զանգվածով պալարները) պետք է ծլեցնել։ Դրա համար տնկումից մեկ ամիս առաջ դրանք պետք է ցրել հատակի վրա կամ դնել արկղերի մեջ մի քանի շարքով և պահել տաք (12-15 °C), լուսավոր շինությունում, որպեսզի ստացվեն կարճ, ամուր, կանաչ գույնի ծիլեր։ Այդպիսի Կ. ավելի արագ է զարգանում և հասունանում է չծլեցրած Կ-ից 16-20 օր շուտ։ Վաղահաս Կ-ի լրացուցիչ բերք ստանալու համար (մինչև 30 %) կան պալարների նախացանքային մշակության մի քանի եղանակներ։ Լավ արդյունք է տալիս ցանքից մեկ ժամ առաջ տաքացրած պալարների թրջումը հանքային պարարտանյութերի լուծույթով (10 լ ջրին՝ 1,5 բաժակ միզանյաթ և 1,5 բաժակ սուպերֆոսֆատ)։ Արդյունավետ է պալարների նախացանքային (տնկումից 2 օր առաջ) մշակումը միզանյութի 8 %-անոց լուծույթով (1 լ ջրին 80 գ, որը բավարար է 25 կգ պալարների սրսկման համար)։
Կ-ի առավել վաղ բերք ստանալու համար վաղահաս սորտերի լույսի տակ ծլեցրած, կարճ ամուր ծիլերով պալարները 5-7 շարք պետք է դասավորել հատակը հավասար քանակի մաքուր բուսահողով և թեփով կամ տորֆով ծածկված արկղի կամ զամբյուղի մեջ։ Պալարների շարքը պետք է ծածկել նույն խառնուրդով (2-3 սմ) և ջրել այնպես, որ ջուրը ներծծվի մինչև հատակը։ Արկղը կամ զամբյուղը հարկավոր է դնել 15-17 °C ջերմաստիճան ունեցող շինությունում։ 2 օրից հետո, երբ ծիլերի վրա առաջանում են կարճ (1-2 մմ հաստության) արմատիկներ, պալարները պետք է ջրել՝ ջրին խառնելով պարարտանյութեր. 10 լ ջրին 60 գ սուպերֆոսֆատ, 20 գ կալիումի աղ կամ 40 գ (1 թեյի բաժակ) փայտի մոխիր։ 2 օրից հետո ջրել նույն ձևով։ 6-7-րդ օրը մարգերում նախօրոք պատրաստված փոսիկներում լցնել 2-3 բուռ բուսահող, 10-20 գ սուպերֆոսֆատ կամ 20-30 գ փայտի մոխիր։ Այնուհետև հողով ծածկված պալարները պետք է զգուշորեն հանել և դնել նախապատրաստված փոսիկի կամ ակոսի մեջ, վերևից շաղ տալ 6-10 սմ շերտով չոր հող։ Վաղ Կ-ի պալարները պետք է տնկել 30-35 սմ միջբուսային և 50 սմ միջշարային հեռավորությամբ։ 90-100 գ զանգվածով միջահաս և ուշահաս սորտերի պալարները կարելի է տնկել առանց ծլեցնելու՝ 30-35 սմ միջբուսային և 60 սմ միջշարային հեռավորությամբ։
Հողը սնուցում են օրգանական և հանքային պարարտանյութերով։ Կ. լավ է զարգանում մոխրով պարարտացնելիս։ Դրանով կարելի է պարարտացնել ամբողջ մարգը (200-300 գ 1 մ²–ին) կամ յուրաքանչյուր փոսի մեջ լցնել 1 բուռ մոխիր և լավ խառնել հողի հետ։
Խնամքը. ոչնչացնել մոլախոտերը, փխրեցնել հողը և կատարել բույսերի բուկլից։ Անհրաժեշտ է նաև սեզոնում 2-3 անգամ ջրել գոմաղբահեղուկով (1 մաս գոմաղբահեղուկ, 4-6 մաս ջուր) կամ թռչնաղբի լուծույթով (1 մաս թռչնաղբ, 12-16 մաս ջուր), մեկ դույլ լուծույթին ավելացնել նաև 30 գ սուպերֆոսֆատ։ Պետք է ջրել ցնցուղով (10 լ լուծույթ 1 մ²–ին)՝ աշխատելով բույսը չթրջել։ Բույսերը ջրի առավել կարիք ունեն ծաղկման շրջանում, որը համընկնում է ուժեղ պալարի առաջացմանը։ Հողը պետք է լինի չափավոր խոնավ (խոնավության ավելցուկը վնասակար է)։ Վաղ Կ-ի բերքը հավաքում են փրերը չորանալուց հետո։ Բերքահավաքից հետո կարելի է ցանել այլ բույս (տնկել ճակնդեղ, վարունգի կամ ծաղկակաղամբի սածիլներ, ցանել շաղգամ, գազար, ոլոռ, կանաչ սոխ)։
ԿՈԿՌՈՇԵՆԻ (աճեցումը), տես Հաղարջենի և կոկռոշենի։
ՀԱԿԻՆԹ, հիացինտ, շուշանազգիների ընտանիքի սոխուկավոր բույսերի ցեղ։ Օգտագործում են ծաղկային տարբեր ձևավորումներում (զարդերիզներ, ճանապարհների եզրաթմբեր և այլն), սիզամարգերում ծաղկային նախշեր ստեղծելու, կտրած ծաղիկներ ունենալու և այլ նպատակներով։
Պարտեզային Հ., բազմամյա խոտաբույս է, որի սոխուկը պահպանվում է ամեն տարի, իսկ վերգետնյա օրգաններն ու արմատները մահանում են։ Տերևները խմբված են արմատամերձ վարդակում։ Ծաղկակիր ցողունը ուղղաձիգ է 15-45 սմ բարձրությամբ, առանց տերևների, գագաթում ունի 12-75 ծաղիկներից կազմված զանգակաձև, տարբեր գունավորման ծաղկաբույլ։ Ծաղկում է ապրիլի վերջից (տևողությունը՝ մինչև 20 օր)։
Հայտնի է պարտեզային Հ-ի ավելի քան 400 սորտ։ Ըստ ծաղկման ժամկետի տարբերում են վաղահաս, միջահաս և ուշահաս տեսակներ։ Կան պարզ և լիաթերթ ծաղիկներով բույսեր, նախաճեցման համար օգտագործվող, բաց գրունտում աճեցվող սորտեր։ Ըստ ծաղիկների գունավորման Հ-ները բաժանվում են 6 խմբի. կապույտ, մանուշակագույն, վարդագույն, կարմիր, սպիտակ, դեղնանարնջագույն։
Տեղի ընտրությունը. Հ. անհրաժեշտ է աճեցնել հարթ, լավ ցամաքուրդված հողերում, քանի որ ջրի անգամ փոքր կանգը բացասաբար է ազդում բույսերի զարգացման վրա, իսկ սոխուկները փտում են։ Ջրի ավելցուկի դեպքում բույսերի մոտ պետք է փորել կողմնատար առվակներ։ Հ. լուսասեր է և ջերմասեր, գերադասում է արևոտ, սառը քամիներից պաշտպանված վայրեր։
Հողը. Հ-ի համար պիտանի են լավ մշակված, թեթև ավազակավային, հումուսով հարուստ, չեզոք ռեակցիայով հողերը։ Կավավազային հողերը պետք է պարարտացնել հումուսով՝ խառնելով ավազ։ Հողը նախապատրաստել տնկումից 1,5-2 ամիս առաջ։ Վերափորելուց առաջ 1 մ² հողին ավելացնել մեկ դույլ բուսահող, 80-100 գ կիր, մոտ 60 գ սուպերֆոսֆատ և 30 գ կալիումի սուլֆատ։ Աղքատ հողերում մեծացնել ֆոսֆորական պարարտանյութերի բաժնեչափը և օգտագործել նաև բորակ (30 գ)։ Կարելի է տալ համակցված պարարտանյութեր (25-30 գ) ևս։ Այնուհետև հողը վերափորել 30-40 սմ խորությամբ, փխրեցնել, հավասարեցնել, իսկ սոխուկների