ԱՄԲԱՐՁԻԿ, նախատեսված է նորոգումների, շինարարական կամ բարձման-բեռնաթափման աշխատանքների ժամանակ ծանր բեռներ բարձրացնելու համար։ Օրինակ, ավտոմոբիլի դողերը հանելիս, հատակը ներկելիս, շարժիչների հանգույցները յուղելիս, տների գերանակապերը, հատակի հեծանները փոխելիս օգտագործում են Ա.։ Ի տարբերություն այլ վերամբարձ մեխանիզմների՝ համեմատաբար փոքր չափեր և զանգված ունեցող Ա-ներով միայն ձեռքի մկանային ուժով կարելի է մի քանի տոննա զանգված ունեցող բեռը բարձրացնել մինչև 1 մ։
Ըստ գործողության սկզբունքի և կառուցվածքի տարբերվում են ատամնաձողավոր, պտուտակային և հիդրավլիկ Ա-ներ։ Ատամնաձողավոր Ա. կազմված է հենարանային իրանից, տանող գլխիկ և թաթեր ունեցող ամբարձաձողիկից։ Ատամնաձողավոր Ա-ներն ըստ փոխանցման մեխանիզմի լինում են լծակավոր ու ատամնավոր։ Լծակավոր Ա-ի ձողիկը գործում է տարուբերվող շարժաբեր լծակով, իսկ ատամնավորինը՝ ժանանիվով, որը պտտվում է շարժաբեր բռնակով։ Տեղաշարժված ձողիկը բեռան ծանրությունից վայր ընկնելուց պահպանում է սևեռապնդման (կասեցման) սարքերի իջեցմամբ։
Պարզագույն պտուտակային Ա. կազմված է պողպատե կամ թուջե իրանից և շարժական ամբարձիչ պտուտակից, որը պտտվում է արգելակային մեխանիզմ ունեցող բռնակով։ Բարձրացված բեռը պահվում է պտուտակի ինքնաարգելակման շնորհիվ։ Պտուտակային Ա-ների բեռնունակությունը մինչև 20 տ է (1 մ բարձրացնելիս)։
Առավել բեռնունակ է (մինչև մի քանի տասնյակ տ) հիդրավլիկ Ա.։ Այն պողպատե գլան է դուրս եկող մխոցով, որի տակ ձեռքի շարժաբեր պոմպով մղվում է բանող հեղուկ (սովորաբար մեքենայի յուղ)։ Մխոցը ելման (ստորին) դիրք իջեցնելու համար անհրաժեշտ է հատուկ փականի օգնությամբ բանող հեղուկը գլանից հետ լցնել պոմպի ռեզերվուարի մեջ։ Հիդրավլիկ Ա. ապահովում է ծանրության սահուն բարձրացումը և ճիշտ տեղադրումն անհրաժեշտ բարձրությամբ։ Հիմնական թերություններն են ամբարձման փոքր արագությունը և բարձրությունը (մի քանի տասնյակ սմ) աշխատանքային մեկ փուլում։
Եթե աշխատանքային մեկ փուլում Ա. չի ապահովում պահանջվող բարձրություն, ապա հնարավոր դիրքին հասնելուց հետո բեռան տակ ժամանակավոր հենարաններ են դնում, ազատում Ա., և Ա-ի (կամ բեռան) տակ համապատասխան հաստության չորսու տեղադրելով, կրկնում են աշխատանքը։
Ա. գործածելիս պետք է իմանալ, որ առաջացող ուժը միանման է ազդում և՛ բեռան, և՛ հենարանի մակերևույթի վրա։ Ա. պետք է տեղադրել ամուր և հարթ հիմքի վրա։ Եթե անհրաժեշտ է այն դնել գետնին, ապա Ա-ի տակ պետք է հենարան (կոճ, տախտակ, չորսու ևն) դնել։ Բարձրացվող առարկայի մակերևույթը վնասվելուց պահպանելու համար, խորհուրդ է տրվում Ա-ի կրող գլխիկի և բարձրացվող բեռի միջև դնել մետաղաթիթեղ (3-5 մմ հաստությունից ոչ պակաս) կամ այլ ամուր միջադիր։ Եթե մեկ Ա-ի ամբարձունակությունն անբավարար է, ապա կարելի է օգտագործել մի քանի Ա-ներ։ Այս դեպքում բոլոր Ա-ները կարելի է աշխատացնել միաժամանակ կամ հերթականությամբ։
ԱՄՍԱԲՈՂԿ (աճեցումը), միամյա բույս է։ Խոնավության նկատմամբ պահանջկոտ է։ Լավ է աճում փուխր և բերրի հողերում։ Արմատապտուղները ձևավորվում են ցանքից 35-40 օր հետո։ Աշնանը կրկնափորի ժամանակ հողին ավելացնում են բուսահող (հումուս) կամ կոմպոստ (1 մ²–ին՝ կես դույլ), հանքային պարարտանյութեր (1 մ²–ին՝ 40-80 գ), սուպերֆոսֆատ և կալիումական աղ (1 մ²–ին՝ 15-20 գ)։
ՀՀ-ում Ա. մշակում են ամենուրեք։ Տարածված վաղահաս սորտերից են. վարդագույն սպիտակ ծայրով, կարմիր սպիտակ ծայրով, Սաքսա և Դունգանյան։ Նույն սորտերը ցանում են նաև տաքացվող գրունտում։ Արարատյան դաշտում Ա. ցանում են վաղ գարնանը և ուշ ամռանը թմբերի և հարթ մակերևույթի վրա։ Եթե հողի սննդարար շերտը բանջարանոցում խոր չէ (8-10 սմ), ապա Ա. աճեցնում են մարգերում։ Անձրևի և ոռոգման ջուրը պահելու համար փոցխով եզրաթմբեր են սարքում։ Ա. ցանում են 6-8 սմ միջշարային և 3-5 սմ միջբուսային հեռավորությամբ։ Շոգ ամիսներին Ա-ի ցանքը դադարեցնում են, քանի որ այն վատ է աճում, դառնում թելավոր և կծու։ Ա. սնուցում են միզանյութով 1-2 անգամ (1 մ²–ին՝ 20-25 գ), ծիլերի երևալուց և նոսրացումից հետո, անհրաժեշտության դեպքում ջրում են։
ԱՅԳԵԲԱՆՋԱՐԱՆՈՑԱՅԻՆ ԳՈՒՅՔ, տնամերձ և այգեգործական հողամասերում բույսերի մշակման և բերքահավաքի համար անհրաժեշտ է ունենալ ձեռքի աշխատանքը դյուրացնող գործիքներ և սարքավորումներ։ Տարբերում են ձեռքի և մեքենայացված Ա. գ.։
Ձեռքի Ա. գ-ի մասն են կազմում կտրող գործիքները (նկ. 1)՝ էտոցները (սեկատոր), ոստահատիչները, ձեռնասղոցները, մկրատները, դանակները և այլն։ Էտոցով ծերատում և էտում են պտղատու ծառերը, թփերը։ Կտրվածքի առավելագույն տրամագիծը 15 մմ է։ Ավելի հաստ ճյուղերը (մինչև 30 մմ) էտում են ոստահատիչով, որը հարմարության համար կարելի է հագցնել փայտե կամ մետաղե երկար ձողին։ Ոստահատիչի կեռանման դանակը գցվում է կտրվող ճյուղին, իսկ շարժական դանակին ուժ է հաղորդվում քուղը ձգելով։ Ոստահատիչների մի քանի տիպեր ունեն ձեռնասղոցային հանովի շեղբ, որով կարելի է կտրել գետնից շատ բարձր ծառի պսակի մեջ գտնվող մինչև 80 մմ-անոց ճյուղեր։ Հաստ ճյուղերն էտում են նաև ուղիղ կամ մանգաղանման սայրով (1 մմ հաստության և 200-270 մմ երկարության) ձեռնասղոցով։ Փոխադրման հարմարության համար թողարկվում են նաև ծալովի ձեռնասղոցներ, որոնց սայրի երկարությունը 150-180 մմ է։ Տարածված են խոտի և թփերի զարդարիկ խուզի, ելակի թփերի մշակման, ծաղիկների քաղի և այլ տիպի մկրատներ։ Պտղատու և զարդարիկ ծառերի պսակի ձևավորման համար ճյուղերը կտրում են մանգաղանման սայր ունեցող դանակով (կտրվածքի տրամագիծը՝ մինչև 15 մմ)։ Պատվաստում են հատուկ տիպի կամ երկու տարբեր սայր ունեցող դանակներով։ Մեծ պահանջարկ ունեն էտոցից (պահեստի զսպանակով), պատվաստի և այգու դանակից, ծալովի ձեռնասղոցից, խաղողի և ծաղկի մկրատներից կազմված կտրող գործիքների հավաքածուները։