Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/442

Այս էջը հաստատված է

Աջ կեսը հյուսում են նույն կերպ՝ զոլակի և լանջեզրի զոլակի երկարությամբ մերակների համար ճեղքեր թողնելով։ Առաջին մերակը բացում են ներքևի եզրից 4 սմ վերև։

Թևք։ Բամբակե թելով շյուղի վրա հավաքում են 62 հատ և հյուսում ծալվող երիզը։ Թևքը լայնացնելու համար յուրաքանչյուր կողմից ավելացնում են 27-ական հանգուցահատ հետևյալ կերպ. 13 անգամ՝ յուրաքանչյուր 7-րդ շարքում և 14 անգամ յուրաքանչյուր 6-րդ շարքում։ Մինչև 44-րդ սմ-ը հյուսում են առանց փոփոխության, ապա թևքագլուխը ձևավորելու համար յուրաքանչյուր կողմից ամրացնում են 6, 4, 3, 2 հատ, ապա 23 անգամ 1-ական հատ և վերջում 2, 3, 4, 5, 6 հատ։ Մյուս թևքը հյուսում են նույն կերպ։ Կարելի է նաև 2 թևքը հյուսել միաժամանակ։

Օձիք։ Բամբակե թելով հավաքում են 55 հատ և հյուսում մի քանի շարք, ապա շարունակում հիմնական թելով։ Հատերի թիվը բաժանում են երկուսի և կենտրոնի հատը հյուսում ձգած՝ ծալատեղը ստանալու համար։ 37 սմ հյուսելուց հետո մի քանի շարք հյուսում են բամբակե թելով։

Պատրաստի մասերը խոնավ շորով ծածկելով արդուկում են, ապա կարելով միացնում և բամբակե թելը կտրում։ Զոլակի շիտակ և հակառակ կողմերի բաց հատերը ներքևի մասում միացնում են տրիկոտաժի կարով։ Մերակների եզրերն ամրակարում են, վզի լանջեզրատակի բաց հատերը կարում են տրիկոտաժի կարով մինչև առաջամասի կենտրոնը, օձիքը ներկարում են, կարերը արդուկում։

Ռեգլան. հյուսում են 2 եղանակով․ ա. առանց ձևվածքի, հատերի հաշվարկով վերևից ներքև և բ. ըստ ձևվածքի ներքևից վերև։ Ռեգլանի գծի համար օգտագործում են ցանկացած նախշ (երիզահյուսք, ցանցահյուսք, ոլորահյուսը ևն)։ Առաջին եղանակով հյուսելիս նախընտրելի են կլոր շյուղերը։ Այս եղանակով հյուսելիս մինչև ռեգլանի գծի ավարտը, այսինքն մինչև թիկնամասի, առաջամասի և թևքերի անհրաժեշտ լայնության ստացումը, բոլոր մասերը հյուսում են միաժամանակ։ Հատերի հաշվարկը և բաշխումը ըստ տարբեր մասերի սկսում են վզի բացվածքից։ Ռեգլանի միացման գծերը 4-ն են։ Հատերն ավելացնում են յուրաքանչյուր գծի երկու կողմից, այսինքն՝ յուրաքանչյուր շարքում ավելացնում են 8 հատ (ռեգլանի յուրաքանչյուր գծի մոտ՝ 2-ական)։ Թիկնամասի անհրաժեշտ լայնությունը ստանալուց հետո մասերը հյուսում են առանձին։ Ռեգլանի գծին մոտ հատերը կարելի է ավելացնել մի քանի եղանակով.

I եղանակ (նկ. 33, ա)։ Ուղիղ հյուսք։ Ռեգլանի գիծը բաղկացած է 1 հատից, որը և՛ ճիշտ, և՛ հակառակ երեսից հյուսում են շիտակ։ Նմուշը հյուսելու համար հավաքում են կենտ թվով հատեր (դիցուք 11)։ 1 շարք հյուսում են շիտակ։ Գունավոր թելով նշում են ռեգլանի գծի սկիզբը, այսինքն կենտրոնի հատը (տվյալ դեպքում 6-րդը՝ նկատի ունենալով նաև եզրահատը)։

1-ին շարք (շիտակ երեսը). 1 եզրահատ, 4 հատ շիտակ, 1 հավելահատ (շյուղը թելի տակից), 1 հատ շիտակ, 1 հավելահատ, 4 հատ շիտակ, 1 եզրահատ։

2-րդ շարք (հակառակ երեսը). 1 եզրահատ, 4 հատ թարս, հավելահատը հյուսում են շիտակ (աջից ձախ), 1 հատ շիտակ, հավելահատը հյուսում են շիտակ (աջից ձախ), 4 հատ թարս, 1 եզրահատ։

3-րդ շարք. 1 եզրահատ, 5 հատ շիտակ, 1 հավելահատ, 1 հատ շիտակ, 1 հավելահատ, 5 հատ շիտակ, 1 եզրահատ։

Շարունակում են հյուսել՝ յուրաքանչյուր շիտակ շարքում ռեգլանի գծի 2 կողմից 1-ական հատ ավելացնելով։ Հակառակ երեսից հւսվելահատերը հյուսում են շիտակ (աջից ձախ)՝ անցքերն աննկատ դարձնելու համար։ Հատերի ավելացման այս պարզ եղանակից օգտվում են նաև բարդ նախշերով ռեգլան հյուսելիս։

II եղանակ (նկ. 33, բ)։ Ուղիղ հյուսք։ Ռեգլանի գիծը բաղկացած է 1 հատից, որը շիտակ երեսից հյուսում են թարս, իսկ հակառակ երեսից՝ շիտակ։ Նմուշը հյուսելու համար հավաքում են կենտ թվով հատեր (դիցուք 11)։ 1 շարք հյուսում են շիտակ։ Գունավոր թելով նշում են ռեգլանի գծի սկիզբը, այսինքն՝ մեջտեղի հատը (տվյալ դեպքում 6-րդը՝ ի նկատի ունենալով նաև եզրահատը)։

1-ին շարք. 1 եզրահատ, 4 հատ շիտակ, 1 հատ թարս, 4 հատ շիտակ, 1 եզրահատ։

2-րդ շարք. 1 եզրահատ, 4 հատ թարս, 1 հավելահատ (շյուղը թելի վրայով), 1 հատ շիտակ, 1 հավելահատ (շյուղը թելի տակով), 4 հատ թարս, 1 եզրահատ։

3-րդ շարք. 1 եզրահատ, 4 հատ շիտակ, հավելահատը հյուսում են շիտակ (աջից ձախ), 1 հատ թարս, հավելահատը հյուսում են շիտակ (ձախից աջ), 4 հատ շիտակ, 1 եզրահատ։

4-րդ շարքը հյուսում են ինչպես 2-րդը՝ հաշվի առնելով, որ ավելացումից հետո թարս հատերի թիվը աճում է 4, 5, 6, 7 ևն։ Շարունակում են հյուսել՝ յուրաքանչյուր թարս շարքում հատեր ավելացնելով, ինչպես նկարագրված է վերևում։

III եղանակ (նկ. 33, գ)։ Ուղիղ հյուսք։ Ռեգլանի գիծը բաղկացած է 3 հատից, որոնք շիտակ երեսից հյուսում են շիտակ, իսկ հակառակ երեսից՝ թարս։ Նմուշը հյուսելու համար հավաքում են կենտ թվով հատեր (դիցուք 15) և հյուսում շիտակ հատերով։ Գունավոր թելով նշում են ռեգլանի գծի սկիզբը, այսինքն՝ մեջտեղի 3 հատը։

1-ին շարք (շիտակ երես). 1 եզրահատ, 4 հատ շիտակ, 1 հատից՝ 3 հատ հետևյալ կերպ. 1 հատ շիտակ (աջից ձախ), 1 հավելահատ (շյուղը թելի տակով), 1 հատ շիտակ (աջից ձախ), ապա 3 հատ շիտակ, 1 հատից՝ 3 հատ վերը նկարագրված եղանակով, 4 հատ շիտակ, 1 եզրահատ։

2-րդ և բոլոր զույգ շարքերը հյուսում են թարս (այդ թվում նաև հավելահատերը)։

3-րդ շարք․ բոլոր հատերը շիտակ։

5-րդ շարք. 1 եզրահատ, 6 հատ շիտակ, 1 հատից՝ 3 հատ վերը նկարագրված եղանակով, 3 հատ շիտակ, 1