կարևոր է կոշիկի ճիշտ ընտրությունը, դրա չափսերը պետք է ճշտորեն համապատասխանեն ոտնաթաթի ձևին, լինեն ոչ շատ կիպ կամ լայն։ Կրունկի բարձրությունը պետք է լինի 3-4 սմ։ Բարձրակրունկ կոշիկները նպաստում են լայնական Տ-յան առաջացմանը։ Երեխաները պետք է հագնեն պինդ ներբանով, ոչ բարձր (1-2 սմ) և դիմացկուն կրնկամասով կոշիկ։ Անհրաժեշտ է հետևել երեխայի կեցվածքին, ուշադրություն դարձնել, որ նրանք միշտ իրանն ու գլուխն ուղիղ պահեն, քայլելիս ոտնաթաթի ծայրերն իրարից հեռու չդնեն։
Տ-յան բուժումն ու կանխարգելումն առավել արդյունավետ են մանկական տարիքում։ Տ-յան նշանների դեպքում անհրաժեշտ է դիմել բժիշկ-օրթոպեդի։ Երեխայի տարիքից, զարգացումից, ոտնաթաթի տափակության աստիճանից կախված բժիշկը նշանակում է հատուկ մարմնամարզություն, որը պետք է անցկացնել տանը ծնողների հսկողությամբ։ Անհատականորեն ընտրած վարժությունները հարկավոր է զուգակցել ոտքերի մկանները և կապաններն ամրացնող վարժությունների հետ։ Խորհուրդ է տրվում նաև ոտքերի ամենօրյա տաք (35-36 °C) լոգանքներ և մերսում (շոյում, շփում)։ Հարկավոր է մերսել առավելապես սրունքի ներսային և ոտնաթաթի ներբանային մակերևույթները։ Սրունքի մերսումը կատարում են սրունքթաթային հոդից դեպի ծնկահոդը, իսկ ոտնաթաթինը մատերից դեպի կրունկը։