Ներկարված զոլակներով բացվածքի մշակում (նկ. 11)։ Աջ, ապա ձախ զոլակը դնում են դետալի շիտակ երեսին, եզրերը հավասարեցնում և կցակարում միաժամանակ տակից П-աձև կտոր դնելով։ Վերջինս կարելի է նախապես թակալել հագուստի շրջոնքի կողմից մշակվող կտրվածքից 0,5-1 սմ հեռավորության վրա։ Զոլակների թակալակարերի միջև հեռավորությունը պետք է հավասար լինի պատրաստի զոլակների լայնությանը։ Կարաբաժնի անկյունային մասում կտրվածք են անում (նկ. 11, ա, բ)։ Աջ զոլակը դնում են ձախի վրա, ներքևի ազատ ծայրերն անցկացնում շրջոնքի կողմը, հիմնական դետալը և լրացուցիչ կտորը հետ ծալում և զոլակները ներքևի մասում ամրակարում (նկ. 11, գ)։ Վերջում զոլակների եզրերը մաքրակարում են։
Վրակարած զոլակներով բացվածքի մշակում (նկ. 12)։ Զոլակները կարում են առաջամասը կիսող գծի երկարությամբ (ներառյալ վզի բացվածքը կամ մինչև ուսակարերը)։ Առաջամասի և զոլակի ներքևի ծալագծերը համատեղում են և թակալում (նկ. 12, ա)։ Զոլակը շուռ են տալիս զգեստի շրջոնքի կողմը։ Լանջեզրի և վզի բացվածքի կտրվածքները հավասարեցնում են և թակալում։ Վզի բացվածքի կոր մասում կարաբաժնի վրա տեղ-տեղ կտրվածքներ են անում (նկ. 12, բ), զոլակը շուռ տալիս շիտակ երեսը դեպի դուրս, անկյունները շտկում, հակառակ երեսից արդուկում, թերակարում և թակալում մեկ կամ երկու զուգահեռ կարերով (նկ. 12, գ)։ Կարամիջի բացվածքի մշակում (նկ. 13)։ Լրացուցիչ կտորները երեսակողմով դնում են առաջամասի շիտակ երեսին, եզրերը հավասարեցնելուց հետո թերակարում և թակալում (անկյուններում հարմարադրելով)։ Ձախ դետալի լրացուցիչ կտորը թերակարում են վզի բացվածքի կոր և երկայնական գծերով, իսկ աջը նաև ելուստի գծով (նկ. 13, ա, բ)։ Աջ դետալի կարաբաժնի անկյունային մասում կտրվածք են անում՝ կարին 0,1 սմ չհասնելով։ Կտորները շուռ են տալիս շիտակ երեսով դեպի դուրս, անկյունները շտկում և արդուկում (նկ. 13, գ)։
Կիսաշրջազգեստի դարսամիջի բացվածքի մշակում (նկ. 14)։ Նշագծում են բացվածքի երկարությունը, կիսաշրջազգեստը ծալում երեսակողմով դեպի ներս, դարսի ծալագծերը հավասարեցնում, թերակարում ու թակալում։ Շղթան երեսակողմով դնում են դարսի տակի շերտի շիտակ երեսին (նկ. 14, ա) այնպես, որ շղթայի ատամները համընկնեն ծալագծի հետ։ Շղթան թերակարում են և կրկնակի կարով թակալում միաճյուղ թաթիկի օգնությամբ։ Դարսի տակի կտորը շղթայի հետ միասին շուռ են տալիս դեպի զգեստի հակառակ երեսը։ Վրայի կտորն ու շղթան թերակարում են այնպես, որ ծալագիծը 0,1 սմ ծածկի շղթայի ատամները և թակալում 1 սմ լայնության կարով (նկ. 14, բ)։
ԿՈՇԻԿ, պետք է լինի հարմար, ամուր, գեղեցիկ, հիգիենիկ և համապատասխանի հագուստին։ Այն պետք է ոտնաթաթը պահպանի վնասվածքներից, չդժվարացնի մարդու շարժումները, չափից ավելի չճնշի ոտնաթաթը։ Որպեսզի Կ. բավարարի այդ պահանջները, պետք է վերջինիս ներքին չափերը և ձևը համապատասխանեն ոտնաթաթի չափերին և ձևին։ Հակառակ դեպքում Կ. արագ կորցնում է տեսքը, ժամանակից շուտ մաշվում, ձևափոխում ոտնաթաթը, հարում մաշկը, առաջացնում կոշտուկներ։ Լարվելիս (կանգնելիս, քայլելիս) փոխվում են ոտնաթաթի չափերը, ուստի Կ-ի ներքին չափերը պետք է մի փոքր մեծ լինեն հանգիստ վիճակում ոտնաթաթի չափերից։ Նոր Կ. պետք է փորձել կանգնած կամ էլ հնարավորության դեպքում դրանով մի քանի քայլ անել։ Կ-ի մեջ մատները պետք է ազատ տեղավորվեն, բութ մատի համար պետք է մի քիչ ազատ տեղ մնա։
Որոշ մարդիկ սիրում են կրել չափից ավելի ազատ և լայն Կ. և նույնպիսի Կ. գնում են նաև երեխաների համար։ Սակայն պետք է հաշվի առնել, որ շատ ազատ Կ. կարող է առաջացնել մաշկածածկույթի տարբեր վնասվածքներ (կոշտուկ ևն)։ Նեղ ոտնաթաթի համար, որպես կանոն, դժվար է Կ. ընտրել։ Այդպիսի դեպքերում խորհուրդ է տրվում Կ-ի մեջ դնել երեսին ամուր գործվածք սոսնձած ստվարաթղթե միջատակ։
Հատկապես վնասակար է ոտնաթաթի չափսերից փոքր չափսերով Կ. կրելը։ Նեղ և կարճ Կ. առաջացնում է արյան շրջանառության խանգարում և ոտնաթաթի ձևափոխություն՝ տափակաթաթություն, կոշտուկներ, եղունգների ներաճ ևն։
Կ-ի ներքին չափերը և ձևը կախված են նրա կառուցվածքից և տեսակից։ Բաց Կ. («մակույկանման») պետք է կիպ գրկի ոտնաթաթը, հատկապես կրունկի մասում։ Հակառակ դեպքում քայլելիս ոտնաթաթը դուրս է գալիս Կ-ից, որը