Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/343

Այս էջը հաստատված է

հիվանդությունը կանխարգելում են հակատուբերկուլոզային պատրաստուկներով։ Զննման ենթակա են նաև մանկական հիմնարկների, հասարակական սննդի, քաղաքային տրանսպորտի աշխատողները, վարսավիրները։ Տ-ի վաղ հայտնաբերման համար հետազոտում են դպրոցներում, ուսումնարաններում, տեխնիկումներում սովորողներին, զինակոչիկներին և այլոց։

Կարևոր են հակատուբերկուլոզային պատվաստումները. դրանք անցկացնում են երեխայի կյանքի 5-7-րդ օրը, կրկնապատվաստումները՝ 1-ին, 5-րդ և 10-րդ դասարաններում (Մանթուի ներմաշկային փորձի բացասական արդյունքի դեպքում), այնուհետև՝ 22-23 և 27-30 տարեկանում։ Սակայն այնտեղ, ուր Տ-ով հիվանդությունը գործնականորեն վերացվել է, կրկնապատվաստումները կատարում են 1-ին, 3-րդ դասարաններում, այնուհետև 5-7 տարվա ընդմիջումներով՝ մինչև 30 տարեկանը։ Պատվաստված անձինք հիվանդանում են հազվադեպ, իսկ նրանց հիվանդությունն ընթանում է բավականին թեթև։

ՑԱՆԱՓՈՇԻ, հակաբորբոքային, վարակազերծիչ, մաշկը չորացնող միջոց, կիրառվում է մաշկի բորբոքումների, ինչպես նաև բարձր քրտնարտադրության և ճարպարտադրության դեպքում։ Ըստ բաղադրության տարբերում են հանքային (ցինկի օքսիդ կամ տալկ պարունակող) և բուսական (օսլա պարունակող) Ց-ներ։ Երբեմն կիրառվում են խառը բաղադրության Ց-ներ։ Բուժիչ Ց-ների կազմի մեջ կարող են լինել զանազան դեղանյութեր՝ անեսթեզին, ֆորմալին, բորաթթու, ուրոտրոպին, դերմատոլ ևն։

Ց. կարելի է օգտագործել շփաբորբի, քրտնոտության, քրտնախաշի կանխարգելման և բուժման նպատակով։ Կրծքի երեխաների և շաքարախտով հիվանդների համար, մաշկի թարախային և սնկիկային (կանդիդոզ) ախտահարումից խուսափելու նպատակով, ցանկալի է օգտագործել առանց օսլայի կամ քիչ օսլա պարունակող Ց.։ Մաշկի մակերևույթի խոնավացմամբ ուղեկցվող սուր բորբոքումների ժամանակ Ց. հակացուցված է։

ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ, մարդը կարող է ցրտահարվել ոչ միայն սառնամանիքին, այլև զրոյական ջերմաստիճանին մոտ (բարձր խոնավության դեպքում երկարատև սառեցման) պայմաններում։

Ց-յանը նպաստում են քամին, օդի խոնավությանը, խոնավ և նեղ հագուստը, կոշիկը, ձեռնոցը, հարբածությունը, օրգանիզմի թուլությունը։ Առավել հաճախ ցրտահարվում են ոտքերի և ձեռքերի մատները, քիթը, ականջները։ Տարբերում են Ց-յան չորս աստիճան։ Առաջին աստիճանի դեպքում մաշկը կորցնում է զգայունությունը, գունատվում, ցրտահարված մասերն այտուցվում են, ցավում և քոր գալիս։ Տաքանալուց հետո վնասված մասում մաշկը ստանում է կապտավուն երանգ, ապա այտուցվում և որոշ ժամանակից հետո սկսում է թեփոտվել։ Այդ երևույթները 2-3 օրից անցնում են։ Երկրորդ աստիճանի դեպքում ի հայտ են գալիս նույն նշանները, սակայն որոշ ժամանակից հետո առաջանում են անգույն հեղուկով լցված բշտիկներ, որոնք, որպես կանոն, չորանում են 10-12 օրից։ Առողջացման ընթացքը տևում է 2-3 շաբաթ։ Երրորդ աստիճանի դեպքում առաջանում են արյունոտ հեղուկ պարունակող բշտիկներ, որոնց տեղերում մի քանի օր հետո գոյանում են մեռուկացած հատվածներ, որոնք այնուհետև պոկվում են՝ սպիներ թողնելով։ Չորրորդ աստիճանի դեպքում նկատվում է բոլոր փափուկ, իսկ երբեմն նաև՝ ոսկրային հյուսվածքների մեռուկացում։

Տուժածին հարկավոր է անմիջապես տանել տաք սենյակ (18-20 °C), տաքացնել ջեռակներով, տաք թեյ կամ սուրճ տալ։ Ցրտահարված վերջույթը հարկավոր է ընկղմել գոլ ջրի մեջ (37-40 °C) և զգուշորեն շփել այնքան ժամանակ, մինչև մաշկը կարմրի, և վերականգնվի նրա զգայունությունը, այնուհետև վիրակապել։ Չի կարելի ցրտահարված տեղը շփել ցուրտ տեղում կամ ձնով։ Եթե Ց-ից որոշ ժամանակ անց առաջանում են բշտիկներ, հարկավոր է չոր, տաքացնող վիրակապ դնել և դիմել բժշկի։ Ոտքի կամ ձեռքի մեծ հատվածի Ց-յան, ինչպես նաև ընդհանուր սառածության դեպքում ցանկալի է գոլ լոգանք ընդունել (37 °C–ից ոչ տաք), ապա մաքուր ջրում շփել և մերսել մարմինը։ Լոգանքի փոխարեն կարելի է մարմինը շփել օղիով կամ օդեկոլոնով, մերսել, տաքացնել ջեռակներով, տուժածին տալ թունդ թեյ, սուրճ։ Մեծ հատվածների, երրորդ և չորրորդ աստիճանի Ց-յան, ինչպես նաև ընդհանուր սառածության դեպքում հարկավոր է ցույց տալ առաջին օգնություն և հնարավորության դեպքում տուժածին հասցնել բուժհիմնարկություն։

Ց-յան կամ ընդհանուր սառածության դեպքում օրգանիզմը երկար ժամանակ շատ զգայուն է լինում ցրտի նկատմամբ։ Կրկնական Ց-ից խուսափելու համար անհրաժեշտ է ցուրտ եղանակին կրել տաք հագուստ, տաք անջրանցիկ կոշիկ, բրդե գուլպա ևն։ Ց-յան կանխարգելման առավել արդյունավետ միջոց է մարմնի կոփումը։ Մաշկին (հատկապես ոտքերի) ճարպանյութեր քսելը ոչ միայն չի կանխում Ց., այլ կարող է նպաստել նրա առաջացմանը։

ՈՒՂԵՂԻ ՑՆՑՈՒՄ, սովորաբար առաջանում է գանգ-գլխուղեղային փակ վնասվածքի ժամանակ։ Ուղեղանյութը չի վնասվում, բայց ժամանակավոր խանգարվում է նյարդային բջիջների աշխատանքը, ընդհատվում է գլխուղեղի տարբեր բաժինների միջև փոխկապակցությունը, որը դրսևորվում է գլխուղեղի գործունեության խանգարմամբ։ Ու. ց. ուղեկցվում է գիտակցության կորստով (մի քանի վայրկյանից մինչև մի քանի ժամ)։

Գիտակցության վերականգնումից հետո առաջանում են փսխումներ կամ սրտխառնոց, գլխացավ։ Հիվանդը, որպես կանոն, չի հիշում վնասվածքի և իրադարձության հանգամանքները։ Կարող է նկատվել դեմքի գունատություն, անոթազարկի հաճախացում, ընդհանուր թուլություն, քրտնոտություն, քնկոտություն։ Սովորաբար այդ երևույթները 1-2 շաբաթում աստիճանաբար անհետանում են։ Սակայն որոշ դեպքերում, կախված Ու.ց–ման աստիճանից և լրիվ հանգստի ռեժիմի խախտումից, ամիսներ և նույնիսկ տարիներ կարող են նկատվել ընդհանուր թուլություն, գրգռվածություն, գերհոգնածություն, աշխատունակության նվազում և այլ ախտանշաններ։

Գլխի բոլոր ձևի վնասվածքների (հատկապես գիտակցության կորստով և սրտխառնոցով ուղեկցվող) դեպքում հիվանդն անպայման պետք է դիմի բժշկի, քանի որ դրանք կարող են ուղեկցվել ոչ միայն Ու. ց-ով, այլ ավելի ծանր վիճակով (սալջարդ, ճնշում, արյունազեղում), որը պահանջում է անհետաձգելի վիրաբուժական բուժում։ Ու. ց-ման ժամանակ հիվանդին պիտի պառկեցնել անկողնում (հանգստի տևողությունը որոշում է բժիշկը), գլխին սառույց դնել,