Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/594

Այս էջը հաստատված է

է 120-125 օրում։ Ձմռան պահունակությունը բարձր է, պիտանի է ձմեռնամուտի ցանքերի համար։ Ուշահաս լավագույն սորտերից է Գյումրիի տեղականը։ Տարածված է ՀՀ լեռնային և նախալեռնային շրջաններում, առավելապես Շիրակի հարթավայրում։ Վարդակը մեծ է, խոշոր տերևներով։ Արմատապտուղը երկարավուն իլիկաձև, միջին զանգվածը՝ 150-200 գ։ Հասունանում է 150-170 օրում։ Ձմռան պահունակությունը բարձր է։ Ձմեռնամուտի ցանքի համար պիտանի չէ։ Գ-ի սերմերը կարելի է ցանել ուշ աշնանը (ձմեռնամուտին) կամ վաղ գարնանը (ձյունը հալվելուց անմիջապես հետո)։ Գարնանը խոնավ հողում կարելի է ցանել ծլեցրած սերմերով։ Ցանքը կատարում են նեղշար (26 սմ միջշարային, 6-8 սմ միջբուսային հեռավորությամբ) և 3-5 գծանի ժապավեններով (26 սմ միջգծային, 50 սմ ժապավենային հեռավորությամբ)։ Մեքենայացված աշխատանքների դեպքում արդյունավետ է կիրառել լայնաշարք մշակություն՝ 45 սմ միջշարային հեռավորությամբ։ Ծիլերը դանդաղ են աճում. զգայուն են մոլախոտերի նկատմամբ։ Աճի ընթացքում պետք է 2-3 անգամ քաղհանել, 2 անգամ ջրել գոմաղբահեղուկով (1:8) կամ հանքային պարարտանյութերի լուծույթով։ Ծլելուց 20-25 օր հետո կատարում են առաջին նոսրացումը՝ թողնելով 3-5 սմ միջբուսային հեռավորություն, մեկ ամիս անց երկրորդը՝ թողնելով 5-6 սմ միջբուսային հեռավորություն։ Վերջին նոսրացումը կատարում են երկրորդից մեկ ամիս անց՝ թողնելով 6-8 սմ միջբուսային հեռավորություն։ Բարձր բերք և բարձրորակ արմատապտուղներ ստանալու համար հողը պետք է հաճախակի փխրեցնել և քաղհանել։ Գ-ի ցանքերը վերջին անգամ ջրում են բերքահավաքից մեկ ամիս առաջ։ Բերքը հավաքում են աշնան անձրևներից և ցրտից առաջ։ Ձմռանը պահպանելու համար պետք է վերցնել առողջ, առանց վնասվածքների արմատապտուղները, յուրաքանչյուր շարքը պետք է ծածկել խոնավ ավազի շերտով։

ԳԱԶՕՋԱԽ, որպես վառելանյութ օգտագործվում է գազ՝ բութան, պրոպան կամ դրանց խառնուրդը։ Օգտագործում են տանը, ամառանոցում, դյուրակիրը՝ արշավի ժամանակ և այլ դեպքերում։ Սովորաբար Գ. ունենում է 1-4 այրիչ, կրակակալ և գազակարգավորիչ ծորակներ։ Գ-ների համար օգտագործում են փակող-արտամղող փականով (իջեցնում է ճնշումը բալոնի գազաելքի մոտ) և ճնշման կարգավորիչներով հատուկ գազաբալոններ, որոնք Գ-ին միանում են ճկուն ռետինե կամ պլաստմասսայե ճկափողի կամ նրբապատ մետաղե փողրակով։

Գ. օգտագործելիս անհրաժեշտ է պահպանել անվտանգության կանոնները։ Բոցը կարգավորելիս պետք է հետևել, որպեսզի այն այրիչի եզրերից վեր լինի, չի կարելի թողնել կրակի շատ փոքր լեզվակներ, այլապես այրիչը կարող է հալվել կամ ժամանակից շուտ փչանալ։ Գազի հոտ զգալիս պետք է անմիջապես անջատել այրիչները և գտնել գազի արտահոսքի տեղը (օրինակ, օճառի լուծույթով. այն քսում են գազամուղի խողովակների միացման տեղերում)։ Փականի հերմետիկությունը կարելի է ստուգել ջուր լցնելով դրա վերին խոռոչի մեջ. գազը բացելիս (անպայման բաց օդում, քամուց պաշտպանված տեղում) ջրում չպետք է առաջանան գազի պղպջակներ։ Գազահոսքը վերացնելուց հետո կարելի է նորից այրիչը վառել, իսկ եթե հոսքը չի վերացվել, ապա Գ-ից օգտվել չի կարելի։ Գազով լցված բալոնները պետք է պահել ոչ բնակելի շինություններում, արևի լույսից պաշտպանված տեղերում։ Դատարկ բալոնները լիքով փոխարինում են հատուկ սարքավորված կետերում։

Թողարկում են մեկ և երկու գլխակալ ունեցող Գ-ներ։ Առավել տարածված են երկգլխակալ սեղանի Գ-ները և 5 լ տարողության, 1,6 ՄՊա (16 կգ/սմ²) աշխատանքային ճնշման բալոնները։ Ժամում այսպիսի Գ-ի մեկ այրիչը ծախսում է 0,065-0,074 մ³ գազ։ Նման ծախսի դեպքում 1 բալոն գազը բավարարում է 9-10 ժամ (երկու գլխակալների օգտագործման դեպքում)։ Գ-ի չափերն են՝ 230x280x128 մմ, բալոնի տրամագիծը՝ 222 մմ, բարձրությունը՝ 290 մմ։ Մեկ գլխակալով Գ-ները (240x345x90 մմ) թողարկում են 0,9 լ ծավալ ունեցող բալոնի հետ։

ԳԵՈՐԳԵՆԻ, աստղածաղկազգիների ընտանիքի բազմամյա արմատապալարավոր բույսերի ցեղ։ Ընդգրկում է 15 տեսակ։ Գ-ու բազմաթիվ սորտերը բաժանված են 10 խմբի։ Բաց գրունտում մշակության մեջ օգտագործում են հետևյալ խմբերի սորտերը.

Գեղազարդիչ Գ-ներ. ունեն տարբեր մեծության (հսկայից մինչև ամենափոքր) ծաղկաբույլեր, «ծաղկաթերթիկները» (կեղծլեզվակավոր ծաղիկները) լայն են, ուղիղ, ալիքավոր, կորացած։

Կակտուսանման Գ-ների խմբի սորտերին բնորոշ են «ծաղկաթերթիկները», որոնք խմբված են խողովակներում կամ ոլորված են ասեղնաձև, երբեմն լայնացած ու ծռված ծայրերով։ Սակավաթիվ խողովակավոր ծաղիկները նկատելի են միայն ծաղկման վերջում։

Գեղազարդիչ-կակտուսանման Գ-ներ. զուգակցում են գեդազարդիչ և կակտուսանման Գ-ների հատկանիշները։

Գնդաձև Գ-ների ծաղկաբույլերը լիաթերթ են, գնդաձև, «ծաղկաթերթիկները» ոլորված են վերևում լայնացող խողովակներում և դասավորված են շատ խիտ, համակենտրոն շրջանակներով։

Փուփուլանման (պոմպոնանման) Գ-ների ծաղկաբույլերը գնդաձև Գ-ների նման են, բայց զգալիորեն ավելի փոքր չափերի։

Տեղի ընտրությունը. Գ-ները լուսասեր և ջերմասեր բույսեր են, ուստի պետք է ընտրել արևոտ, հյուսիսային քամիներից պաշտպանված վայրեր, ավելի լավ է շինությունների և տնկիների հարավային մասերում։ Պետք է խուսափել ցածրադիր վայրերից, անթույլատրելի է Գ. տնկել խոշոր ծառերի մոտ, որոնք չորացնում և հյուծում են հողը։

Հողը. Գ-ները պահանջկոտ են հողի բերրիության նկատմամբ։ Այն պետք է