Նվազագույն լուսավորվածությունը, որի դեպքում հնարավոր է Տ-ով իրականացնել նկարահանումը, հասնում է 0,5 լյուքսի։
Տ-ի մեծ մասը հանդերձված է էլեկտրասնուցման ավտոմատ խնայարարով և ավտոմատ անջատման համակարգով։
Որոշ Տ-ների հեռուստապատկերի մշակման էլեկտրոնային համակարգն ունի նաև պատկերի կայունարար։ Բազմաթիվ Տ-ներ ունեն ծրագրավորվող ինքնալուսակայման համակարգ (սպորտ, դիմանկար, ցածր լուսավորվածություն)։ Լավագույն Տ-ները իրականացնում են նաև Hi-Fi դասի ծավալահնչական ձայնագրում, ներդիրների և ձայնագրումների հավաքակցում (մոնտաժում), ունեն հեռակառավարման ինֆրակարմիր վահան։
ՖԱԼԵՐԻՍՏԻԿԱ, մետաղական կրծքանշանների, դրոշմների, ինչպես նաև ժետոնների (որպես կանոն, հուշանվերային, հոբելյանական, հիշատակի, հազվադեպ՝ ծառայական) հավաքածուի կազմում։ Տարածում է գտել 20-րդ դարի 1-ին կեսից։ Սովորաբար կազմվում է թեմատիկ սկզբունքով՝ զինանշան, դիմանկար, պատմություն, սպորտ, տրանսպորտ, ճարտարապետություն և այլն։ Ենթարկվում է միջազգային կամ ազգային գրացուցակավորման։ Տես նաև Հավաքածուի կազմում:
ՖԻԼԱՏԵԼԻԱ, փոստային նամականիշների, պիտակների, ապրանքանիշների, դրոշմակնիքների, ինչպես նաև այդ նշաններով ծրարների ու բացիկների հավաքածուի կազմում։ Տարբերում են ժամանակագրական (հավաքածուն համակարգվում է ըստ նմուշների թողարկման հաջորդականության), թեմատիկ (կախված հավաքածու կազմողի անձնական նախասիրություններից), հատուկ տեսակի (օրինակ, օդային փոստի հավաքածու, մարված նամականիշների հավաքածու և այլն) հավաքածուներ։
20-րդ դարի կեսերից սկսած Ֆ. դարձել է հավաքածուի կազմման ամենատարածված ձևերից մեկը։ Տես նաև Հավաքածուի կազմում:
ՖԻԼՈԿԱՐՏԻԱ, պատկերազարդ փոստային բացիկների հավաքածուի կազմում։ Ձևավորվել է 19-րդ դարի 2-րդ կեսին, երբ 1869 թ-ին Ավստրոհունգարիայում թողարկվեց առաջին փոստային բացիկը։ Ըստ թեմատիկ նշանակման տարբերվում են աշխարհագրական, ազգագրական, պատմական, արվեստի տարբեր ճյուղերի, տեխնիկայի, սպորտի և այլ ոլորտների նվիրված հավաքածուներ։ Տես նաև Հավաքածուի կազմում:
ՖԻԼՈՖՈՆԻԱ, գեղարվեստական, պատմական կամ գիտական արժեք ունեցող ձայնագրությունների (երաժշտական, գրական, վավերագրական և այլ բնույթի) հավաքածուի կազմում։ Տարածում է գտել 1940-50-ական թթ.։ Առավել տարածված է երաժշտական ձայնասկավառակների հավաքածուների կազմումը։ 1960-ական թթ. սկզբներին ստեղծվել է Ֆ-ի սիրողների Միջազգային ֆեդերացիա։ Տես նաև Հավաքածուի կազմում:
ՖԻԼՈՒՄԵՆԻԱ, ՞լուցկու պիտակների, ինչպես նաև բլանկային պիտակների ու նրանց թեմատիկ լրակազմերի հավաքածուի կազմում։ Ձևավորվել է լուցկիների թողարկման ժամանակներից սկսած՝ 19-րդ դարի կեսերին։ Որպես կանոն կազմվում է թեմատիկ սկզբունքով պիտակի վրա եղած պատկերի բնույթին համապատասխան։ Հատուկ համակարգման չի ենթարկվում։ Տես նաև Հավաքածուի կազմում:
ՖՈՒՏԲՈԼ, թիմային մարզախաղ, որի նպատակն է գնդակը ոտքով կամ մարմնի որևէ այլ մասով (բացի ձեռքերից) անցկացնել մրցակցի դարպասը։ Ժամանակակից Ֆ-ի հայրենիքը Անգլիան է, որտեղ 1863-ին առաջին անգամ մշակվել են խաղի կանոնները և տեղծվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ասոցիացան։ Ֆ. նպաստում է կոլեկտիվիզմի դաստիարակմանը, զարգացնում է ուժը, ճարպկությունը, դիմացկունությունը, մշակում է բարդ իրադրություններում արագ կողմնորոշվելու կարողություն։
Խաղի կանոնները։ Խաղին մասնակցում է 2 թիմ՝ 11-ական խաղացողով (ներառյալ դարպասապահը)։ Խաղում են խոտածածկ կամ հողածածկ հարթեցված խաղադաշտում (նկ.)։ Գնդակին ձեռքով դիպչել թույլ է տրվում միայն դարպասապահին (բացառապես տուգանային հրապարակի սահմաններում), մյուս խաղացողներին գնդակը եզրագծից դաշտ նետելու ժամանակ։ Մրցակցի կիսադաշտում