ընդունում է նկ. 5 բ-ում բերված տեսքը։
Լայն Տ-ի դեպքում շոգեմշակում են միայն նկ. 5 ա-ում նշված մասը։
Կանացի և տղամարդու Տ. մշակում են նույն կերպ։
ՑԵՆՏՐԻՖՈՒԳ, կենտրոնախուսակ, էլեկտրական։ Տանը օգտագործվում է լվացած սպիտակեղենը քամելու համար։ Կենցաղային Ց. կազմված է մետաղե կամ պլաստմասսայե իրանից, որի ներսում տեղակայված է էլեկտրաշարժիչով գործարկվող մետաղե թմբուկը։ Ջրի հեռացման համար թմբուկի պատերն ունեն անցքեր (ծակոտիներ)։ Էլեկտրաշարժիչը ծակոտկեն թմբուկից անջատված է անջրանցիկ միջնորմով, որն իրանի պատերի հետ կազմում է ջրթափ բաքը։ Թաց սպիտակեղենը տեղավորում են թմբուկի մեջ, որի արագ պտտվելուց (1450-3000 պտ/ր) առաջացած կենտրոնախույս ուժի ազդեցությամբ ջուրը քամվում է և թմբուկի անցքերով լցվում ջրթափ բաքը, որտեղից էլ կարճախողովակով թափվում է։ Սպիտակեղենը քամվում է, միջին հաշվով, 3-5 րոպեում։ Կարիք չկա քամված նուրբ սպիտակեղենը լրացուցիչ չորացնել, իսկ հաստ գործվածքները պետք է չորացնել թեթևակի։
Սպիտակեղենը քամիչ թմբուկի մեջ պետք է տեղավորել հավասարաչափ՝ շրջագծով (դա բացառում է Ց-ի թրթռման մեծացումը): Աշխատող Ց-ի սպիտակեղենի տեղաշարժումը կանխելու համար մանր իրերը և նուրբ սպիտակեղենը պետք է դասավորել ներքևում, իսկ հաստ գործվածքներից սպիտակեղենը (իրերը) տեղավորել դրանց վրա։ Այնուհետև պետք է ամուր փակել կափարիչը և միացնել էլեկտրաշարժիչը։ Ց. պետք է անջատել ջրթափ կարճախողովակից հեղուկի հոսքի լիակատար դադարումից հետո։
Ց. անջատելուց հետո թմբուկի կանգառքն արագացնելու համար պետք է սեղմել արգելակի ոտնակը։ Աշխատանքն ավարտելուց հետո Ց-ի թմբուկը և ջրթափ բաքը պետք է շփել չոր լաթով՝ մեքենան նախապես էլեկտրացանցից անջատելով։ Օգտագործման հարմարության համար որոշ Ց-ներ լրացուցիչ հանդերձվում են ժամակարգավորիչով, որն անհրաժեշտ ժամանակից հետո Ց. ավտոմատ անջատում է էլեկտրացանցից։ Կախված Ց-ի տեսակից, թողարկում են քամիչ թմբուկների մի քանի տեսակներով կենցաղային Ց-ներ, որոնք տեղավորում են 1,5-3 կգ չոր սպիտակեղեն։ Դրանք նախատեսված են 127 և 220 Վ լարման էլեկտրացանցերի համար և սպառում են 60-250 Վտ հզորություն։ Առավելագույն տարածում ունեն ուղղաձիգ տեղադրված քամիչ թմբուկով Ց-ները։ Ց-ով սպիտակեղենի քամելու եղանակը կիրառվում է ժամանակակից լվացքի մեքենաների մեծ մասում։
ՓՈՂԿԱՊ, կարում են բնական և արհեստական մետաքսից, բրդե կամ այլ գործվածքներից։ Կա Փ-ի մի քանի տեսակ՝ կապովի, ռեգատ, թիթեռնակապ ևն։ Ամենատարածվածը ինքնակապ Փ. է։ Փ-ի գույնը և նախշերը պետք է ներդաշնակեն կոստյումի և վերնաշապիկի գույներին։ Միագույն վերնաշապիկին սազում է ծաղկավոր, իսկ գծավորին՝ մեղմ գույնի Փ.։ Բաց գույնի կոստյումի հետ խորհուրդ է տրվում կապել վառ գույնի Փ.։ Օրինակ, սպիտակ վերնաշապիկի և մոխրագույն կոստյումի հետ սազում է կապույտ և կանաչ, իսկ բաց երկնագույն վերնաշապիկի և կապույտ կոստյումի հետ՝ մուգ կապույտ, բալագույն, մոխրագույն և երկնագույն Փ.։ Խորհուրդ չի տրվում բաց գույնի վերնաշապիկի և սև կոստյումի հետ կապել վառ և խայտաբղետ զարդանախշերով Փ.։ Շագանակագույն կոստյումին սազում են դարչնագույն, բաց դեղնավուն և կանաչ գույնի վերնաշապիկներ և Փ.։ Վանդակավոր, գծավոր, մանր նախշերով կոստյումների հետ սազում է միագույն Փ.։ Այն կարելի է կապել տարբեր եղանակներով (տես նկ.)։
Ռեգատ կամ պատրաստի հանգույցով Փ. ունի վերնաշապիկի օձիքի տակ հետևի մասում կոճկվող ռետինաքուղ։
Թիթեռնակապ Փ. կրում են տոնական կոստյումի հետ (հարսանիքի և այլ հանդիսությունների ժամանակ, կամ իբրև համազգեստի տարր)։
ՕՁԻՔ, Օ-ի ձևի հարմար ընտրությունից, ճիշտ կտրելուց զգալիորեն կախված է ցանկացած պատրաստվածքի տեսքը։ Օ-ների մեծամասնությունը բաղկացած է ծալովի կամ տեսանելի և,