Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/34

Այս էջը հաստատված է

է կամ անջատել լարումը բաշխիչ վահանակի անջատիչի օգնությամբ, կամ էլ հանել անսարք գիծը պաշտպանող ապահովիչները։ Լողասենյակի (կամ այլ խոնավ սենյակի) Է-ի անսարքության դեպքում հարկավոր է անպայման հրավիրել մասնագետ, քանի որ նման դեպքերում զգուշության սովորական միջոցառումները (ռետինե ձեռնոցների, մեկուսիչ ռետինի, փայտի կտորների օգտագործումը) կարող են անբավարար լինել։

Այն դեպքում, երբ անհրաժեշտ է լրացուցիչ մշտական լուսատու տեղադրել (օրինակ, պահեստանոցում, անտրեսոլներում), հարկավոր է հիշել, որ անջատիչը պետք է խզի փուլային լարը՝ դա ապահովում է անջատված վիճակում լամպի կոթառի զույգ հպակների վրա լարման բացակայությունը, իսկ փուլային լարն անհրաժեշտ է միացնել ոչ թե պարուրակավոր, այլ կոթառի հատակի հպակին։ Այդ դեպքում նվազում է լարման տակ գտնվող հաղորդիչին դիպչելու վտանգը։ Փուլային լարը կարելի է որոշել սովորական վոլտաչափով՝ չափելով լարումը էլեկտրական լարի և հողակցված հաղորդիչ առարկայի միջև, եթե կա լարում, ուրեմն ստուգվող լարը փուլայինն է, հակառակ դեպքում, լարը զրոյականն է։

Է. փոխելիս կամ նոր գծամասեր անցկացնելիս անհրաժեշտ է օգտագործել շահագործման տվյալ պայմաններին համապատասխանող լարեր։ Հոլովակների կամ մեկուսիչների վրա անցկացված բաց գծերի համար չոր և խոնավ շինություններում օգտագործվում են պոլիվինիլքլորիդի շերտով ծածկված ռետինե մեկուսապատվածքով պղնձե կամ ալյումինե լարեր։ Սվաղի տակ թաքնված հաղորդագիծ անցկացնելու համար կարելի է օգտագործել պղնձե կամ ալյումինե ջղերով և պոլիվինիլքլորիդային մեկուսապատվածքով լարեր, նույնպիսի, բայց բաժանիչ հիմքով լարերը պիտանի են բնակելի շինություններում բաց հաղորդագծեր անցկացնելիս։ Մետաղե խողովակների միջով հաղորդագծեր անցկացնելիս օգտագործում են պղնձե կամ ալյումինե ջղով և հականեխիչ լուծույթով տոգորված բամբակե շրջահյուսվածքի մեջ առնված ռետինե մեկուսապատվածքով հաղորդալարեր։ Այն դեպքերում, երբ Է. մեխանիկական պաշտպանության կարիք է զգում, պիտանի է պղնձե ջղով և պողպատալարի շրջահյուսվածքի կամ խողովակային ծալուքավոր թաղանթի մեջ առնված ռետինե մեկուսապատվածքով հաղորդալարը։


ԷԼԵԿՏՐԱՀԱՇՎԻՉ, սպառվող էլեկտրաէներգիայի հաշվառման չափիչ սարք։ Կենցաղում կիրառվում են 50 Հց հաճախության 220 կամ 127 Վ միափուլ փոփոխական լարման Է-ներ։ Էլեկտրաէներգիայի հաշվարկը կատարվում է կիլովատտ.ժամերով։ Ցանցին է միացվում հետնամասի կափարիչի ներսի մասում տրված սխեմայով։ Է-ները տեղադրվում են չոր փակ շինություններում հատուկ վահանների (կամ էլ բնակարանային բաշխիչ վահանների) վրա ցուցմունքները ստուգելու համար մատչելի տեղերում։

Էլեկտրասարքերը միացնելիս Է-ի միջով անցնում է հաշվիչ մեխանիզմը շարժման մեջ դնող հոսանքը (Է-ի պատուհանից կարելի է տեսնել ձախից աջ պտտվող սկավառակը)։ Շղթայի գերծանրաբեռնվածության կամ կարճ միացման պատճառով հաշվիչի խափանումից խուսափելու համար Է-ի և էլեկտրաէներգիա սպառողի միջև դրվում են էլեկտրական ապահովիչներ կամ ավտոմատ անջատիչներ։ Հարկ է հիշել, որ ծախսվող էներգիայի համար պետությանը տրվող վճարումները հաշվարկելու Է-ներն (ի տարբերություն առանձին սպառողների միջև ներքին հաշվարկ կատարելու Է-ների) թույլ չի տրվում ինքնագլուխ բացել և նորոգել։


ԷԼԵԿՏՐԱՍԱԼԻԿ, թողարկում են 1 կամ 2 սկավառակներով Է-ներ՝ աստիճանային (1-ից մինչև 7) տաքացում ապահովող հզորության փոխարկիչներով։ Միասկավառակ Է-ի հզորությունը 0,8–2,6 կՎտ է, երկսկավառակինը՝ 1,8-3 կՎտ (սակայն միաժամանակ աշխատող երկու սկավառակների ընդհանուր հզորությունը չպետք է գերազանցի 2,2 կՎտ)։ Է-ների սկավառակները լինում են թուջե, դրոշմած կամ խողովակավոր 145 կամ 180 մմ տրամագծով։ Արդի Է–ներն ունեն ազդանշանային լամպ, որը վառվում է սկավառակը միացնելիս։

Առավել արդյունավետ և կատարելագործված են խողովակավոր սկավառակներով Է-ները. դրանք արագ են տաքանում, խնայողական են և դիմացկուն։ Խողովակավոր սկավառակների օգտակար գործողության գործակիցը մեծացնելու համար դրա տակ դնում են չժանգոտող պողպատե անդրադարձիչ։ Սկավառակները լինում են հանովի կամ հետգցովի, ինչը զգալիորեն հեշտացնում է անդրադարձիչի մաքրումը։

Է-ի անվտանգությունն ապահովվում է հոսանքահաղորդիչ մասերի (հատկապես