Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/364

Այս էջը հաստատված է

և կարկատանի թելերի ուղղությունները պետք է համընկնեն։

Խաչկարով (նկ. 12) խծպում են հաստ գործվածքներից (մահուդ, թավիշ, նրբաթավիշ ևն) կարված շրջազգեստի, կիսաշրջազգեստի փեշը, թևքի և օձիքի բերանը, ինչպես նաև կարազարդում են։ Խաչկարի կութերը կարում են աջից ձախ։ Ասեղն անցկացնում են ծալաշերտի միջով այնպես, որ հանգույցը չերևա, ապա բռնում հիմնական գործվածքի մի քանի թել (շիտակ երեսից չերևացող կութով) և ծալաշերտի վրա անթափանց կութ անում։

Եռանկյունաձև կարը (նկ. 13) կիրառում են դարսերի, գրպանների, թակալակարերի, կտրվածքների դրվագման և ամրակարման համար։ Գործվածքի վրա թերակարով նախապես նշում են հավասարակողմ եռանկյան եզրագծերը։ Շիտակ երես դուրս բերած թելով եռանկյունը կարապատում են հավասարաչափ ձգված խիտ կութերով։ Փափուկ գործվածքների հակառակ երեսից ամրության համար երբեմն աստառի շեղ ձևած կտոր են դնում։

Ձևավոր կարը (նկ. 14) կիրառում են աստառը խծպելու համար և որպես զարդակար։ Ասեղը դուրս են բերում գործվածքի շիտակ երեսը, թելն ուղղում դեպի աջ, պահում բութ մատով, ասեղն անցկացնում հակառակ կողմը՝ առանց թելը մինչև վերջ ձգելու։ Նույն գործողությունը կրկնում են՝ թելն ուղղելով դեպի ձախ։ Երկու ճյուղավորումով նախշակար ստանալու համար երկու կութ անում են թելն ուղղելով դեպի աջ, երկուսը՝ դեպի աջ, երկուսը՝ դեպի ձախ։

Մեքենայի կարեր (թակալակարեր)

Հիմնական կարատեսակներն են թափանցակարը, կրկնակարը, ներսակարը, խծպակարը, զուգակարը, վրակարը, ծալակարը, երիզակարը, ուռուցակարը և նեղ կարը։ Թակալակարն անում են թերակարից քիչ վերև կամ ներքև, որպեսզի հետագայում վերջինս հեշտ քանդվի։

Թափանցակարը (նկ. 15) ամենատարածված կարատեսակն է։ Այն կիրառում են հիմնական դետալների միացման համար։ Կտորները դնում են իրար վրա շիտակ երեսը դեպի ներս և թակալում եզրից որոշ հեռավորության վրա։ Կարի լայնությունը կախված է գործվածքի տեսակից։

Կրկնակարով (նկ. 16) կարում են անկողնու սպիտակեղենը, անաստառ կոստյումները, ինչպես նաև քրքրվող բարակ գործվածքների եզրերը։ Կտորները դնում են իրար վրա հակառակ երեսը դեպի ներս և թակալում շիտակ երեսից՝ եզրից 0,3 սմ հեռավորության վրա։ Եզրը հավասարեցնում են, կարածալքը բացում և թերակարում։ Երկրորդ անգամ թակալում են հակառակ երեսից՝ կտրված եզրերը թողնելով կարի մեջ։ Պատրաստի կարի լայնությունը 0,6-0,8 սմ է։

Ներսակարը (նկ. 17) կիրառում են ներքնահագուստ, մարզահագուստ, անաստառ կոստյում կարելիս։ Կտորները դնում են իրար վրա (շիտակ երեսը դեպի ներս) այնպես, որ եզրերի միջև հեռավորությունը լինի 0,8 սմ։ Եզրերը թակալում են, ապա կարածալքը թացում, երկար եզրը վրա բերում, ծալում և թակալում։ Պատրաստի կարի լայնությունը 0,6-0,8 սմ է։

Խծպակարը (նկ. 18) սովորաբար կիրառում են ներքնահագուստի, տղամարդու վերնաշապիկների ներքևի եզրերը խծպելիս և անկողնու սպիտակեղեն կարելիս։ Եզրը ծալում են դեպի հակառակ երեսը սկզբից 0,5 սմ, ապա ևս 0,5-1 սմ (երբեմն մի քանի անգամ) և թակալում ծալագծից 0,1 սմ հեռավորության վրա։

Խծպակարի համար որոշ մեքենաներում նախատեսված է հատուկ թաթիկ։

Զուգակարը (նկ. 19) հաստ և կոպիտ գործվածքների համար է։ Կտորները միացնում են թափանցակարով, ապա կարածալը բացում, թերակարում և թակալում։ Կարի լայնությունը չի սահմանափակվում։

Վրակարով (նկ. 20) կարում են պարուսինի գործվածքները։ Մի կտորի եզրը առանց ծալելու դնում են մյուսի վրա (նույնպես չծալած) և թակալում։ Պատրաստի կարի լայնությունը 0,5 սմ է։

Ծալակարով (նկ. 21) մշակում են ուսակարերը, միացնում կցակտորները, կարում շրջազգեստի դարսերը։ Ծալակարն անում են երկու եղանակով։

Առաջին եղանակ. կտորները միացնում են թափանցակարով, վրայի կտորը հետ տանում, եզրերը ծալում, թերակարում և թակալում։ Կարերի միջև հեռավորությունը կախված է գործվածքի հաստությունից և հագուստի ձևից։ Հաստ գործվածքների տակի կտորի եզրը վրայինից 0,5 սմ նեղ են վերցնում, որպեսզի կարը տափակ ստացվի։

Երկրորդ եղանակ. կցվող կտորի եզրը ծալում են, թերակարում, դնում հիմնական կտորի վրա և թակալում։ Կարի լայնությունը չի սահմանափակվում։

Երիզակարով (նկ. 22) ձևավորում են վզի բացվածքը. շրջազգեստի փեշը, ինչպես նաև մշակում հաստ գործվածքներից կարված հագուստի եզրերը շրջոնքի կողմից։ Վզի բացվածքը և փեշը երիզելու համար կտրում են 2 սմ լայնության շեղ զոլակ, որը թերակարում, ապա թակալում են կտորի եզրին, զոլակը շրջում են՝ կտրած եզրերը ներառնելով զոլակի մեջ, վերջինիս եզրը 0,5 սմ ծալում են և գաղտնակարով ամրացնում թակալակարի գծով։ Հաստ գործվածքի եզրերը մշակելու համար 3 սմ լայնության շեղ զոլակը դնում են հիմնական կտորի շիտակ երեսին, թակալում 0,3 սմ լայնության կարով, կարածալքն ուղղում դեպի հիմնական կտորը, զոլակը վրա բերում և թակալում շիտակ երեսից (կարի գծով)՝ առանց եզրը ծալելու։

Ուռուցակարը (նկ. 23) կիրառում են որպես դրվագակար։ Կտորի վրա նշում են ուռուցակարի գիծը, կտորը ծալում շիտակ կողմը դեպի ներս, թերակարում և թակալում ծալագծի երկայնքով։ Կարի լայնությանը կախված է գործվածքի հաստությունից և հագուստի ձևից։ Ուռուցակարը թակալում են նաև շիտակ երեսից։

Նեղկարով (նկ. 24) շրջակարում են բոլորածալը և զգեստի փեշը։ Գործվածքի եզրը 0,3 սմ ծալում են, թերակարում, թակալում ծալագծից 0,1-0,2 սմ հեռավորության վրա, կարից դուրս մնացած եզրը կտրում, կրկին ծալում 0,2 սմ և հակառակ երեսից եզրագծով թակալում։

Տես նաև Ասեղնագործություն և Ասեղնագործություն մեքենայով:

ԿԱՐՈՒՁԵՎ, հագուստի ձևն ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել, որ այն պետք է լինի հարմար, համապատասխանի տարիքին, մարմնի կառուցվածքին և միևնույն ժամանակ լինի նորաձև։

Ընտրած գործվածքը նախապես շոգեմշակում են՝ կանխելու համար հագուստի հետագա ձևափոխությունը (տես Շոգեմշակում գործվածքի): Որոշ գործվածքներ (կրեպ, թավիշ, վելվետ) կարիք չկա շոգեմշակելու։