Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/61

Այս էջը հաստատված է

Կառավարման ձողի օգնությամբ Հ. տեղաշարժվում է հատակի վրայով։ Հ-ի իրանի ներքևի եզրը գոտևորված է ռետինե օղակով կահույքը և հատակի շրիշակները խոզանակներից պաշտպանելու համար։ Կառավարման ձողի պտտման հանգույցում սարքավորված է փոքրածավալ անջատիչ, որը միացնում է էլեկտրաշարժիչը ձողի թեք (աշխատանքային) դիրքում և անջատում այն՝ ձողի ուղղաձիգ (ոչ աշխատանքային) դիրքում։

Հատակը փայլեցնում են մածիկը քսելուց առնվազն 1 ժամ հետո։ Հ. սահուն տեղաշարժում են հետ ու առաջ առանց ձողին ուժ գործադրելու։ Հայելափայլ ստանալու համար խոզանակներին ամրացնում են ողորկիչ տափօղակներ և մեկ անգամ ևս փայլեցնում հատակը։

Հ-ի խոզանակները և ողորկիչ տափօղակները հարկավոր է ժամանակ առ ժամանակ լվանալ օճառաջրով կամ լվացափոշու լուծույթով, ցայել և չորացնել։

Գերտաքացումից խուսափելու համար Հ. 30-45 րոպե անընդմեջ աշխատելուց հետո պետք է անջատել և 15-20 րոպեից կրկին միացնել։ Խորհուրդ չի տրվում Հ. երկար ժամանակ պահել ուղիղ դիրքում, քանի որ ծանրության տակ խոզանակները կարող են ձևափոխվել։ Շարժական հանգույցների առանցքակալները պետք է յուղել առնվազն տարին մեկ։

ՀԵԾԱՆԻՎ, Հ-ով երթևեկելը, որ մատչելի է ամեն տարիքի մարդկանց համար, զարգացնում է դիմացկունություն, ուժ և ճարպկություն, նպաստում համարձակության ու հնարամտության դաստիարակմանը, վերացնում է լարվածությունը և բարձրացնում տրամադրությունը։ Հ. հաստատապես մտել է ժամանակակից մարդու կենցաղ։ Ոմանց համար այն փոխադրամիջոց է, ուրիշների համար՝ հանգստի հիանալի ձև, մյուսների համար՝ առողջության վերականգնման և ամրապնդման միջոց։ Ըստ կառուցվածքի և նպատակի՝ լինում են ճամփորդական, թեթև ճամփորդական, մարզական և հատուկ Հ-ներ։ Հիմնական մասը ճամփորդական Հ-ներն են։ Գոյություն ունեն այդ Հ-ների կառուցվածքի բազմազան տեսակներ, որոնք իրարից տարբերվում են հենոցի չափերով և ձևերով, անիվների չափերով և դողերի հաստությամբ, ղեկի ձևերով, արգելակների տեսակներով, արագության փոխարկիչների, բեռնատեղերի առկայությամբ ևն։ Հիմնական կառուցատարրերը պատրաստվում են պողպատից, ալյումինից և դրանց համահալվածքներից, որոնք ապահովում են բավարար մեխանիկական ամրություն։ Հ-ի զանգվածի փոքրացման նպատակով հենոցը, առջևի մասի երկժանին, թամբի հենակը և ղեկը պատրաստվում են խողովակներից։

Ճամփորդական հեծանիվները նախատեսված են ամեն տեսակի ճանապարհներով և կածաններով, խոտի և ավազի վրա, անտառում և դաշտում երթևեկելու համար։ Դրանց բնորոշ են մեծ դիմացկունությունը և շահագործման համեմատական պարզությունը, ունեն նշանակալի զանգված (15-17 կգ), լայն դողեր, բարձրադիր ղեկ, զսպանակավորված թամբ։ Ոչ մեծ բեռներ փոխադրելու համար Հ-ներն ունենում են բեռնատեղեր, իսկ համեմատաբար ավելի մեծ բեռների համար՝ երկանիվ կցանքներ։ Հատկապես ճամփորդական Հ-ների համար թողարկվում են երեխաներ փոխադրելու նստոցներ, որոնք ամրացվում են հենոցին կամ ղեկին։

Թեթև ճամփորդական հեծանիվներն օգտագործվում են գլխավորապես ասֆալտածածկ ճանապարհներով երթևեկելու համար։ Դրանք ունեն համեմատաբար ավելի թեթև ընթացք, ճամփորդական Հ-ներից ավելի փոքր զանգված (14-15 կգ), ավելի նեղ դողեր, բայց ավելի բարդ կառուցվածք (օրինակ, ունեն ձեռքի արգելակ, արագությունների փոխարկիչ), ուստի պահանջում են ավելի ջանադիր խնամք և կարգավորում։

Լայն տարածում են ստացել «Կամա» և «Դեսնա» տեսակի չափազանց հարմար ծալովի ճամփորդական հեծանիվները: Դրանց տարբերիչ առանձնահատկությունը ծալովի հենոցն է, որը բաղկացած է հոդակապով միացվող երկու մասերից, ինչը հնարավորություն է տալիս արագորեն ծալել և բացել Հ.։ Իբրև կանոն, այդպիսի Հ-ներն ունեն ավելի փոքր տրամագծով անիվներ, քան ճամփորդական Հ-ները (դողերի լայնությունը նույնն է), ղեկի և թամբի բարձրության կարգավորման մեծ ընդգրկույթ (վերջին հանգամանքը դրանք դարձնում է օգտագործելի ինչպես մեծահասակների, այնպես էլ դեռահասների համար)։ Ծալովի Հ-ներն ամփոփ են, քիչ տեղ են զբաղեցնում, հարմար են տեղափոխելու և պահելու ժամանակ։

Դեռահասների հեծանիվները մեծահասակների համար թողարկվող ճամփորդական Հ-ների պարզեցված պատճեններն են, դրանցից տարբերվում են գլխավորապես առանձին հանգույցների (օրինակ, հետևի անիվի սայլակի, թամբի ամրակապի) ավելի պարզ կառուցվածքով և պատրաստման նվազ ճշգրտությամբ։

Մանկական հեծանիվները լինում են եռանիվ և երկանիվ, ինչպես նաև համակցված («Վետերոկ»), որոնք աննշան վերափոխումից հետո եռանիվից դառնում են երկանիվ և հակառակը։ Որոշ երկանիվ մանկական Հ-ներ ունեն երկու լրացուցիչ հանովի փոքր անիվներ, որոնք հատուկ «ոտիկ»–կալունակներով ամրացվում են հետևի անիվի սռնուն և երկանիվ Հ-ին տալիս են եռանիվի կայունություն։ Մանկական Հ-ները թողարկվում են թափածու և փչովի դողերով։

Մարզական հեծանիվները լինում են խճուղային և մրցուղային։ Մարզական Հ-ներին հատկանշական են փոքր զանգվածը (6-10 կգ), նեղ դողերը՝ առանց օդախցիկի (այսպես կոչված «միախողովակ»), առավելագույն թեթև ընթացքը։ Խճուղային մրցարշավային Հ-ներն ունենում են ձեռքի արգելակներ և արագության փոխարկիչներ (8-10 դիրքով), մրցուղային Հ-ները, որոնք նախատեսված են հեծանվային բոլոր ուղիներում մարզումների և մրցումների համար, խիստ թեթևացած կառուցվածք ունեն ի հաշիվ հատուկ գերկարծր համահալվածքների և դյուրալյումինի օգտագործման, կինեմատիկ սխեմայի առավելագույն պարզեցման (նրա յուրաքանչյուր տարրի պատրաստման բարձր ճշգրտության պայմանով) ընդհուպ մինչև ընթացքի վերացումը արգելակումն իրականացվում է մրցարշավորդի ոտքերի մկանների ճիգով, որը ոտնակի և շղթայավոր փոխանցիչի միջոցով հաղորդվում է հեծանիվի տանող անվին։ Այս ամենը թույլ է տալիս բոլորուղու վրա հասնել 60-65 կմ/ժամ արագության։

Հատուկ հեծանիվների շարքին են դասվում, օրինակ, կրկեսային-բեռնատար, տարեց մարդկանց համար նախատեսված Հ-ները, հեծանվասայլակները ևն։