հիվանդություններից են խայտաբղետությունը և դեղնությունը։ Առաջինի դեպքում դիտվում է տերևների խայտաբղետություն, ստվերագծավորություն, տերևների բաց և մուգ շերտավորություն, ծաղկաթերթիկների խայտաբղետություն, ընդհատվող շերտավորություն, ծաղկապատի սպիտակ և կանաչ բծավորություն։ Տերևները կարող են մահանալ, պալարասոխուկները տարեցտարի մանրանում են։ Դեղնությունը առաջացնում է տերևների դեղնություն (ֆուզարիոզի ախտահարման պես), ծաղիկները դառնում են կանաչ, տերևների փոխարեն առաջանում է թույլ, դեղնավուն, աստիճանաբար մահացող ընձյուղների փունջ։
Պայքարի միջոցները. վարակված բույսերը հողով հանել և ոչնչացնել։
Վնասատուները. Թ-ի վնասատուներից են բզեզների, թիթեռների թրթուրները, արջուկները, լորձնախխունջները, կրծողները։ Պայքարի միջոցները նույնն են, ինչ մյուս բույսերինը։
ԹՐԹՆՋՈՒԿ (աճեցումը), լավագույն սորտերն են. բելվիլիական, լայնատերև, մայկոպյան։ Թ. բազմամյա բույս է, լավ է աճում տարբեր հողերում (այդ թվում կավավազային, ավազային և տորֆային)։ Ցանկալի է որպեսզի հողամասը լինի բավարար բերրի, խոնավ հողի թույլթթվային ռեակցիայով (pH=4,5–5)։
Աշնանը 1 մ2 հողին ավելացնել 6-8 կգ գոմաղբ կամ կոմպոստ, 30-40 գ սուպերֆոսֆատ և 20-30 գ կալիումի քլորիդ, գարնանը՝ 20 գ միզանյութ։
Թ. կարելի է ցանել երեք ժամկետով. վաղ գարնանը, ամռանը և ուշ աշնանը։ Առաջին ղեպքում բերքը ստանում են նույն տարին։ Ամռանը ցանում են մայիս-հունիսին վաղահաս բանջարեղենի (ամսական բողկ, կանաչ սոխ և այլն) բերքահավաքից հետո։ Ամռան ցանքի դեպքում Թ. կարելի է ստանալ հաջորդ տարվա վաղ գարնանը։ Ուշ աշնան ցանքը պետք է կատարել հոկտեմբեր-նոյեմբերին, որպեսզի սերմերն աշնանը չհասցնեն ծլել։ Ցանել շարային եղանակով, 25 սմ միջշարային հեռավորությամբ և 1-2 սմ խորության վրա։ Ցանքից հետո հողն անպայման հարթեցնել կամ տափանել փոցխի հակառակ կողմով, որը նպաստում է սերմերի հավասար ծլմանը։
Աճի առաջին տարվա աշնանը միջշարային մասերում լցնել կոմպոստ կամ փտած բուսահող (1 մ2–ին 4-5 կգ), որպեսզի ձմռանը մերկացած բույսի կոճղարմատը ծածկվի։ Երկրորդ տարվա գարնանը կիրառել հանքային պարարտանյութեր (1 մ2–ին 15-20 գ միզանյութ, 30-40 գ սուպերֆոսֆատ և 15-20 գ կալիումի քլորիդ)։ Տերևների յուրաքանչյուր կտրումից հետո խորհուրդ է տրվում բույսերը սնուցել (ազոտական պարարտանյութերի գերակշռությամբ)։ Ծաղկասլաքների առաջացման դեպքում դրանք պետք է կոտրել և տերևների հավաքումը դադարեցնել։ ՀՀ-ում Թ. մշակվում է սահմանափակ քանակությամբ։
ԼՈԲԻ (աճեցումը), ՀՀ-ում մշակում են Ջայենտ զելենոստրուչնայա, ցանավա (վրացական կանաչ Լ-ու լավագույն սորտ), խրուպկայա վոսկովայա և տեղական սորտերը։ Լ-ու լավագույն նախորդներն են վարունգը, կաղամբը, լոլիկը, կարտոֆիլը։ Գերադասելի են ավազակավային, կավավազային հումուսով հարուստ հողերը։ Թթու հողերը ցանքից առաջ պետք է կրացնել։ Լ. ցանում են շարքերով՝ 50 սմ միջշարային հեռավորությամբ, կամ երկշարք ժապավեններով՝ 60 սմ միջժապավենային և 25 սմ միջշարային հեռավորությամբ։ Շարքերում միջբուսային տարածությունը պետք է լինի 6-8 սմ, ավազակավային և ավազային հողերում՝ 4-5 սմ խորությամբ, կավային և կավավազային հողերում՝ 2-3 սմ։ Առաջին իսկական տերևի երևալու ժամանակ պետք է նոսրացնել՝ պահպանելով 10-12 սմ միջբուսային հեռավորություն։ Բողբոջման ժամանակ պետք է սնուցել հանքային պարարտանյութերով՝ 15 գ սուպերֆոսֆատ և 5 գ կալիումի քլորիդ 1 մ2–ին։
ԼՈՒՊԻՆ, լյուպին, բակլազգիների ընտանիքի միամյա և բազմամյա բույսերի ցեղ։ Ընդգրկում է 200 տեսակ։ Մշակության մեջ լայնորեն տարածված են պարտեզային բազմամյա ձևեր ու հիբրիդային սորտեր։ Օգտագործում են սիզամարգերի, խառը եզրաշերտերի (միքսբորդերների) և այլ ձևավորումների համար։
Հիբրիդային Լ. 1-1,5 մ բարձրության բազմամյա խոտաբույս է, հզոր առանցքային արմատով, որը հողի մեջ է թափանցում մինչև 80 սմ խորությամբ։ Ցողունը ուղղաձիգ է, սնամեջ, բազմանդամ։ Տերևները խոշոր են, հովհարաձև, երկար կոթուններով։ Ծաղիկները՝ սպիտակ, մանուշակագույն, վարդագույն, դեղին, կարմիր, մուգ կապույտ, խայտաբղետ՝ խմբված երկար (մինչև 75 սմ) կոնաձև ծաղկաբույլերում։ Լ. ծաղկում է հունիս-հուլիսին (առատ) և սեպտեմբերին (ավելի թույլ)։
Տեղի ընտրությունը. սիրում է բաց, լուսավոր վայրեր, ստվերում բույսը ձգվում է և կորցնում գեղազարդությունը։ Հողի նկատմամբ պահանջկոտ չէ, աճում է կիր պարունակող ցանկացած մշակովի հողում՝ վերջինս հարստացնելով ազոտով։ Աղքատ հողերը պետք է պարարտացնել հանքային պարարտանյութերով։
Տնկումը. միևնույն տեղում առանց վերատնկման Լ-ի թփերը կարող են աճել 4-5 տարի, որից հետո պետք է վերականգնել սերմային կամ կտրոնային եղանակով։ Սերմերի ցանքը գերադասելի է կատարել գարնանը։ Կարելի է շարքերով ցանել մարգերում (հետագայում սածիլելով) կամ բներով՝ անմիջապես հիմնական վայրում։ Նոսրացումից հետո 1 մ2–ում թողնել 6-9 բույս։ Սերմերով բազմացնելիս գունավորումը միշտ չի փոխանցվում, ուստի սորտի հատկանիշների պահպանման համար ավելի լավ է բազմացնել կտրոններով։ Վերջիններիս համար պիտանի են 5-7 տերևներով մերձարմատային վարդակները, ինչպես նաև տերևանութներից դուրս եկող ցողունների վրա զարգացող կողմնային