Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/342

Այս էջը հաստատված է

գտնվեն երկու աչքերից ճիշտ և միևնույն հեռավորության վրա։ Ականջադիրները չպետք է ճնշեն քունքերը։ Ակնոցը հարկավոր է սրբել փափուկ կտորով և պահել հատուկ տուփի կամ պատյանի մեջ։

Արևի ճառագայթներից աչքերը պաշտպանելու համար (հատկապես ամռանը) խորհուրդ է տրվում կրել մուգ ապակիներով ակնոց։ Ուժեղ ինֆրակարմիր ճառագայթման պայմաններում աշխատող մարդիկ (ապակեգործներ, պողպատագործներ, տաք արտադրամասի բանվորներ) պետք է կրեն հատուկ պաշտպանական ակնոց (օրինակ, մուգ մոխրագույն)։

Հաճախ կենցաղում կամ աշխատանքում մարդիկ (առավել հաճախ երեխաները) ստանում են աչքի վնասվածքներ։ Երեխաների համար վտանգավոր են մանկական ատրճանակներով, նետերով, սուր առարկաներով խաղերը։ Մեկ աչքը վիրավորվելիս կարող է առաջանալ երկկողմանի կուրություն։ Շատ վտանգավոր են մետաղի, ապակու, քարի, ածխի մանր բեկորները։ Բարդություններից խուսափելու համար աչք ընկած յուրաքանչյուր օտար մարմին պետք է ժամանակին հեռացնել։ Եթե հնարավոր չէ դիմել ակնաբույժի, ապա կարելի է փորձել ինքնուրույն հանել օտար մարմինը՝ աչքը լվանալով մաքուր ջրով։ Վարակից խուսափելու համար չի կարելի կեղտոտ ձեռքերով կամ թաշկինակով տրորել աչքերը։ Արտադրության մեջ աչքի վնասվածքները հաճախ առաջանում են թթուներից, ալկալիներից, կրից և այլ նյութերից, իսկ գյուղական վայրերում՝ կտավատի, կանեփի կամ այլ բույսերի կոշտ կեղևից, չոր մնացորդներից։ Վնասվածքներից խուսափելու համար անհրաժեշտ է կրել պաշտպանական ակնոց և խստորեն պահպանել անվտանգության տեխնիկայի կանոնները։ Աչքերը վնասվելիս (այրվածք, վնասվածք, հարված և այլն) անհրաժեշտ է շտապ բժշկական օգնություն (մինչ այդ աչքերի վրա դնել մաքուր, ախտահանած վիրակապ)։ Ալկալիներից կամ թթուներից առաջացած այրվածքների դեպքում անհրաժեշտ է աչքերը անհապաղ լվանալ առատ ջրով (ցանկալի է ծորակի ջրի շիթով)։

ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶ, վարակիչ հիվանդություն. հարուցիչները միկոբակտերիաներն են («տուբերկուլոզի ցուպիկ», «Կոխի ցուպիկ»), որոնք տարբեր օրգաններում առաջացնում են առանձնահատուկ բորբոքային փոփոխություններ։ Վարակի տարածման հիմնական աղբյուրը Տ-ով հիվանդն է, որի խորխի մեջ կան մանրէներ։ Վարակվում են հիմնականում հիվանդի խորխի (հեղուկ կամ չորացած) մանրագույն կաթիլները, մասնիկները շնչելիս, հազվադեպ Տ-ով հիվանդ տնային կենդանիների հում կաթը, կիսաեփ միսն օգտագործելիս և այլ միջոցներով։

Հիվանդության զարգացման համար Տ-ի ցուպիկները մարդու օրգանիզմ թափանցելն անհրաժեշտ, բայց բավարար պայման չէ։ Որպես կանոն, Տ-ով հիվանդանում են այն մարդիկ, որոնց օրգանիզմը թուլացել է դիմադրողականությունն իջեցնող նախորդող հիվանդություններից, անբավարար սննդից (հատկապես կենդանական սպիտակուցների, վիտամինների անբավարարության դեպքում), սանիտարահիգիենային վատ պայմաններից, ինչպես նաև վարակիչ հիվանդի հետ երկարատև շփման ընթացքում կրկնավարակումից։ Հաճախ Տ-ով հիվանդանում են մինչև 3 տարեկան երեխաները (քանի որ նրանց մոտ դեռևս թույլ է զարգացած Տ-ի հանդեպ անընկալությունը) և պատանիները՝ սեռական հասունացման շրջանում։

Տ-ով ախտահարվում են տարբեր օրգաններ, հատկապես՝ թոքերը։ Հիվանդության դրսևորումները պայմանավորված են Տ-ի ձևերով, հիվանդի տարիքով, օրգանիզմի վիճակով։ Հիվանդության բոլոր ձևերի համար ընդհանուր ախտանշաններ են մարմնի ջերմաստիճանի բարձրացումը, գիշերային քրտնարտադրությունը, ախորժակի և քնի վատացումը, նիհարումը, գրգռվածությունը, աշխատունակության իջեցումը։ Թոքերի Տ-ի ժամանակ, դրանցից բացի, նկատվում է չոր կամ խորխարտադրությամբ ուղեկցվող հազ, երբեմն՝ արյունախխում։ Տ. որքան վաղ է հայտնաբերվում, այնքան հեշտանում է բուժումը։ Ուստի կարևոր է հիվանդության հենց առաջին նշանների ի հայտ գալուն պես դիմել բժշկի։ Մանկական տարիքում, Տ-ի հայտնաբերման նպատակով, զանգվածային հետազոտման համար կիրառում են ներմաշկային փորձ (Մանթուի ռեակցիա)։ Տ-ի վաղ ախտորոշման համար կարևոր է բնակչության ֆլուորագրաֆիական (ռենտգենաբանական) հետազոտությունը։

Տ-ի բոլոր ձևերի ժամանակ համալիր բուժումն անցկացվում է հակատուբերկուլոզային դիսպանսերում։ Հիվանդը պետք է պահպանի հիգիենային ռեժիմ, լիարժեք սնվի, տարվա ցանկացած եղանակին երկար լինի մաքուր օդում։ Սնունդը պետք է պարունակի բավարար քանակությամբ կենդանական սպիտակուցներ (միս, ձուկ, կաթնաշոռ, պանիր, կաթ, ձու)։ Մրգերը և բանջարեղենը (լոլիկ, գազար, սև հաղարջ, կիտրոն, խաղող և այլն) ավելի լավ է օգտագործել հում կամ հյութի ձևով։ Հարկավոր է ընդունել նաև վիտամիններ A, B1, B2, B6, իսկ մաշկի Տ-ի ժամանակ՝ նաև D2։ Հիվանդության սրացման դեպքում անհրաժեշտ է պահպանել հանգստի ռեժիմ, իսկ ապաքինման ժամանակ օգտակար են ֆիզկուլտուրան, զբոսանքները, աշխատանքը, կոփումը։ Հակատուբերկուլոզային պատրաստուկները նշանակում է բժիշկը։

Բուժման ընթացքում հիվանդը չպետք է ինքնուրույն ընդմիջումներ կատարի, չարաշահի ալկոհոլը և ծխի։

Տ-ով վարակումը կարելի է կանխարգելել Տ-ային մանրէների տարածումը կանխող միջոցառումներով։ Եթե Տ-ով հիվանդն արտազատում է միկոբակտերիաներ և չունի առանձին սենյակ, ապա նրա մահճակալը պետք է դրվի ընտանիքի մյուս անդամների մահճակալից 1,5-2 մ հեռավորության վրա։ Ցանկալի է այն մեկուսացնել վարագույրով։ Հիվանդի համար առանձնացրած անկողինը, սպիտակեղենը, ամանեղենը պետք է պահել և լվանալ առանձին։ Սենյակն անհրաժեշտ է մաքրել խոնավ եղանակով (տաք օճառասոդային լուծույթով)։ Սպիտակեղենը, ամանեղենը հարկավոր է վարակազերծել սոդայի 2 %-անոց լուծույթում եռացնելով կամ քլորամինի 5 %-անոց լուծույթով։ Հիվանդի սենյակից հարկավոր է վերցնել գորգը, ավելորդ առարկաները, թողնել միայն հեշտ լվացվող և մաքրվող իրեր, փափուկ կահույքին ծածկոց փռել։ Հիվանդը պետք է ունենա թքաման, որի մեկ երրորդ մասը նախօրոք հարկավոր է լցնել քլորամինի 5 %-անոց լուծույթով։ Անհրաժեշտ է խուսափել հիվանդի հետ երեխաների սերտ շփումից, հիվանդը չպետք է երեխային գրկի, համբուրի։

Տ-ով հիվանդի ընտանիքի անդամները պարբերաբար հակատուբերկուլոզային դիսպանսերում պետք է ենթարկվեն զննման։ Երեխաների և դեռահասների