Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/619

Այս էջը հաստատված է

տնկումից 6-8 օր առաջ սարքել 15-20 սմ բարձրության և 1-1,2 մ լայնության մարգեր, որոնք անձրևների ժամանակ սոխուկները պահպանում են փտումից։

Տնկումը. Հ-ի սոխուկները բաց գրունտում պետք է տնկել հոկտեմբերի առաջին տասնօրյակին, որպեսզի մինչև սառնամանիքների սկսվելը հասցնեն արմատակալել։ Վերջինս առավել բարենպաստ է ընթանում հողի 6-8°C ջերմաստիճանի և բավարար խոնավության դեպքում։ Արմատներն առաջանում են տնկումից 15-20 օր հետո։

Ծաղկող սոխուկները պետք է տնկել 15-20 սմ, սոխիկները՝ 6-10 սմ խորության վրա, սոխուկների միջև թողնել 8–10 սմ, սոխիկների միջև՝ 4-6 սմ, շարքերի միջև՝ 20-25 սմ տարածություն։ 1 մ²–ի վրա տեղավորվում է 36-48 ծաղկող սոխուկ, 66-100 սոխիկ։ Պետք է տնկել շարքերով, մարգերի լայնությամբ փորված ակոսներում՝ լցնելով ավազ (ցամաքուրդը լավացնելու և սոխուկների տակերը փտումից պահպանելու համար)։ Տնկելուց առաջ խորհուրդ է տրվում սոխուկներն ախտահանել կալիումի պերմանգանատի վառ վարդագույն լուծույթով։

Տնկելուց հետո մարգերը ծածկել տորֆակոմպոստով (10 սմ շերտով), իսկ հողի սառչելուց հետո՝ տերևներով։ Վաղ գարնանը ծածկույթը հանել։ Նախկին տեղում Հ. կարելի է տնկել 4-5 տարի հետո, ավելի շուտ տնկելիս հողը պետք է փոխել։

Խնամքը. Հ. պահանջկոտ բույս է։ Հողը պետք է պահել մաքուր վիճակում, տարին մի քանի անգամ փխրեցնել, չոր եղանակին պարտադիր ջրել (ջուրը պետք է հողը թրջի 15-20 սմ խորությամբ)։ Վեգետացիայի շրջանում 2-3 անգամ սնուցել։ Հեռացնել հիվանդ բույսերը (խոտանումը կատարել 2-3 անգամ)։ Ծաղկակիրը կտրել սուր դանակով, եթե ծաղկաբույլը չեն կտրում, ապա ծաղկման վերջում անհրաժեշտ է ծաղիկները պոկել։

Պարարտանյութերը կարելի է օգտագործել չոր կամ ջրում լուծված վիճակում։ Հեղուկ պարարտանյութերով սնուցելիս հողը պետք է նախապես լավ խոնավացնել։ Առաջին սնուցումը պետք է տալ բույսերի աճման սկզբում (1 մ²–ին 20-25 գ բորակ և 15-20 գ սուպերֆոսֆատ), 2-րդը կոկոնակալման շրջանում (30-35 գ սուպերֆոսֆատ և 15-20 գ կալիումի սուլֆատ), 3-րդը ծաղկման վերջում (30-35 գ սուպերֆոսֆատ և 30-35 գ կալիումի սուլֆատ)։ Կարելի է սնուցել միկրոպարարտանյութերով (նույն քանակությամբ, ինչ տրվում է վարդակակաչին)։ Պարարտացումից հետո հողը փխրեցնել՝ պարարտանյութերը թակուջակով խորացնելով հողի մեջ։

Սոխուկների հանումը և պահումը. Հ–ի սոխուկները պետք է ամեն տարի հողից հանել։ Եղանակի պայմաններից կախված՝ դրանք պետք է հանել հունիսի վերջին հուլիսի սկզբին, երբ տերևները դեռ ամբողջովին չեն չորացել։ Հանված սոխուկները մեկ շերտով դասավորել արկղերում, 1-2 օր չորացնել ծածկի տակ, այնուհետև մի քանի օր՝ լավ օդափոխվող շինության ձեղնահարկում։ Չորացված սոխուկներից հողը թափ տալ, զգուշորեն մաքրել արմատներից, տերևների մնացորդներից և ծաղկակիրներից, առանձնացնել հիվանդ ու մեխանիկական վնասվածքով սոխուկները, դասավորել մաքուր արկղերում և տեղափոխել օդափոխվող շինություն, 25°C ջերմաստիճանում։ Թողնել մոտ 8 շաբաթ, այնուհետև տեղափոխել 17°C ջերմաստիճան ունեցող տեղ և պահել մինչև տնկելը։ 2-3 շաբաթը մեկ ստուգել, հիվանդ սոխուկները հանել։

Բազմացումը. պարտեզային Հ. բազմացնում են վեգետատիվ (սոխուկներով-սոխիկներով) և արհեստական եղանակներով։

Սոխիկները ձևավորվում են մայրական սոխուկի ներքևի մասում (տակում) և մնում են 1-2 տարի, իսկ արտաքին թեփուկների մահացմանը զուգընթաց հայտնվում են սոխուկի ծայրում, ապա անջատվում դրանից։ Սոխիկները ձևավորվում են ոչ ամեն տարի և ոչ բոլոր սոխուկների մոտ։

Քանի որ բնական վեգետատիվ բազմացման ժամանակ քիչ քանակությամբ սոխիկներ են ձևավորվում, ուստի դիմում են արհեստական բազմացման։ Դրա եղանակներից մեկը տակի կտրումն է, որի համար օգտագործում են ամուր, հասուն, առողջ, 5-6 սմ-ից ոչ պակաս տրամագծով սոխուկներ, որոնք պետք է հողից հանել ավելի վաղ, քան մյուսները։ Տակի կտրման լավագույն ժամկետը հուլիսի 1-20-ն է։ Սոխուկները չորացնելուց, արմատներից և հողից մաքրելուց հետո պետք է 20-30 րոպե ախտահանել կալիումի պերմանգանատի 1 %-ոց լուծույթով, այնուհետև 2-3 օր չորացնել 20-23 °C ջերմաստիճանում։ Սոխուկի տակը կարելի է կտրել նախապես ախտահանած հերձադանակով կամ շատ սուր դանակով։ Խորհուրդ չի տրվում ձեռքերով դիպչել կտրվածքների մակերևույթին։ Կտրման տեխնիկան հետևյալն է. սոխուկը բռնել ձախ ձեռքով, տակը դեպի վեր, իսկ աջով զգուշորեն կտրել տակը, սոխուկի հյուսվածքներն ամբողջովին հեռացնել, լայնությամբ մինչև թեփուկների հիմքը, խորությամբ մինչև գագաթային բողբոջը՝ վնասելով այն։ Արդյունքում սոխուկի հիմքում առաջանում է ձագարաձև փոսիկ։ Կտրված սոխուկները պետք է դասավորել ցանցավոր հատակ ունեցող արկղերում կտրվածքները վեր և տեղավորել այնպիսի տեղ, որտեղ կարելի է պահպանել 20-23 °C ջերմաստիճան, 70 %-ից ոչ բարձր օդի խոնավություն և կիսախավար։ Այդ պայմաններում սոխուկները պահել 1,5-2 ամիս, որի ընթացքում թեփուկների հիմքում նկատվում են սոխիկները։ Շինության ջերմաստիճանը պետք է բարձրացնել մինչև 30°C, խոնավությունը՝ մինչև 95 %: Սոխիկները սկսում են ձևավորվել տակի կտրումից մոտ 2,5 ամիս հետո։ Մեկ սոխուկի վրա կարող են գոյանալ 20-40 սոխիկ։ Մայրական սոխուկները նոր առաջացած սոխիկների հետ պետք է տնկել բաց գրունտում։ Դա լավ կլինի կատարել մինչև հոկտեմբեր, որպեսզի սոխիկները մինչև ցրտերն ընկնելը հասցնեն լավ արմատակալել։ Պետք է տնկել 5-6 սմ խորությամբ (մակերևույթից մինչև սոխիկը), կտրվածքը վեր։ Աճման առաջին տարում սոխիկը կարելի է հողից չհանել։ Այդ ընթացքում դրանից աճում է ոչ մեծ սոխիկ, զարգանում է սոսկ մեկ տերև։ Երկրորդ տարում, երբ մայրական սոխուկը լրիվ ծախսում է սննդանյութերի պաշարները և չորանում, սոխուկները զարգանում են ինքնուրույն։ Այդ շրջանում պետք է լավ խնամել, սնուցել։ Հունիսի վերջին, դրանք հողից հանել և պահել։

Տակի ճեղքումը, առավել հաճախ կատարում են խաչաձև ճեղքում։ Վերջինս պետք է լինի խոր, հասնի գագաթային բողբոջին և վնասի այն։ Այս եղանակի դեպքում գոյանում են քիչ, սակայն ավելի խոշոր սոխիկներ, որոնք 2 տարի հետո առաջացնում են ծաղկաբույլեր։

Սոխուկային թեփուկներով բազմացման դեպքում սոխուկից պետք