տնակների համար կա 2 տիպի նախագիծ՝ 4 հատակագծային տարբերակով։ Դրանցից 1-ը մեկ հարկանի մեկ սենյականոց է, իսկ 3-ը՝ մեկ հարկանի երկու սենյականոց։ Բոլոր տնակներն ունեն խոհանոց, պատշգամբ և մառան։ Տնտեսական շինությունները (թռչնանոց, գույքի պահեստ, ամառային ցնցուղ և զուգարան) Ա-ից առանձին են։ Երկրորդ տարբերակում դրանք կառուցում են Ա-ին կից, որոշ դեպքերում նաև ավտոտնակ՝ Ա-ի խուլ պատին կից։ Լայն տարածում են գտել նաև անհատական նախագծերով Ա-երը։ Ա-ի պատերը կառուցում են կանոնավոր ձևի տուֆ քարից, ծածկերը՝ միաձույլ երկաթբետոնից, տանիքը՝ փայտից և ասբոշիֆերից (կամ մետաղե թիթեղից)։
Ա-ի նախագիծը պետք է բավարարի գործառնական պահանջները, ունենա ճարտարապետական արտահայտիչ հորինվածք։ Չպետք է Ա-ի արտաքին տեսքը ծանրաբեռնել ավելորդ մանրամասներով, զարդարանքներով։ Ճարտարապետական արտահայտչականության միջոցները պետք է լինեն որմնանյութը, վերնածածկի ձևը, լուսամուտների չափսերը և դիրքը, առմուտքը, փակոցափեղկերը, տանիքի քիվի ելուստը, պատշգամբների պաշտպանակումը։ Քիվերի ՝ելուստն ունի ճարտարապետական և կարևոր գործառնական նշանակություն, ջուրն ու ձյունը հեռացնելով՝ ավելորդ խոնավացումից պաշտպանում է շենքի հիմքը և պատվանդանը։
Ա-ի ամրությունը մեծապես պայմանավորված է հիմքի հուսալիությամբ։ Հիմքի տեղադրման խորությունը կախված է գրունտի տեսակից, ստորգետնյա ջրերի մակարդակից, հողի սառչելու աստիճանից։
Ա. չափսերով և համամասնությամբ պետք է համապատասխանի այգեգործական հողամասի չափսերին։ Որքան փոքր է Ա-ի ծավալը, այնքան պետք է խուսափել ավելորդ ելուստներից, կցաշինություններից, մանրամասներից։ Բացառություն կարող է կազմել տանիքի կառուցվածքը։ Տանիքածածկի ձևը կարևոր դեր է խաղում ձեղնահարկային Ա-ների հորինվածքներում։ Առավել հարմար են քիվի մեծ ելուստով երկլանջ անհամաչափ տանիքածածկերը։ Բեկյալ գավակավոր և բազմալանջ տանիքները հազվադեպ են համապատասխանում ոչ մեծ Ա-ի բնույթին։
Տիպային նախագծով կառուցված Ա. սովորաբար ունենում է ընդհանուր սենյակ, պատշգամբ, ոչ մեծ օժանդակ շինություն (խոհանոց կամ մառան)։ Բնակելի շինությունների թիվը կարող է մեծացվել ննջասենյակների (մեկ կամ մի քանի) հաշվին։ Հատակագծում պետք է նվազագույնի հասցնել նախասենյակների և միջանցքների թիվը։ Հնարավոր է մի սենյակում մի քանի գործառնությունների համատեղում, օրինակ, ընդհանուր սենյակում ննջարանի, պատշգամբում՝ նախասենյակի։
Խորհուրդ է տրվում պատշգամբը և խոհանոցը կառուցել, որքան հնարավոր է, մուտքին մոտ։ Բնակելի շինություններ հաճախ մտնում են պատշգամբով, որը միաժամանակ դառնում է նաև նախասենյակ։ Այդպիսի հատակագիծը հարմար է, սակայն պահանջում է առմուտքի մակերեսի մեծացում։ Ցանկալի է, որ առմուտքն ունենա ծածկարան։ Պատշգամբի մակերեսը պետք է 8-10 մ²-ից պակաս չլինի։
Պատշգամբը կարող է լինել ներկառուցված կամ կցակառուցված, ցանկալի է, որ այն տեղադրված լինի Ա-ի հարավային,