ներկել ներքևի շրթունքը, բարակ շրթունքներ ունեցողներին՝ ավելի շատ վերին շրթունքը։ Հաստ շրթունքները պետք է այնպես ներկել, որ Շ. չհասնի շրթունքի բնական ուրվագծին։ Խորհուրդ է տրվում բերանը նախապես եզրագծել մատիտով, ապա Շ. քսել։ Ավելորդ Շ. հեռացնելու համար խորհուրդ է տրվում շրթունքների արանքում թղթի կտոր դնել և ամուր սեղմել։ Չի կարելի գիշերը քնել Շ-ով։ Շ-ի մնացորդը հեռացնելու համար շրթունքները հարկավոր է պատել սնուցող քսուքով, ապա մաքրել անձեռոցիկով։
Շ-ի գույնը պիտի ներդաշնակի դեմքի մաշկի, աչքերի, մազերի, հագուստի գույներին։ Խորհուրդ է տրվում ցերեկը և երեկոյան օգտագործել տարբեր երանգի Շ.։ Ցերեկային Շ. պիտի լինի ավելի բաց և մեղմ երանգի։
Բաց գույնի մաշկ ունեցող կանանց, անկախ նորաձևությունից, խորհուրդ չի տրվում մուգ երանգների Շ., քանզի այն ծերացնում և կոպտացնում է դեմքը։ Թուխ (բնական կամ արևից թխացած) մաշկով կանանց խորհուրդ չի տրվում շատ բաց երանգի, իսկ թխահեր կանանց՝ չափից ավելի պայծառ ու բաց երանգի Շ.։ Թխահերներին սազում է վարդագույն, շագանակահերներին՝ միջին պայծառության, շիկահերնեներին՝ բաց երանգների Շ.։
Թողարկվում է նաև ներկանյութ չպարունակող (հիգիենային) Շ., որը նախատեսված է միայն շրթունքների մաշկը փափկացնելու, կոշտանալուց, չորանալուց և ճաքճքվելուց պաշտպանելու համար։
Հղի կանանց խորհուրդ չի տրվում Շ. օգտագործել։
ՇՓԱԲՈՐԲ, մաշկի բորբոքում, զարգանում է մաշկածալքերի (հետույքի և հետանցքի շրջանի ծալքերի, գեր կանանց կաթնագեղձերի տակի, ոտքերի միջմատային տարածության, աճուկային ծալքերի, գեր երեխաների պարանոցի և այլն) իրար հպվող խոնավ մակերևույթների շփումից։ Շ-ի առաջացմանը նպաստում են քրտնա- և ճարպարտադրության ավելացումը, սպիտահոսությունը, անմիզապահությունը։ Առավել հաճախ Շ. առաջանում է տարվա շոգ եղանակին, բնորոշ է գեր մարդկանց, ինչպես նաև կրծքի երեխաներին՝ մաշկի խնամքի հիգիենայի կանոնները խախտելիս։ Շ-ի ժամանակ մաշկի ախտահարված հատվածը կարմրում է, այտուցվում, խոնավանում։ Անհանգստացնում է քորը, այրոցը, երբեմն՝ ցավը։ Շ-ի կանխման համար հարկավոր է պահապանել անձնական հիգիենայի կանոնները, պայքարել քրտնոտության դեմ, մաշկածալքերը լվանալ բորաթթվի (1 բաժակ ջրին՝ 1 թեյի գդալ), կալիումի գերմանգանատի բաց վարդագույն լուծույթներով, այնուհետև լավ չորացնել։ Գեր մարդկանց և փոքր երեխաներին խորհուրդ է տրվում լվացումներից հետո մաշկածալքերը սրբել եռացրած բուսական յուղով, վազելինով և ցանել դիմափոշի կամ տալկ։
ՈՍՊՆՅԱԿԻ ՄԹԱԳՆՈՒՄ, կատարակտա, աչքի հիվանդություն, երբ խոչնդոտվում է լույսի ճառագայթների թափանցումը աչքի մեջ և ընկնում տեսողության սրությունը։ Տարբերում են ոչ առաջադիմող, մասնակի (սովորաբար բնածին) և առաջադիմող (ձեռքբերովի) Ո. մ-ներ, երբ ոսպնյակն աստիճանաբար ամբողջովին մթագնում է։ Դա առանձնապես բնորոշ է, այսպես կոչված, ծերունական Ո. մ-մանը, որը երբեմն զարգանում է 50 տարեկանից հետո։ Հիվանդության զարգացմանը նպաստում են շաքարախտը, աչքի երկարատև հիվանդությունները (անոթաթաղանթի բորբոքում, ցանցաթաղանթի շերտազատում, ուժեղ կարճատեսություն, գլաուկոմա և այլն), աչքի վնասվածքները, ինչպես նաև առանց համապատասխան պաշտպանական միջոցների բարձր ջերմաստիճանի պայմաններում (հալոցային վառարանների մոտ) կամ իոնացնող ճառագայթների ներգործության տակ երկարատև աշխատելը։
Նոր սկսվող Ո.մ–ման զարգացումը կանխելու համար բժիշկը նշանակում է բուժիչ դեղանյութեր։ Եթե հիվանդությունն առաջադիմում է, ապա դիմում են վիրահատական միջամտության։ Վիրահատությունից հետո ոսպնյակից զրկված աչքն ընդունակ չէ լույսի ճառագայթները բեկել բնականոն աչքի չափ, ուստի տեսողությունը մնում է թույլ։ Այն վերականգնվում է ակնոցի օգնությամբ (նշանակվում է վիրահատությունից 1,5-2 ամիս հետո)։ Ո.մ–ով հիվանդներին խորհուրդ չի տրվում օգտագործել յուղալի և աղի սնունդ։ Օգտակար են վիտամիններով հարուստ մրգերն ու բանջարեղենը՝ գազարը, կաղամբը, շաղգամը, կիտրոնը, խնձորը և այլն։
ՈՐԴԱՆՄԱՆ ԵԼՈՒՆԻ ԲՈՐԲՈՔՈՒՄ, ապենդիցիտ, կույր աղիքի որդանման ելունի (ապենդիքս) բորբոքային հիվանդություն։ Լինում է սուր և քրոնիկական։ Սուր բորբոքումը, որպես կանոն,