Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/521

Այս էջը հաստատված է

և արդյունքում լուսանկարի վրա կարող են երևան գալ փայլատ բծեր։

Լուսանկարների չորացումն ու փայլավորումն արագացնելու համար կիրառում են էլեկտրափայլարկիչ։ Դա մետաղե մի շրջանակ է, որի ներսում գտնվում է էլեկտրական մեծ դիմադրությամբ մետաղալարն պարույր, իսկ դրսից ունի քրոմապատ կամ նիկելապատ երկու փայլարկիչ թիթեղներ, որոնք ծածկվում են քաթանե պահպանակներով։ Թաց լուսանկարները էմուլսային շերտով դասավորում են թիթեղների վրա, գրտնակում գլանիկով և ծածկում պահպանակներով։ Չորացումը տևում է 6-10 րոպե, եթե փայլարկիչ թիթեղների ջերմաստիճանը 50-70°C է։

Լուսանկարի արտահայտչականության բարձրացման առավել տարածված եղանակներից մեկը կադրավորումն է՝ պատկերի չափի և կադրի սահմանների ընտրությունը։ Կադրավորումը կատարվում է ինչպես նկարահանման ժամանակ (ինչը հատկապես կարևոր է հակադարձելի լուսաժապավենով նկարահանելիս) լուսանկարչական ապարատի դիտանի օգնությամբ նկարահանման կետի ընտրության միջոցով, այնպես էլ լուսատպման ժամանակ՝ կադրում պատկերի դիրքի և նրա խոշորացման աստիճանի ընտրության ճանապարհով՝ նպատակ ունենալով առանձնացնել պատկերի իմաստային առումով կարևոր հատվածը։

Առաջաձգական տպման ժամանակ կադրավորումը սովորաբար կատարվում է կադրավորիչ շրջանակի օգնությամբ։ Ֆոտոսիրողների համար թողարկվում են այնպիսի կադրավորիչ շրջանակներ, որոնք թույլ են տալիս ստանալ մինչև 30x40 սմ չափի լուսանկարներ։

Առաջաձգական լուսատպման ժամանակ պահաժամի հաշվանքի համար հարմար է օգտվել լուսանկարչական ժամակարգավորիչից, որն ավտոմատորեն անջատում է լուսախոշորացուցիչի լամպը, երբ տրված ժամանակահատվածը մոտենում է ավարտին (լուսակայման սկզբի պահից հաշված)։ Լուսանկարչական ժամակարգավորիչները թողարկվում են պահաժամերի տարբեր ընդգրկույթներով՝ վայրկյանի տասնորդական մասերից մինչև մի քանի տասնյակ րոպե։

Առաջաձգական տպման դեպքում պահանջվող պահաժամը որոշվում է կամ փորձնական ճանապարհով (արվում է մի քանի լուսանկար տարբեր պահաժամերով և դրանցից ընտրվում առավել հարմարը, որից հետո անհրաժեշտ ճշտում է մտցվում պահաժամի ընտրված արժեքի մեջ), կամ լուսաթղթի լուսազգայուն շերտի վրա ստացվող պատկերի լուսավորվածության չափման ճանապարհով՝ լուսատպման համար նախատեսված լուսակայացույցի օգնությամբ։ Առաջին եղանակը թույլ է տալիս փորձնական լուսապատկերներով մեծ ճշգրտությամբ որոշել լավագույն պահաժամը, սակայն այդ դեպքում փորձելու համար ծախսվում է որոշ քանակի (երբեմն զգալի) լուսաթուղթ։ Երկրորդ եղանակն ավելի խնայողական է, քանի որ փորձնական լուսապատկերների կարիք չկա, սակայն դրա ճշգրտությունն էապես կախված է պատկերի ցայտունությունից։

Պատրաստի լուսանկարները եզրահատելու և հակադարձելի լուսաժապավենը թափանցապատկերների (սլայդների) բաժանելու համար թողարկում են հատուկ կտրոցներ։ Պատրաստի լուսանկարը դնում են կտրոցի հիմքի վրա պատկերով դեպի վեր, սեղմիչ քանոնով հավասարեցնում են այնպես, որ եզրահատվող կողմն ընկած լինի պողպատե ձողի վրա, և, իջեցնելով դանակը, կտրում են թղթի դուրս ցցվող մասը։ Դանակի և պողպատե թիթեղի կտրող եզրերը կարող են լինել ուղիղ և ձևավոր։ Թափանցապատկերների կտրոցն էլ է գործում նույն սկզբունքով, սակայն նա իրանի կափարիչում ունի լուսավորվող էկրան՝ լուսաժապավենը դիտելու և անհրաժեշտ կադրն ընտրելու համար. էկրանի լուսավորումն ապահովվում է փոփոխական հոսանքի ցանցից սնվող շիկացման լամպիկով։

Թափանցապատկերները դիապրոյեկտորով ցուցադրելու հարմարության նպատակով դրանք առանձին-առանձին տեղավորում են պլաստմասսայե կամ ստվարաթղթե շրջանակների մեջ, որոնք լինում են երկու չափի՝ 50x50 մմ և 70x70 մմ, համապատասխանաբար 24x36 մմ և 60x60 մմ չափի կադրով թափանցապատկերների համար։ Թափանցապատկերով շրջանակները հարկավոր է պահել փակ պարկուճներում՝ պլաստմասսայե տափերում, որոնք պատերի ներսի մակերևույթին ունեն ուղղորդիչ կողեր. թափանցապատկերը տուփից հանելիս պետք է աշխատել մատներով չդիպչել նրան, այլ բռնել շրջանակից։

ԽԱՂԱԴԱՐԱՆ տնային։ Երեխաների և մեծահասակների ընդհանուր ջանքերով կարելի է ստեղծել տնային խաղադարան՝ կազմված բազմազան հետաքրքրաշարժ խաղերից և հանելուկախաղերից;


Խորանարդիկներ բոլորի համար: Այս հանելուկախաղի համար անհրաժեշտ է պատրաստել փայտե 27 խորանարդիկ և դրանք սոսնձել նկ. 1-ում ցույց տրված ձևով։ 7 տարրից բաղկացած հավաքածուն յուրատեսակ «կոնստրուկտոր» է, որի միջոցով կարելի է հավաքել նկարում պատկերված բազմաթիվ ծավալային ֆիգուրներ։

Շախմատային խորանարդ։ Խաղի համար հարկավոր է ամուր թղթից պատրաստած և երկու գույնով ներկած նիստերով 8 խորանարդիկ (ցույց է տրված նկարում)։ Խնդիրն է հավաքել 2x2x2 խորանարդ, ընդ որում նրա բոլոր