Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/577

Այս էջը հաստատված է

ջրում) հուլիսին Բ-ու սերմնաբույսերը պիտանի են աչքապատվաստի համար։ Աչքապատվաստումից 1-2 տարի հետո տնկիները կարելի է տեղափոխել հիմնական հողամաս։ Տնկման լավագույն ժամկետը վաղ գարունն է։ Կարելի է տնկել նաև աշնանը, հողի սառելուց 20-30 օր առաջ։ Ծառերի միջև հեռավորությունը թողնում են 2-3 մ։ Ցանկալի է, որ հողամասում լինի Բ-ու տարբեր սորտերի 3-4 ծառ, որպեսզի ապահովվի փոխադարձ փոշոտումը և երկար ժամանակով թարմ պտուղների օգտագործումը։ Տնկման տեխնիկայի, հողի բաղադրության, պարարտացման, ոռոգման և էտի մասին տես Հողեր, Այգի (Տնկիների թաղումը և տնկումը, Այգու խնամքը) և Պարարտանյութեր հոդվածներում։

ԲԱԿԼԱ սովորական (աճեցումը), ՀՀ-ում կարելի է մշակել գրեթե բոլոր մարզերում։ Ավազահողերից և ճահճահողերից բացի լավ է աճում մնացած բոլոր հողերում։ Թթու հողերը կրացնում են։ Գարնանը պետք է հողը պարարտացնել օրգանական (0,5-1 դույլ բուսահող) և հանքային (30-50 գ սուպերֆոսֆատ և 10-20 գ կալիումի քլորիդ 1 մ²–ին) պարարտանյութերով։ Բ. ցանում են մայիսին, շարային եղանակով (50-60 սմ միջշարային հեռավորությամբ) և ժապավենաձև երկգիծ (60 սմ միջժապավենային հեռավորությամբ, իսկ ժապավենում՝ 20-30 սմ միջշարային և 10-15 սմ միջբուսային հեռավորությամբ)։ Սերմերի խցման խորությունը 5-8 սմ։ Հաճախ Բ. ցանում են կարտոֆիլի կամ վարունգի շարքերում։ Բույսերի խնամքը նույնն է, ինչ ոլոռինը և լոբունը:

ԲԱՂՆԻՔ, առավել տարածված են ըստ ջերմային ռեժիմի խոնավ (40-45 °C-ում 60-80 %) ռուսական և չոր (90 °C և բարձր ջերմաստիճանում՝ 20-30 %) ֆիննական կոչվող Բ-ները։ Ֆիննական Բ-ում գործածում են ջերմությունն անդրադարձնող էկրաններ ալիքավոր կամ ճմլված փայլուն մակերևույթով փայլաթիթեղներ (հաճախ պատրաստում են ալյումինից), որոնք շոգեբաղնիքում ստեղծում են «թերմոսի» էֆեկտ։ Էկրանները դասավորում են քարե վառարանի (ջեռաքարի) տեղադրման հատվածում՝ պատերը երեսպատող տախտակների տակ։

Բ-ի կառուցման համար լավագույն շինանյութեր են սոճու և եղևնու չոր գերանները կամ 12-20 սմ հեռավորությամբ չորսուները։ Գերանե պատերն արագ և մեծ քանակությամբ գոլորշի են ներծծում, միաժամանակ շոգեբաղնիքում պահպանում հաստատուն ջերմաստիճան և խոնավություն։ Սոճու և եղևնու փայտի մեջ պարունակվող բուրավետ նյութերը, որոնք ունեն նաև մանրէասպան հատկություն, բարձր ջերմաստիճանի և խոնավության պայմաններում ավելի ինտենսիվ են անջատվում։ Բ. կարելի է կառուցել կարմիր աղյուսից կամ քարից, բայց ջերմաստիճանի կտրուկ անկման դեպքում քարե պատերը ծածկվում են ջրի կաթիլներով։ Բ-ում ջերմությունը պահպանելու համար դռան գրկանը պետք է լինի ցածր, իսկ շեմքը՝ բարձր։ 70-170 սմ չափերով դուռը պատրաստում են 40-50 մմ հաստության տախտակներից։ Շեմքը պետք է ունենա 20-25 սմ, իսկ լուսամուտը՝ լուսամուտատեղով (50-60 սմ չափի կրկնակի ապակեպատումով) մոտավորապես 1 մ բարձրություն։ Շինությունը ջերմային էներգիայի նվազագույն ծախսերով արագ տաքացնելու համար, առաստաղի բարձրությունը շոգեբաղնիքում և լողասենյակում պետք է լինի 2-2,3 մ։

Բ-ի շինարարության ժամանակ հատուկ ուշադրություն պետք է դարձնել հատակի և ջրթափի պատրաստմանը։ Նախաբաղնիքի (հանդերձարանի) հատակը պետք է լինի երկշերտ (տաքությունն ապահովելու համար)՝ ենթահատակով (նորք) և իսկական հատակով։ Վերջինս ներկում են կամ ծածկում լինօլեումով, իսկ աղյուսե Բ-ներում՝ կերամիկական սալիկներով։ Լողասենյակի և բաղնիքի հատակը պետք է պատրաստել այնպես, որ օգտագործված ջուրը հոսի և թափվի տեղական կոյուղի (կամ պարզարան և ներծծող փոս)։ Հատակը սարքում են ջրամերժ նյութից (բետոն, կավ ևն), մակերևույթի թեքությունը՝ դեպի ոչ մեծ տարողության մերձափոսը կահավորված ջրափակաղակով և ներծծող փոսին միացված ջրթափ խողովակով։ Մերձափոսը կարելի է պատրաստել ցանկացած նյութից՝ ապահովելով հերմետիկությունը։ Հատակից 10-12 սմ բարձրության վրա դրվում է ջրթափ խողովակի ծայրը, որի նկատմամբ թեքությամբ բոլոր կողմերից, բացի ներքևի եզրից, տեղադրում են հերմետիկ ամրացված թիթեղ՝ հատակից 50-60 մմ բարձր։ Այս սարքը կազմում է ջրափակաղակը, որը արգելակում է կոյուղուց տհաճ հոտերի ներթափանցումը։

Հատակի փայտե վերնածածկը սարքում են հենարանային սյուների վրա տեղադրված տափագերաններով և ջրամեկուսացնում։ Հատակի տախտակներն ամրացնում են 5-6 մմ բացակով, որպեսզի ուռչելիս ապահովվի բնական ջրթափը։ Այդ նպատակով տախտակների վրա հանում են երկայնական երեսակներ՝ վերին շերտը թեք անելով։

Հոծ վերնածածկով հատակները սարքում են ջրթափի հիմնատակի պես, բայց այս դեպքում մերձափոսը պետք է գտնվի շինության մեջ և ծածկվի ջրհոս ցանցով։ Կոյուղին անպայման պետք է սարքավորել օդափոխիչ կանգնուկով, որի կառուցվածքը պարզեցնելու համար այն կարելի է մոնտաժել 100 մմ-ից ոչ պակաս տրամագծով ասբեստացեմենտե կամ մետաղե ջրթափ խողովակի վրա։ Դրա վերևի ծայրին տեղավորում են թասակ կամ դեֆլեկտոր։

Բ-ի փայտե կառուցվածքները փտումից պաշտպանելու համար անհրաժեշտ է մշակել հականեխիչով։

Բ-ի ջեռուցման և ջրի տաքացման համար կարելի է օգտագործել զանազան կառուցվածքի հիմնականում քարե վառարաններ։ Որպես ջերմության կուտակիչներ դրանցում օգտագործում են գրանիտե քարերը, որոնք տաքանում են վառարանի կրակարանից դուրս եկած տաք գազերով։ Այսպիսով, միաժամանակ տաքանում են և՛ ջուրը, և՛ քարերը։ Քարե վառարաններում վառում են փայտ (առավելապես կեչու)՝ երկարատև ռեժիմով աշխատանքի համար։

Քարե վառարանի (ջեռաքարի) կառուցման համար օգտագործվող ամենատարածված նյութը հրակայուն աղյուսն է։ Աղյուսները շարում են շաղախով, որին ավելացնում են շամոտային փոշի։ Վառարանի պատերը շարում են կես կամ ամբողջ աղյուսի չափով, շարքերը լավ քարկապում, իսկ երկու աղյուսների արանքը սվաղում են շաղախով։ Կրակարանի շարվածքի համար ծախսվում է մոտավորապես 150 աղյուս, 20 կգ կավ և 20 կգ շամոտային ավազ։ Սնդուով կրակարանը (մասնատված կրակակալներով և դրանց վրա տեղադրված կափարիչով կաթսայով) գազահեռացման անցքերով միացնում են ջեռաքարի խցին, որը լցնում են 1-4 կգ զանգվածով գրանիտե քարերով (շոգեսենյակի