շերտի եզրով հյուսում են 7 հանգույցից բաղկացած «աղեղների» 1 շարք։ Յուրաքանչյուր «աղեղը» ամրացնում են փնջերը միացնող «աղեղների» կենտրոնին՝ առանց հավելահատի սյունակով։ Մյուս շերտի եզրով հյուսում են նույնպիսի «աղեղներ»։ Յուրաքանչյուր «աղեղի» 4-րդ հանգույցը ամրացնում են 1-ին շերտի «աղեղի» կենտրոնին, ապա սեփական շերտի «աղեղի» կենտրոնին։ Գործվածքը շրջահյուսում են 7 հանգույցից բաղկացած «աղեղների» 1 շարքով։ Պատրաստի գործվածքի ներքևի եզրը ձևավորում են ծոպերով։
Ծոպերի հյուսում։ Եռաժանու վրա հավաքում են ծոպի երկարության հատեր։ Եռաժանու նեղ մասի լայնությունը 2-3 սմ է, իսկ լայն մասինը՝ 10-12 սմ։ Հատերն ամրացնում են նեղ մասում և այդ մասի յուրաքանչյուր հատի վրա հելունով կիսասյունակ են հյուսում։ Ստացվում է ամուր եզր, որը միացնում են պատրաստի գործվածքին, իսկ չամրացվող մասի հատերը թողնում են ազատ, որպես ծոպեր։
ՀՅՈՒՍՈՒՄ ՁԵՎԱՆՄՈՒՇՈՎ։ Ձևանմուշը տափակ շրջան կամ քառակուսի է՝ մետաղական ձողիկների համար նախատեսված, մի քանի շարք անցքերով։ Կարելի է պատրաստել տանը փայտի և պողպատալարի ձողիկներից։ Պողպատալարի տրամագիծը պետք է համապատասխանի անցքին, ձողիկի երկարությունը 3-4 սմ է։ Մեկ ձևանմուշի համար պետք է ունենալ 40 ձողիկ։
Հյուսում են հաստ և թույլ ոլորած թելերով։ Ծաղիկ հյուսելու համար ձողիկները շարում են մեկ կամ մի քանի շարքով։ Մեծ շրջանագծով բաշխված անցքերում շարում են 12 ձողիկ։ Թելի ծայրը անցկացնում են կենտրոնում գտնվող անցքով և ձախ ձեռքով սեղմած պահում։ Աջ ձեռքով, ժամացույցի սլաքի ուղղությամբ, վերևի և ներքևի կիսաշրջանագծերի ձողիկները 8-աձև փաթաթում են (թելը տանելով վերևի ձողիկներից դեպի ներքևինը)։ Յուրաքանչյուր ձողիկը կարելի է փաթաթել մի քանի անգամ (կախված թելի հաստությունից)։ 1-ին շրջանի ձողիկները փաթաթելուց հետո շարում են 2-րդ շրջանի ձողիկները (12 ձող) և նույն կամ այլ գույնի թելով փաթաթում ձողիկների 2-րդ շարքը ինչպես 1-ինը։ Յուրաքանչյուր նոր գույնի թելի ծայրը անցկացնում են կենտրոնի անցքով և հակառակ կողմից ամրացնում։ Նույն կամ այլ գույնի թելով ծաղկի թերթիկների բոլոր փաթույթներն ամրացնում են հելունակարով կամ դարձկարով, ասեղը մտցնում են ձևանմուշի կենտրոնի անցքով և փաթույթի միջին մասով դուրս հանում շիտակ երեսի կողմը։ Փաթույթներն ամրացնելուց հետո հեռացնում են ձողիկները և ծաղիկը հանում ձևանմուշից։ Հյուսած ծաղիկներն իրար են միացնում հելունով։
ՀՈԿԵՅ, թիմային մարզախաղ՝ մականով և տափօղակով (կամ գնդակով), որի նպատակը տափօղակը կամ գնդակը հակառակորդի դարպասն անցկացնելն է։ ՀՀ-ում առավել զարգացած է մականախաղը (խոտի հոկեյ)։
Տափօղակով Հ.։ Առաջ է եկել 19-րդ դ. 60-ական թթ. Կանադայում։ Խաղում են փայտակողերով (կամ ձյունաթմբերով) պարսպված դաշտում։ Սառցապատված դաշտի վրա կարմիր գծեր են անցկացնում (դարպասի գծերը), դրանց միջև ընկած հրապարակի հատվածը բաժանում են 3 հավասար մասերի երկու կապույտ (գոտիների գծեր) և մեկ կարմիր գծերով։
Խաղին մասնակցում են երկու թիմ՝ յուրաքանչյուրում 20 խաղացող, 6–ական խաղացող (դարպասապահը և դաշտի խաղացողները)։ Խաղացողներին կարելի է փոխարինել խաղի ընթացքում կամ ընդմիջումներին։
Խաղն սկսվում է (և վերսկսվում տափօղակը դարպասի մեջ նետելուց հետո) միջին գծի կենտրոնական կետից։ Խաղի ընթացքում չի կարելի ընդունել կապույտ գծով սահմանափակված սեփական գոտուց նետած կարմիր գծի վրայով անցնող տափօղակը։ Տափօղակի համար պայքարելիս թույլ է տրվում կիրառել ուժային գործողություններ (իրանով հրել հակառակորդին)։ Արգելվում է հարվածել ձեռքով և մականով, ոտք գցել։ Նշված խախտումների համար խաղացողը հեռացվում է դաշտից 2 րոպեով, իսկ թիմը շարունակում խաղը մնացած խաղացողներով։
Խաղի տևողությունը 1 ժամ է՝ 20 րոպեանոց 3 խաղափուլ՝ 10 րոպեանոց ընդմիջումներով։
Գնդակով Հ.։ Առաջացել է 19-րդ դ. կեսերին Մեծ Բրիտանիայում։ Խաղադաշտը (90-110 մ x 50-65 մ) գծանշվում է հետևյալ կերպ. տուգանային հրապարակը սահմանազատվում է 17 մ շառավղով կիսաշրջանագծով, որի վրա նշված է «ազատ հարվածի» 2 կետ, տուգանային հրապարակում կա 12 մետրանոց