Բոլոր մասերը խոնավ շորով արդուկում են և կարում։ Կոֆտայի ներքևի եզրը, թևքաբերանները, առաջամասի եզրերը և օձիքը շրջահյուսում են 1 շարք դարձահյուսքով։
Զուգագուլպա (նկ. 42, ա)։ Բրդե թելի քանակը՝ 150 գ (երկնագույնը՝ 80 գ, սպիտակը՝ 70 գ)։ Շյուղերը՝ № 3, հելունը՝ № 2 1/2։
Հյուսքի տեսակները. ուղիղ հյուսք, 1x1 երիզահյուսք, կրնկանախշ, ուռուցիկ շեղանկյուններ։
Կրնկանախշ. հատերի թիվը պետք է բաժանվի 2-ի։
1-ին շարք. 1 շիտակ, 1 հատ վերցնում են առանց հյուսելու (թելը՝ հետևից)։
2-րդ շարք. 1 թարս, 1 հատ վերցնում են առանց հյուսելու (թելը առջևից):
3-րդ շարքից կրկնվում է 1-ին շարքից սկսված նախշը։
Հատերի հաշվարկը (ուղիղ հյուսք). 25 հատը = 10 սմ, 35 շարքը = 10 սմ։ Բամբակե թելով շյուղերի վրա հավաքում են 40 հատ և 4-6 շարք հյուսում ուղիղ հյուսքով։ Այնուհետև երկնագույն թելով 5 սմ հյուսում են կլոր 1 x 1 երիզահյուսքով։ 6-րդ սմ-ից սկսած հատերի թիվը կիսում են (ոտնաթմբի և կրնկի մասեր)։ Ոտնաթմբի մասը ժամանակավորապես չեն հյուսում, իսկ մյուս մասը կրնկի նախշով հյուսում են ուղիղ և հակառակ ուղղություններով 3 սմ՝ կրնկի բարձրության չափով։ Կրնկամասի հատերի թիվը (20) բաժանում են 3 մասի 7-ական հատ 2 կողքի և 6 հատ կենտրոնական մասի համար։ Կրունկը ձևավորելու համար հյուսում են միայն կենտրոնական մասի հատերը։ Յուրաքանչյուր շարքի վերջում 2-ական հատ (միջին մասի վերջին և կողքի առաջին հատերը) հյուսում են միասին։
Կրնկի ձևավորումն ավարտում են, երբ շյուղի վրա մնում է 6 հատ, իսկ կողքերի բոլոր հատերը հյուսված են միջին մասերի հատերի հետ։ Կրնկի 2 կողմից (ըստ ուղղաձիգ կողմերի) շյուղի վրա հավաքում են եզրերի ծամիկների քանակով հատեր։ Այնուհետև կլոր հյուսում են ուղիղ հյուսքով։
Հավաքած հատերի թիվը սկզբնական թվից ավելի է։ Ավելորդ հատերի թիվը կիսում են և, կրնկի կողքերից 2-ական հատ միասին հյուսելով, հատերի թիվը հասցնում սկզբնականին։ Այնուհետև հյուսում են թաթի մասը։ 2,5-3 սմ չհասած վերջին՝ հատերի թիվը բաժանում են 4 հավասար մասերի և յուրաքանչյուրի սկզբում 2-ական հատ միասին հյուսում քթամասը նեղացնելու համար։ Վերջին 4 հատը ձգում են թելասեղով։
Հեռացնում են բամբակե թելը, բաց հատերն անցկացնում 2 շյուղի վրա և հյուսում ուղիղ։ Զուգագուլպայի առաջամասը հյուսում են սպիտակ թելով, իսկ հետնամասը՝ երկնագույն։ Երիզահյուսքից մինչև քայլքի գիծը (18 սմ) ներսի կողմից ավելացնում են 20-ական հատ՝ յուրաքանչյուր 3-րդ շարքում 1-ական հատ։ Հաջորդ 24 սմ-ը հյուսում են առանց փոփոխության։ Գործվածքը խոնավ շորով արդուկում են և ներսի կարերը կարում։ Կողամասերը (կողքերի կարերը) վերջնամշակում են զոլակով (ինչպես փափուճի համար)։ Զոլակը հյուսում են զուգագուլպայի ամբողջ երկարությամբ՝ սկսած գուլպայի եզրից։ Զոլակը շրջահյուսում են առանց հավելահատի սյունակներով՝ միացնելով զուգագուլպայի առաջամասը և հետնամասը։ Վերևի եզրից սպիտակ թելով հյուսում են 3 սմ լայնության սնամեջ երիզահյուսք։
Փափուճներ (նկ. 42, բ)։ Բրդե թելի քանակը՝ 70 գ (վարդագույնը՝ 60 գ, սպիտակը՝ 10 գ)։ Հելունը՝ № 2 1/2։
Հյուսքի տեսակները. առանց հավելահատի սյունակներ, հավելահատով սյունակներ, ուռուցիկ շիտակ և թարս սյունակներ, ուռուցիկ շեղանկյուններ։
Հատերի հաշվարկը (առանց հավելահատի սյունակներ). 25 հատը = 10 սմ, 27 շարքը = 10 սմ։