կանխարգելման հանրապետ. կենտրոնը (հիմն. 1989-ի նոյեմբերին)։ ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային ծրագրի շրջանակներում կենտրոնն իրականացնում է ՁԻԱՀ-ի համաճարակաբան. հսկողությունը, կանխարգելիչ միջոցառումների պլանավորումն ու իրագործումը, ինչպես նաև նշված բնագավառի կադրերի պատրաստումը, ՄԻԱՎ վարակի ախտորոշումն ու բուժումը ևն։
1997-ի փետրվարի 3-ին Ազգային ժողովն ընդունել է «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» օրենքը։
ՃԱՐՊԱԿԱԼՈՒՄ, օրգանիզմի հյուսվածքներում ճարպերի չափից ավելի կուտակման հիմքում ընկած է նյութափոխանակության խանգարումը, որի դեպքում ճարպագոյացման գործընթացներն ընթանում են ավելի ինտենսիվ, քան կազմալուծմանը։
Ճ. առավել հաճախ կապված է անկանոն ապրելակերպի, գերսնման հետ, երբ սննդի կալորիականությունը (էներգիական պոտենցիալը) գերազանցում է օրգանիզմի էներգածախսերը։ Ընդ որում, կարևոր են ոչ թե օգտագործվող սննդամթերքի քանակն ու կալորիականությունը, այլ դրանց անհամապատասխանությունը օրգանիզմի կարիքներին։ Ուստի, Ճ-ման առաջացմանը նպաստում է քիչ շարժուն ապրելակերպը, շարժական ակտիվության նվազումը, ինչպես նաև ոչ ռացիոնալ սնունդը, դյուրամարս ածխաջրերի, առաջին հերթին շաքարի, հրուշակեղենի, քաղցրեղենի և կենդանական ճարպերի (կարագ, խոզի ճարպ, յուղոտ միս) ոչ չափավոր օգտագործումը։ Ճ-ման զարգացմանը նպաստում է նաև ալկոհոլային խմիչքների պարբերաբար օգտագործումը, քանի որ ալկոհոլի կալորիականությունը բարձր է, իսկ նրա օգտագործումը հաճախ ուղեկցվում է ուտելու անզուսպ պահանջով։
Ճ-ման առաջացման գործում որոշակի դեր են խաղում օրգանիզմի ժառանգական-կառուցվածքային առանձնահատկությունները։ Սակայն, մեծ մասամբ «ընտանեկան գիրությունը» նույնպես կապված է չափից ավելի սնվելու սովորության հետ։ Այդպիսի ընտանիքներում երեխաների գերսնումը (հատկապես վաղ տարիքում) հանգեցնում է նյութափոխանակության խանգարման և դեռևս մանուկ հասակում Ճ-ման առաջացման։ Այդ խանգարումները գնալով խորանում են, քանի որ ճարպային հյուսվածքը, ինչպես և օրգանիզմի ամեն մի հյուսվածք, սնունդ է պահանջում, ախորժակը լավանում է, և գերսնման հետևանքով զարգանում է Ճ.։ Որոշ դեպքերում Ճ. պայմանավորված է ներզատիչ գեղձերի հիվանդություններով։
Ճ. դրսևորվում է մարմնի զանգվածի զգալի ավելացմամբ։ Ընդունված է տարբերել Ճ-ման 4 աստիճան. 1-ին աստիճանի դեպքում մարմնի զանգվածը գերազանցում է նորմայից 30 %-ով. 2–րդի դեպքում 30-50 %-ով, 3-րդի դեպքում՝ 50-100 %-ով, 4-րդի դեպքում 100 %-ից ավելի։ Ճ-ման 1-ին և 2-րդ աստիճանների դեպքում աշխատունակությունը և կենսական ակտիվությունը սովորաբար չեն խախտվում, բայց հարկավոր է հիշել, որ Ճ-ման մի փուլն աստիճանաբար և երբեմն մարդու համար աննկատելիորեն անցնում է մյուսին։ Նյութափոխանակության փոփոխությունը, ոսկրերի և հոդերի աճող ծանրաբեռնվածությունը հանգեցնում են հենաշարժական ապարատի փոփոխությունների։ Արտահայտված Ճ-ման դեպքում անխուսափելի են շնչառական և սիրտանոթային համակարգի խանգարումները, որոնք կարող են հանգեցնել թոքային և սրտային անբավարարության։ Նույնիսկ Ճ-ման սկզբնական փուլերը վնասակար են օրգանիզմի համար, ավելորդ զանգվածը կարող է նպաստել շաքարախտի, հիպերտոնիկ հիվանդության, կրծքային հեղձուկի, սրտամկանի ինֆարկտի և այլ հիվանդությունների առաջացմանը։
Առանց բժշկի հետ խորհրդակցելու անցանկալի է նիհարելու նպատակով զբաղվել քաղցաբուժությամբ, ախորժակի վրա ազդող դեղորայք ընդունել։
Ճ-ման կանխարգելումը պետք է սկսել մանուկ հասակից։ Չի կարելի գերսնել երեխային, նրան հարկավոր է վարժեցնել բազմազան և չափավոր սննդի, ֆիզիկական ակտիվության, առավոտյան մարզանքի, ֆիզկուլտուրայով և սպորտով զբաղվելուն։ Հասուն տարիքում հարկավոր է հետևել սեփական մարմնի զանգվածին։ 35-40 տարեկանից աստիճանաբար պետք է պակասեցնել սննդի օրաբաժնի կալորիականությունը։
ՄԱԶԵՐ, մազը կազմված է երկու մասից՝ մաշկի մեջ գտնվող արմատից և մաշկի մակերևույթից վեր ելնող ցողունից։ Մազարմատը վերջանում է մազի կոճղեզով, որին կպած է մազապտկիկը։ Մազարմատը տեղավորված է մազապարկիկում, որը լայնանում է դեպի մաշկի մակերևույթը (մազապարկի ձագար)։ Մազապարկիկներն ունեն արյունատար անոթներ, նյարդեր և ճարպագեղձեր։ Մազապարկիկի մեջ են բացվում ճարպագեղձերի ծորանները, իսկ մկանը, որի կրճատման շնորհիվ Մ. բարձրանում են, նպաստում է ճարպագեղձից արտազատուկի դուրս մղմանը։ Յուրաքանչյուր մազ ունի աճի որոշակի տևողություն, որից հետո այն ընկնում է։ Ամենից արագ աճում են գլխի մազերը։ Հոնքերն ավելի դանդաղ են աճում։ Մ-ի աճի արագությունը 50 տարեկանից հետո զգալիորեն նվազում է։
Մ. մշտապես մեռնում և թափվում են։ Մեռած մազը դեռ որոշ ժամանակ գտնվում է մաշկի մեջ, սակայն ցանկացած մեխանիկական ազդեցությունից (լվանալիս կամ սանրելիս) հեշտությամբ ընկնում է։ Թափված Մ. փոխարինվում են նորերով։ Շատ հաճախ մազաթափությունը կապված է լինում օրգանիզմի հիվանդությունների (այղ թվամ վարակիչ, երկարատև քրոնիկական), ինչպես նաև ճարպազատման խանգարման (սեբոռեա) հետ։ Ուստի, ուժեղ մազաթափության ժամանակ անհրաժեշտ է դիմել բժշկի։
Մ-ի խնամքը։ Գլուխը պետք է լվանալ հոսող տաք ջրով։ Կոշտ ջուրը կարելի է փափկացնել խմելու սոդայով (1/2 թեյի գդալ 1 լ ջրին)։ Բնականոն Մ. խորհուրդ է տրվում լվանալ 7, չոր Մ.՝ 7-10, ճարպոտ Մ.՝ 5-7 օրը մեկ։ Ճարպոտ Մ-ի դեպքում գլուխը հաճախ լվանալը կարող է արագացնել ճարպազատումը։ Խորհուրդ չի տրվում Մ. լվանալ տնտեսական օճառով։ Օճառն անմիջապես Մ–ին քսելն անցանկալի է, ավելի լավ է Մ. պատել օճառափրփուրով և դանդաղ շրջանաձև շարժումներով ներմերսել գլխի մաշկի մեջ։ Պարզաջրին քացախ կամ կիտրոնի հյութ (1 ճաշի գդալ 1 լ ջրին) ավելացնելը Մ-ին տալիս է փայլ և փափկություն։ Բաց գույնի Մ. կարելի է պարզաջրել երիցուկի թուրմով, որը ոսկեգույն երանգ է տալիս։