թեքությունը՝ շարքընդմեջ ամրացնելով 2 անգամ 5-ական և 2 անգամ 6-ական հատ (հաջորդաբար)։ Կենտրոնում մնացած 22 հատն անցկացնում են անգլիական քորոցի վրա։
Առաջամաս (ձախ կեսը)։ Շյուղի վրա հավաքում են 41 հատ և 3 սմ հյուսում 1x1 երիզահյուսքով։ Այնուհետև 10 հատը շարունակում են հյուսել 1x1 երիզահյուսքով որպես դրվագող զոլակ։ Մնացած հատերը հյուսում են ըստ նախշի՝ յուրաքանչյուր 13-րդ սմ-ի վրա կողքից 1-ական հատ ավելացնելով (2-ական հատ յուրաքանչյուր կողմից)։ 31 սմ հյուսելուց հետո թևքատեղը ձևավորելու համար շարքընդմեջ ամրացնում են 3, 2 և 2 անգամ 1-ական հատ։ 43-րդ սմ-ից սկսած ձևավորում են վզի բացվածքը հետևյալ կերպ. անգլիական քորոցի վրա շարքընդմեջ վերցնում են 5, 3 և 4 անգամ 1-ական հատ։ Մինչև ուսագիծը հյուսում են անփոփոխ։ 47-րդ սմ-ից սկսած ձևավորում են ուսագծի թեքությունը՝ շարքընդմեջ ամրացնելով 4 անգամ 5-ական հատ։ Աջ կեսը հյուսում են նույն կերպ։ Կարելի է նաև աջ և ձախ կեսերը հյուսել միաժամանակ։
Թևք։ Շյուղի վրա հավաքում են 42 հատ և 3 սմ հյուսում 1x1 երիզահյուսքով։ 37 սմ հյուսում են ուղիղ հյուսքով՝ յուրաքանչյուր 10-րդ շարքում 2 կողմից 14 անգամ 1-ական հատ ավելացնելով։ Թևքագլուխը ձևավորելու համար յուրաքանչյուր կողմից շարքընդմեջ ամրացնում են 3, 2 և 14 անգամ 1-ական հատ, ապա 2, 3, 4 և 7 հատ։ Մյուս թևքը հյուսում են նույն կերպ։
Հյուսված մասերը արդուկում են խոնավ շորով և կարելով միացնում։ Շյուղի վրա հավաքում են վզի բացվածքի շրջագծով բոլոր հատերը և 1x1 երիզահյուսքով հյուսում 5-7 սմ (կանգուն օձիք), ապա օձիքի հատերը ամրացնում։ Առաջամասի դրվագող զոլակներին շղթա են կարում։
Զարդանախշով գլխարկ (նկ. 42)։ Բրդե թելի քանակը՝ 120 գ (սև թելը՝ 50 գ, մոխրագույնը՝ 50 գ, մուգ կարմիրը՝ 20 գ)։ Շյուղերը՝ № 5։
Հյուսքի տեսակները. ուղիղ հյուսք, շորտիք, զարդանախշ։
Հատերի հաշվարկը (ուղիղ հյուսք). 14 հատը = 10 սմ, 12 շարքը = 10 սմ։
Շյուղի վրա սև թելով հավաքում են 83 հատ։ Որպեսզի գլխարկի եզրը ոլորված լինի, 9 սմ հյուսում են ուղիղ հյուսքով, 10-րդ սմ-ից անցնում են շորտիք հյուսքի։ Հյուսում են 1,5 սմ մոխրագույն և 2 շարք մուգ կարմիր թելով։ Զարդանախշը հյուսելու համար անցնում են ուղիղ հյուսքի։ Զարդանախշը հյուսում են մուգ կարմիր թելով, մոխրագույն ֆոնի վրա (ըստ սխեմայի)։ Հյուսում են 21 սմ, ապա անցնում շորտիք հյուսքի։ Երկու շարք հյուսում են մուգ կարմիր և 1,5 սմ մոխրագույն թելերով։ Մոխրագույն թելի անցնելիս՝ մի շարքը հյուսում են զույգ հատերով։ 24-րդ սմ-ից անցնում են սև թելի, 36-րդ սմ-ից կրկին մեկ շարք հյուսում են զույգ հատերով, 3 սմ հյուսելուց հետո բաց հատերն ասեղով անցկացնում են թելի վրա և ձգում։ Գլխարկը կարում են, եզրը ոլորում դեպի դուրս։ Ոլորած մասում դնում են կապրոնե գուլպաներից կարած գլանիկ։ Գլխարկի եզրը կարում են հակառակ երեսից։
Կարճագուլպա (նկ. 43)։ Սովորաբար հյուսում են 5 շյուղով՝ ուղիղ հյուսքով։ Սկզբից հյուսում են դրվագող թեզանիքը կամ երիզահյուսք։ Կանացի մի զույգ գուլպայի համար անհրաժեշտ է միջին հաշվով 100-120 գ թել, տղամարդու գուլպայի համար՝ 120-150 գ, մանկականի համար՝ 70-80 գ (զարդանախշի դեպքում թելի ծախսը մի քիչ ավելանում է)։
Հատերի հաշվարկը։ Չափում են ոտքի կոճի մասի շրջագիծը (նկ. 43, ա. տվյալ դեպքում՝ 23 սմ)։ Այնուհետև ըստ կարճագուլպայի հիմնական նախշի նմուշի որոշում են հյուսքի խտությունը (օրինակ, 3 հատը = 1 սմ, շյուղերը՝ № 2,5), ապա հաշվում սկզբնական հատերի թիվը։
Տվյալ դեպքում 3 հատ x 23 սմ = 69 հատ։ Ստացված թիվը (69) կլորացնում են մինչև զույգ թիվը մեծացնելով, և քանի որ հատերը բաշխվում են 4 շյուղի վրա, ապա հարմար է, որ այդ թիվն առանց մնացորդի բաժանվի 4-ի։ Տվյալ դեպքում հավաքում են 72 հատ՝ յուրաքանչյուր շյուղի վրա 12 հատ (այս կարճագուլպայի չափսը 36-37 է)։
Վարժվելու համար հյուսում են մի փոքրիկ գուլպա։ Երկու միասին վերցրած շյուղերի վրա հավաքում են 40 հատ։ Շյուղերից մեկը հանում են հատերի միջից և 1 շարք ձիգ հյուսում 1x1 երիզահյուսքով՝ միաժամանակ հատերը բաշխելով 4 շյուղի վրա հետևյալ կերպ. 10 հատ հյուսում են 1-ին շյուղով, հաջորդ 10-ը՝ 2-րդ շյուղով, հաջորդ 10-ը՝ 3-րդ շյուղով և վերջին 10-ը՝ 4-րդ շյուղով։ Հետագայում 1-ին շյուղի հատերը տարբերելու համար հատերին ամրացնում են անգլիական քորոց կամ գունավոր թել կարում։ Եզրահատերը միացնում են, հյուսում 4-5 սմ 1x1 երիզահյուսքով, այնուհետև 5 սմ ուղիղ, ապա անցնում կրնկամասի հյուսմանը։
Գուլպայի կրնկամասի հյուսումը (նկ. 43, բ)։ Գործվածքը բաժանում են 2 հավասար մասերի և հյուսումը շարունակում 2 շյուղով (3-րդ և 4-րդ)։
Այն հատերը, որոնք գտնվում են 1-ին և 2-րդ շյուղերի վրա, կրնկամասի ձևավորմանը չեն մասնակցում։ Աշխատանքը հեշտացնելու համար խորհուրդ է տրվում 3-րդ և 4-րդ շյուղերի հատերը հավաքել մեկ շյուղի վրա և ուղիղ հյուսել