Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/458

Այս էջը հաստատված է

երկարությունը (Կե)։ Վեց կամ ուաթտապականի կիսաշրջազգեստի համար բավական է ունենալ միայն մեկ տապակի ձևվածքը (նկ. 5, ա)։

«Գոդե» տեսակի կիսաշրջազգեստ. մոդելից կախված, կիսաշրջազգեստի փեշը կարելի է լայնացնել ցանկացած ձևով (նկ. 5, բ)։ Փեշը հավասարեցնելիս պետք է հաշվի առնել, որ երկայնաթելի նկատմամբ 45° անկյունով շեղված մասերում կտորը կախվում է։ Միակողմանի տապակով «գոդեի» համար քիչ կտոր է ծախսվում։ Փեշը կարելի է լայնացնել նաև ներդնովի ճտով։ Այս տեսակի կիսաշրջազգեստը հատկապես գեղեցիկ է ստացվում զոլավոր գործվածքից։

Գեր կազմվածքի համար երկար կիսաշրջազգեստի առանձնահատկությունները (նկ. 6). ձևվածքի գծագիրը պատրաստելու սկզբունքները բերված են կիսաշրջազգեստ հոդվածում։ Գոտկատեղի սեղմոնները բաշխելիս հաշվի են առնում կազմվածքի առանձնահատկությունները։ Առաջամասի սեղմոններն անում են 1-2 սմ խորությամբ, երբեմն դրանք ներառում են կողքի կարի մեջ՝ փոքրացնելով սեղմոնի բացվածքը մինչև 1,5-2 սմ, իսկ մնացած մասը ներառում են հետնամասի սեղմոնների մեջ (նկ. 6, ա)։ Նշված թվերը մոտավոր են, ճշտվում են չափափորձման ժամանակ։ Կիսաշրջազգեստի լավ «նստելու» հիմնական չափանիշը կողքի կարի ուղղաձգությունն է։ Նկ. 6 բ, գ-ում բերված են գոտկատեղի գիծը և փեշը հավասարեցնելու եղանակները։ Եթե գոտկատեղի և կոնքի կիսաշրջագծերի չափերը շատ են տարբերվում, ապա յուրաքանչյուր կեսի վրա 2-ական սեղմոն են անում (նկ. 6, ղ)։

ՄՈՐԹԻ, մուշտակամորթ գազանների (աղվես, սկյուռ, սամույր, բևեռաղվես, կզաքիս, կնգում, ջրասամույր ևն), ընտանի կենդանիների (ոչխար, այծ, ճագար ևն), ծովային գազանների (ծովաշուն, փոկ ևն) մշակված մաշկը։

Մորթեղենի խնամքը։ Մորթե իրերը կրելու ժամկետը կարելի է երկարացնել և գեղեցիկ տեսքը պահպանել միայն ճիշտ խնամքի դեպքում։ Մորթե հագուստը կամ գլխարկը հանելուց հետո պետք է թափ տալ ձյունը կամ անձրևի կաթիլները հեռացնելու, ինչպես նաև տրորած մազերն ուղղելու և հարդարելու համար։ Վերարկուները կամ վերնահագուստի այլ տեսակները պետք է կախել կախիչներից, որպեսզի Մ. չտրորվի, հավասարաչափ չորանա, ինչպես նաև չձգվի և չկորցնի ձևը։ Խորհուրդ չի տրվում մի վերարկուն կախել մյուսի վրա, խոնավ մորթե գլխարկները դնել իրար վրա։ Թաց Մ. չի կարելի չորացնել ջեռուցիչ սարքերի մոտ։ Մ-ու թաղքած մասերը պետք է սանրել հատուկ մետաղական կամ սովորական (ոչ շատ խիտ ատամներով) սանրով։

Ոչ մեծ պատռվածքը կամ քանդված կարը պետք է օղակարով կարել մորթափառի երեսից № 60-80 բամբակե թելով։ Եթե, այնուամենայնիվ, հարկ է կարել մազածածկույթի կողմից, ապա պետք է պատռված տեղում այն սանրել և մազերը բռնելով կարել սովորական պատկարով։ Մ-ու մեծ պատռվածքի դեպքում պետք է դիմել մուշտակագործի։

Մ-ու պահպանումը։ Մորթեղենը գերադասելի է պահել ցածր ջերմաստիճանում։ Շատ բարձր ջերմաստիճանի, ինչպես նաև բարձր խոնավության դեպքում Մ. փչանում է, կաշվե հյուսվածքը կոշտանում է, կորցնում ճկունությունը։ Լույսի, հատկապես արևի, ազդեցությամբ Մ. գունազրկվում է. սպիտակ կամ բաց գույնի մազածածկույթով (կնգում, բևեռաղվես, սպիտակ նապաստակ) կամ սպիտակ մազագալարներով (արծաթե աղվես, դեղնամոխրագույն աղվես) Մ. լույսի ազդեցությամբ դեղնում է։ Դեղնած Մ. շատ դժվար է մաքրել տնային պայմաններում։ Լույսի ազդեցությունից պաշտպանելու համար, խորհուրդ է տրվում այն պահել մութ տեղում, մուգ տոպրակներում (վերարկուները, ժակետները պետք է անպայման կախել, այլ ոչ թե դարսել)։ Մորթե իրերը հատկապես պետք է պահպանել ցեցերից:

Մորթեղենի մաքրումը։ Ոչ շատ կեղտոտված և ճարպոտված մորթե իրերը կարելի է մաքրել տնային պայմաններում։ Գլխարկներից, օձիքներից ճարպաբծերը հեռացնում են բենզինով թրջած մաքուր լաթով։ Անհրաժեշտ է մազերը շփել նույն ուղղությամբ, ոչ շատ ճարպոտված իրերը՝ մազերի, ճարպոտված, ոչ երկար մազածածկույթով իրերը՝ մազերին հակառակ ուղղությամբ։ Այնուհետև թողնել, որ չորանան և սանրել նոսր ատամներով սանրով (գերադասելի է մետաղական)։ Մ-ու վրայից ճարպի և քրտինքի բծերը կարելի է հեռացնել նաև անուշադրի սպիրտի և կերակրի աղի խառնուրդով (0,5 լ ջրին 1 թեյի գդալ անուշադրի սպիրտ և 4 թեյի գդալ կերակրի աղ)։ Լուծույթով թրջած լաթով կամ հագուստի խոզանակով շփել մազածածկույթը, թողնել, որ չորանա և սանրել։ Սպիտակ մորթե իրերը լավ է մաքրել կարտոֆիլի ալյուրով, որից հետո դրանք թափ տալ և սանրել։ Եթե մորթե իրերի կամ մորթամաշկի հյուսվածքը մի փոքր կոշտացել է և կորցրել է ճկունությունը, ապա այն կարելի է մասամբ վերականգնել՝ թրջելով կերակրի աղի և քացախաթթվային էսենցիայի լուծույթով (1 լ ջրին 1 ճաշի գդալ էսենցիա և 3 թեյի գդալ կերակրի աղ)։ Արհեստական Մ-ու խնամքի համար թողարկում են հատուկ պատրաստուկ, որի օգտագործման եղանակը նշված է հանձնարարականում։

ՆԵՐԿՈՒՄ, ներկանյութը ճիշտ ընտրելու համար անհրաժեշտ է նախապես պարզել, թե ինչ թելքից է գործվածքը։ Դրա համար գործվածքից հանում են մեկական երկայնակի և լայնակի թել, զգուշությամբ այրում լուցկիով։ Եթե թելն այրվում է արագ, համաչափ, պայծառ բոցով, արձակում այրվող թղթի հոտ, թողնում արագ ցրվող մոխիր, ուրեմն այն ունի բուսական ծագում (բամբակ, վուշ) կամ վիսկոզային է։ Ացետատային մետաքսը նույնպես այրվում է արագ, սակայն թելի ծայրին գոյանում է մուգ գորշ գույնի ամուր գնդիկ, բոցն անցնելուց հետո այրումը դադարում է՝ արձակելով քացախաթթվի հոտ։ Կապրոնը կամ նայլոնը ոչ թե այրվում, այլ հալվում են՝ գոյացնելով փափուկ գնդիկ։ Կենդանական ծագման (բուրդ, բնական մետաքս) թելերը վատ են այրվում, թելի ծայրին գոյանում է հեշտ փշրվող գնդիկ, այրումն ուղեկցվում է ոսկրի հոտով։

Տնային պայմաններում գործվածքները ներկելու համար օգտագործում են 4 տեսակ ներկանյութ. 1) բամբակե, վուշե և վիսկոզային թելքից գործվածքների, 2) բրդե գործվածքների, 3) բնական մետաքսից գործվածքների, 4) համապիտանի՝ բոլոր տեսակի թելերի և դրանց խառնուրդների (բացառությամբ ացետատային մետաքսի և սինթետիկ թելքի) համար։