էլ ավելի անգամներ։ Մաքրելիս Ա–ից հանում են բուսականությունը, պոկում բույսերի վնասված և փչացված մասերը, ճկափող-սիֆոնով մաքրում հատակը, անվտանգ սայրով պատերից քերում մոլախոտ-ջրիմուռները։ Ա-ի ջուրը փոխում են մասնակիորեն, ընդ որում մաքուր (պարզված) ջուրը խորհուրդ է տրվում լցնել թղթի թերթի վրա, որն այնուհետև հանվում է։
Ջրի լրիվ փոխումը, գրունտի լվացումը, բույսերի վերատնկումը հազվադեպ է կատարվում (օրինակ, ձկների սատկելուց հետո)։ Ա-ի խնամքը կհեշտանա, եթե ջուրը օդահարվի էլեկտրական պոմպով (միկրոճնշակ)։ Օդը ջրի մեջ է մղվում մանր պղպջակներով, հատուկ փոշեցրիչների միջոցով (նկ. 3)։ Պղտոր ջուրը մաքրելու համար, միկրոճնշակի առկայության դեպքում, կարելի է օգտվել նաև ցանկացած կառուցվածքի զտիչներից։
Հիմնակմախքային Ա. հարկավոր է մշտապես ջրով լցված պահել, այլապես այն չորանալուց կճաքճքվի։ Եթե Ա-ից ջուր է ծորում, հարկավոր է հանել ապակիները, ակոսները մաքրել մածիկի մնացորդներից և նորից տեղը դնել՝ ամրացնելով հետևյալ բաղադրության մածիկով. մաղած ցեմենտը թանձր շաղախել ձիթալաքով կամ բևեկնախեժի հետ եռացրած օլիֆով (1 լ օլիֆին 5 գ բևեկնախեժ)։ Թեթևակի ջրածորումը կարելի է վերացնել, ներսի կողմից ակոսին պլաստիլին քսելով։ Ապակու փոքր ճաքը կարելի է փակել (սոսնձել) ԲՖ-2 սոսնձով պատված ցելոֆանի շերտիկով։ Օրգանական ապակուց Ա-ի ճաքը (անցքը) կարելի է լցափակել դիքլորէթանով լուծված օրգանական ապակու մածուցիկ շաղախով։ Դիքլորէթանով աշխատելիս պետք է բացել օդանցքը և պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները։
Ա. պետք է դնել սենյակի լուսավոր մասում, բայց ոչ արևի ուղղակի ճառագայթների տակ, հակառակ դեպքում բուռն կերպով կզարգանան մանր ջրիմուռները։ Ձմռանը Ա. լրացուցիչ լուսավորման կարիք ունի։ Ա-ի ջուրը ամռանը հաճախ կանաչում է («աքվարիումը ծաղկում է»), այդ պատճառով էլ խորհուրդ է տրվում ապակիները մթնեցնել՝ ծածկելով թանզիֆով։ Եթե լուսավորությունն արհեստական է, ապա 10 լիտրանոց Ա-ի համար անհրաժեշտ է մեկ 10 Վտ-անոց լամպ, իսկ 100 լիտրանոցի համար՝ 60 Վտ-անոց լամպ։ Ճիշտը Ա. վերից լուսավորելն է, թեև թույլատրվում է նաև կողային լուսավորում։ Լամպերը պետք է լինեն ջերմարձակներով (նկ. 4)։ Լյումինեսցենտայիններից նպատակահարմար է օգտագործել ԼԲ լամպերը։
Աքվարիումային ձկներ։ Ա-ներում պահում են բոլոր աշխարհամասերի ջրավազանները ներկայացնող ձկներ։
Տաք ջրով Ա-ում պահում են կենդանածին գուպիներ, սուսերակիրներ, պեցիլիաներ, լիմիաներ, գիրարդինուսներ։ Հաճախ միևնույն Ա-ում տեղավորում են ասիական դանիոներ, բարբուսներ և կարդինալներ կամ հարավամերիկյան նեոններ, կայծոռիկներ։
Սառը ջրով Ա-ում ապրում են ծածանը, դառնիճը, կարմրալողաթևիկը, փոքրիկ լոքո-կետադելֆինը, գետածածանի և լինի մանր առանձնյակները, ինչպես նաև ոսկե ձկնիկների ցեղատեսակները։
Գիշատիչ ձկներից սառը ջրով Ա-ում հաճախ պահում են պերկեսներ և գայլաձկներ, տաք ջրով Ա-ում՝ ցիխլիդներ։
Աքվարիումի բուսականությունը։ Ա-ի բույսերը ոչ միայն գեղազարդիչ նշանակություն ունեն, այլև թթվածնի մատակարարներ են։ Խոշոր չափերի մուգ կանաչ, կարմիր կամ շագանակագույն տերևներով բույսերը տնկում, տեղադրում են Ա-ի անկյուններում և հետին պատի երկայնքով, բաց կանաչ բույսերը կենտրոնում, լավ լուսավորվող տեղերում։ Ա-ի առջևի պատի մոտ տպավորիչ են նախշավոր տերևներով մանր բույսերը։ Նկ. 5-ում ցույց է տրված, թե ինչպես պետք է տնկել բույսերն Ա-ում։
Ամբողջ տարի տաք և սառը ջրով Ա-ներում լավ աճում են վալիսներիան, դեղին ջրաշուշանը, ռիչիան։ Արևադարձային բույսերից տարածված են. բազմերանգ տերևներով ծլավոր էքինսդորուսը, խավար միրիոֆիլիումը, փայլուն լյուդվիգիան։ Կրիպտոկոբինների, էքինսդորուսների թփերի տակ խորհուրդ է տրվում դնել կավե գնդեր (1 սմ տրամագծով)։
Ձկների կերակրումը։ Կերակրում են օրը մեկ անգամ այն չափաբաժնով, որ ձկները կարող են ուտել 10-15 րոպեում։ Ավելորդ կերը փտում և փչացնում է ջուրը։
Ձկների համար սննդարար են մոծակի թրթուրները, կիկլոպները, ջրալվերը ևն։ Սակայն նման սնունդը երբեմն ձկների հիվանդության պատճառ է դառնում։ Աքվարիումային ձկնաբուծության սիրահարները հաճախ օգտագործում են իրենց պատրաստած կերերը և կերախառնուրդները։ Հողի կամ տորֆի մեջ բազմացնում են (հացով և կաթնաշոռով կերակրելով) թաղարային որդեր և ձկներին տալիս որպես լրացուցիչ կերաբաժին։ Պարզագույն կերախառնուրդի բաղադրամասը, ջրալվերի, գամարուսների, մոծակի թրթուրների և վարսակալյուրի հավասար մասերը խառնում են աղացած տավարի հում լյարդի հետ։ Սառնարանում այս կերախառնուրդը շատ երկար է պահպանվում։
Ձկների հիվանդությունների կանխարգելումը։ Չի կարելի Ա-ում պահել ջրի մակերեսից ագահորեն օդ ներծծող, ինչպես նաև վնասված լողաթևերով, թեփուկներով, ծռված ողնաշարով, մարմնի վրա սպիտակագորշագույն բծեր և ցան ունեցող ձկներ։ Նոր ձեռք բերված ձկներին մի քանի րոպե հարկավոր է պահել աղաջրով տաշտակի մեջ (1 թեյի գդալ աղ 1 լ ջրին), այնուհետև մի քանի օրով նրանց պահել մեկուսարանում՝ ցածրանիստ և լայն ամանում, որի ջրի ջերմաստիճանը հավասար է Ա-ի ջրի ջերմաստիճանին։ Հիվանդ ձկներին նույնպես խորհուրդ է տրվում մեկուսացնել՝ 1-2°C–ով բարձրացնելով մեկուսարանի ջրի ջերմաստիճանը և բարելավել սնունդը։
ԲԱԴՄԻՆՏՈՆ, մարզախաղ փետրավորված գնդակով (փետրագնդակով) և թևճակով, նպատակն է թույլ չտալ, որ փետրագնդակը գետնին դիպչի խաղադաշտի սեփական կողմում, այլ վայր ընկնի հակառակորդի խաղադաշտում։ Ծնունդ է առել հին ժամանակներում, Մալայայում։ Ժամանակակից Բ. առաջին անգամ ցուցադրվել է 1872-ին, Անգլիայում, Բադմինտոն ոչ մեծ քաղաքում (այստեղից էլ խաղի անվանումը)։ Կանոնների պարզությունը, ցանկացած հարթ հրապարակում, բացատում, լողափերին խաղալու հնարավորությունը, Բ. դարձրել են ամենատարածված մարզախաղերից մեկը։ Մարզական կանոններով հրապարակի չափերը 13,4x6,1 մ է՝ նշագծված և ցանցով երկու հավասար մասերի է բաժանված (տես նկարը)։ Զարգացնում է ճարպկություն, արագ կողմնորոշման ունակություն, դիմացկունություն։ Բ. կարելի է խաղալ երկուսով կամ չորսով։