Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/550

Այս էջը հաստատված է

գտնվող խաղացողն իրավունք ունի խաղընկերոջից գնդակ ստանալ այն դեպքում, երբ իր և դարպասային գծի միջև եղած տարածությունում կա հակառակորդ թիմի առնվազն 2 խաղացող՝ ներառյալ դարպասապահը, ընդորում, նա կարող է գտնվել նաև այդ խաղացողներից մեկի կամ միանգամից երկուսի հետ նույն գծի վրա։ Հակառակ դեպքում, նա համարվում է «խաղից դուրս» վիճակում, խաղն ընդհատվում է ու գնդակը հանձնվում հակառակորդին («ազատ հարվածով» այն խաղի մեջ մտցնելու համար)։

Խաղի ժամանակ արգելվում է մրցակցի տեղաշարժումը կասեցնել ձեռքով, հրել թիկունքից, ոտք գցել ևն։ Խաղի կանոնների խախտման համար, խախտման կետից նշանակվում է «ազատ» կամ «տուգանային» հարված (հակառակորդ թիմի խաղացողները հարվածի ժամանակ պետք է գտնվեն գնդակից առնվազն 9 մ հեռավորության վրա), տուգանային հրապարակում համանման խախտումների համար նշանակվում է 11 մետրանոց հարված (պենալտի) դարպասին, որը պաշտպանում է միայն դարպասի գծին կանգնած դարպասապահը։ «Տուգանային» հարված նշանակվում է խաղի կանոնների խախտման կամ հակառակորդի պաշարման (բլոկավորման՝ դեպի գնդակը հակառակորդի շարժման ուղիների փակում՝ առանց գնդակի համար ուղղակի պայքարի), ազատ հարված վտանգավոր խաղի դեպքում։ «Տուգանային» հարվածով ուղղակիորեն մրցակցի դարպասը խփված գնդակը հաշվվում է, ազատ հարվածով ուղղակիորեն խփվածը՝ ոչ։ Խաղի տևողությունը 90 րոպե է (45 րոպեանոց երկու խաղակես՝ 10 րոպե ընդմիջումով)։

Մինի ֆուտբոլը համանման խաղ է ավելի փոքր թվով խաղացողներով (6-8 խաղացող յուրաքանչյուր թիմում), ոչ մեծ խաղադաշտում, ավելի սեղմ ժամանակահատվածում (յուրաքանչյուր խաղակեսը՝ 25-30 րոպե)։

Ֆ. հայ իրականություն է մուտք գործել XX դ. սկզբին։ Առաջին խմբերն ստեղծվել են Կ. Պոլսում, Իզմիրում։ ՀՀ-ում Ֆ. տարածվել է 1920-ական թթ. (Ալեքսանդրապոլ, Վաղարշապատ, Երևան)։ 1973-ին Հայաստանի առաջատար թիմը՝ Երևանի «Արարատը», դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր, 1975-ին կրկին նվաճել է գավաթը, 1971-ին, 1976-ին (աշուն) եղել է ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր։ 1992-ից անցկացվում է ՀՀ Ֆ-ի ազգային առաջնություն։ Ֆ. Հայաստանում ամենատարածված մարզական խաղերից է։