Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/58

Այս էջը հաստատված է

ԿՈՆԴԻՑԻՈՆԵՐ կենցաղային, փակ սենյակում մարդու ինքնազգացողության համար օդի առավել բարենպաստ ջերմաստիճան, խոնավություն և մաքրություն ապահովող սարք։ Կ. բաղկացած է սառեցնող ագրեգատից (էլեկտրաշարժաբերով ճնշակ և գոլորշիարար օդապաղիչ), խտարարից, օդի զտիչից, էլեկտրաշարժաբերով օդափոխիչից, ինչպես նաև «Մուլինեքս» և «Ռովենտա» մակնիշի կոնդիցիոներներ սառեցնող ագրեգատի աշխատանքը վերահսկող ու կարգավորող և սենյակում օդի պարամետրերի պահանջվող մակարդակը պահպանող ավտոմատ սարքերից։ Կ-ի աշխատանքի ռեժիմը կարգավորվում է ագրեգատի իրանի ճակատամասում տեղակայված վահանակի բռնակներով։

Կենցաղային Կ. սովորաբար տեղակայում են լուսամատի բացվածքում՝ Կ–ի լրակազմի մեջ մտնող հատուկ հարմարանքների օգնությամբ։ Կ. պետք է այնպես տեղակայել, որ կողքի վանդակավոր և հետևի (արտաքին) պատերի շուրջն ազատ տարածություն լինի (կողքի պատերից առնվազն 150 մմ, հետևի պատից՝ 400 մմ)։

Կենցաղային Կ-ները հաճախ կատարում են ներհոս օդափոխիչի դեր։ Տարվա տաք եղանակին դրանք հովացնում և չորացնում են օդը, իսկ ցուրտ եղանակին՝ տաքացնում և խոնավացնում։

Կենցաղային Կ-ները նախատեսված են 25-ից մինչև 35 մ² մակերեսով սենյակների համար։

Կ. էլեկտրական ցանցին կարելի է միացնել իրանը հողակցելուց հետո։

ԿՐԾՈՂՆԵՐ, որոշ կրծողներ մեծ վնաս են հասցնում ժողովրդական տնտեսությանը և մարդու ու կենդանիների վարակիչ հիվանդությունների (ժանտախտ, տիֆ, տուլարեմիա, լեյշմանիոզ ևն) տարածողներ են։ Առնետները և տնային մկներն ապրում են բնակավայրերում, պահեստներում, գոմերում, շտեմարաններում և այլուր։ Մոխրագույն առնետները տարածված են համարյա ամբողջ աշխարհում և բազմանում են շատ արագ։ Մեկ էգը տարեկան կարող է ծնել մինչև 75 ձագ։ Սև առնետները հազվադեպ են հանդիպում և ավելի դանդաղ են բազմանում։

Առնետներն ամենակեր են, ուտում և փչացնում են սննդամթերքը, մորթեղենը, կահույքը, օճառը, կաշին ևն։ Առնետները կարող են կատաղության հարուցիչի փոխանցողներ լինել, ուստի, եթե կծել են մարդուն, պետք է նա հատուկ մասնագիտացված բուժում ստանա։ Տնային մկները ևս տարածված են ամենուրեք և բազմանում են շատ արագ։ Մեկ էգը տարեկան կարող է ծնել մինչև 80 ձագ։ Մկները սնվում են զանազան սննդամթերքներով և կերով։

Առնետների և մկների ոչնչացման համար լայնորեն օգտագործում են թունավոր խայծեր։ Այդ նպատակով օգտագործվող հիմնական թունաքիմիկատը զոոկումարինն է։ Թույների հետ աշխատելիս, պետք է շատ զգույշ լինել։ Թունավոր խայծերը պետք է դնել երեխաների և տնային կենդանիների համար անմատչելի տեղերում։ Դրանք պատրաստելուց և տեղադրելուց հետո անհրաժեշտ է անմիջապես լավ լվացվել տաք ջրով և օճառով։ Տես նաև Դերատիզացում:

ՀԱԼՎԵ, ալոե. շուշանազգիների ընտանիքի սուկուլենտ բույս։ Հայրենիքը Հարավային Աֆրիկան է։ Տերևները հյութալի են, ատամնաեզր եզրապատված մանր փշերով։ Ծաղիկները դեղնակարմրավուն են, ծաղկաբույլը՝ խոշոր, ողկույզաձև կամ հուրանաձև։ Տանը մշակվող առավել տարածված տեսակներից են ծառանման (դարահալվե), թարթիչավոր և խայտաբղետ (փոքրիկ, գեղազարդ սպիտակ գծավոր տերևներով) Հ-ները։ Հ. լավ է աճում հատկապես հարավ-արևելք նայող պատուհանագոգերին։ Խորհուրդ է տրվում ամռանը բույսը պահել դրսում, կիսաստվերում և առատորեն ջրել, իսկ ձմռանը՝ սենյակի լուսավոր մասում և չափավոր ջրել։ Ակտիվ աճի շրջանում անհրաժեշտ է բույսը սնուցել ամոնիակային բորակի լուծույթով (1 լ ջրին 1 գ) կամ փտած գոմաղբով։ Հողախառնուրդի համար վերցնել 2 մաս ճմահող, 1 մաս տերևահող և 1/2 մաս գետի ավազ, ավելացնել մանրած աղյուս և փայտածուխ։ Հ. բազմացվում է կտրոններով, արմատածիլերով և սերմերով։ Նախքան տնկելը կտրոնները պետք է թառամեցնել (մեկ օր), այնուհետև կտրվածքները թաթախել փայտածխափոշու մեջ և տնկել գետի խոնավ ավազով լցված թաղարում կամ տափակ ամանում։ Արմատակալած երիտասարդ բույսերը պետք է տնկել ոչ մեծ թաղարում։

Ծառանման Հ-ի տերևներից ստացված մզվածքն օգտագործում են աչքի, ստամոքսաղիքային (որոշ) և այլ հիվանդություններ, իսկ թարմ տերևների հյութը՝ թարախային վերքեր, այրվածքներ, մաշկի բորբոքային հիվանդություններ բուժելիս։ Մզվածքը կարելի է