Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/638

Այս էջը հաստատված է

ՄՈՐԵՆԻ, ազնվամորի (աճեցումը), աչքի է ընկնում վաղ պտղաբերմամբ, ամենամյա բերքատվությամբ, վաղահասությամբ։ ՀՀ-ում տարածված սորտերն են. Մալբորո, Անգլիական, Կրկնակի պտղաբերող։ ՀՀ անտառներում տարածված են նաև վայրի ձևեր։ Մ-ի աճեցման համար նախընտրելի է լավ լուսավորված և քամուց պաշտպանված հողամասը, որտեղ ձմռանը կուտակվում է շատ ձյուն (այդ նպատակի համար հաճախ օգտագործում են ցանկապատերը, նախապարտեզները), միջին և թեթև լավ ցամաքուրդված խոնավ և սննդանյութերով հարուստ կավավազները։ Գրունտային ջրերի մակարդակը պետք է լինի 1-1,2 մ-ից ոչ բարձր, հողային լուծույթի թթվայնությունը՝ 5,8-6,7։ Հողի նախապատրաստումը տևում է 2-3 տարի։ Աշնանը հողամասը պետք է վերափորել, պարարտացնել հանքային պարարտանյութերով (20-25 գ սուպերֆոսֆատ և 10 գ կալիումի սուլֆատ 1 մ²–ին)։ Առաջին տարում այդ հողամասում խորհուրդ է տրվում աճեցնել ընդավոր բույսեր սիդերատների ձևով, իսկ 2-րդ տարում՝ բանջարային բույսեր (բացի կարտոֆիլից և լոլիկից)։ Աշնանը հողը կրացնում են (1 մ²–ին՝ 200-400 գ ծեծած կիր), մակերևույթին ցրում են տորֆակոմպոստ կամ գոմաղբ (1 մ²–ին 6-8 կգ) և վերափորում։ Տնկանյութը 1-2 ընձյուղներով միամյա բույս է՝ 40 սմ բարձրությամբ, զարգացած արմատային համակարգով։ Մ. տնկում են աշնանը և գարնանը։ Գարնանը տնկում են մինչև բողբոջելը։ Եթե Մ. աճեցնում են լարերով, ապա միջշարային հեռավորությունը 1,5-2 մ է, միջբուսայինը՝ 0,3-0,5 մ, եթե թփերի ձևով է, ապա տնկման սխեման է 1,5x1,5 մ (1,8x1,8 մ)։ Վերատնկում են ակոսի կամ փոսի մեջ 15-20 սմ խորությամբ։ Ակոսը լցնում են ջրով (3-6 լ մեկ բույսի հաշվով), արմատային համակարգը ծածկում հողով, ջրում և տորֆով մուլչապատում։ Տնկումից հետո բույսի վերգետնյա մասը կտրում մինչև 20-30 սմ (կտրված մասերը հավաքում և այրում են)։ Առաջին տարում տնկիների հաջող արմատակալումն ապահովելու համար անհրաժեշտ է պարբերաբար փխրեցնել հողը, քաղհանել մոլախոտերը և ջրել։ Եթե հողը լավ նախապատրաստված է, գոմաղբ կարելի է տալ 2-3-րդ տարում՝ մեկ շարքի մեկ գծամետրին 2-3 կգ հաշվով, ապա 3-4 տարում մեկ անգամ՝ 2 կգ գոմաղբ, 3 գ ազոտ, ֆոսֆոր և կալիում կամ 50 գ պտղահատապտղային խառնուրդ 1 մ²–ին։ Միայն գոմաղբով կամ հանքային պարարտանյութով պարարտացնելիս պետք է կրկնապատկել չափաքանակը։ Վեգետացիայի շրջանում Մ-ու միջշարքերը մակերեսորեն (5-10 սմ) փխրեցնում են։ Անհրաժեշտ է ջրել 2 անգամ՝ ամռան կեսին և աշնանը։ Մ. էտում են մի քանի ժամկետում, գարնանը հեռացնում են ցրտահարված, կոտրտված, վարակված, թույլ և ավելորդ շվերը, բերքահավաքից հետո կտրում և ոչնչացնում են բոլոր բերք տված, թույլ զարգացած փոխարինող շվերը։ Աշնանային էտի ժամանակ թողնում են միայն լավ զարգացած ընձյուղները, գարնանն ընտրում դրանցից լավագույն 8-10 ընձյուղ՝ մեկ թփին կամ շարքի մեկ գծամետրին՝ 10-15 ընձյուղ։ Ցրտահարությունից Մ. պաշտպանելու նպատակով (մինչև սառնամանիքներն սկսելը) հանձնարարվում է ընձյուղները ճկել մինչև 30-40 սմ։ Տնկարկները շահագործում են 5-8 տարի։ Տնկարկների երիտասարդացման նպատակով հիմնումից 5-6 տարի հետո հին թփերի արմատները պետք է հանել, ազատված տարածությունը տարվա ընթացքում կլցվի երիտասարդ ընձյուղներով։

ՄՈՒԼՉԱՑՈՒՄ, բանջարային, պտղատու, հատապտղատու և այլ բույսեր աճեցնելիս հողի ծածկումը մուլչով՝ մուլչաթղթով, տորֆի մանրուքով, գոմաղբով, կոմպոսով, թափված տերևներով և այլն։ Մ. նպաստում է հողում խոնավության պահպանմանը, ընկճում մոլախոտերի աճը, դրականորեն ներգործում բույսերի աճի և հողի բերրիության վրա, պահպանում է ջերմությունը, կանխարգելում հողատարումը։

ՆԱՐԳԵՍ, նարցիս, շքանարգիզազգիների ընտանիքի բազմամյա սոխուկավոր բույսերի ցեղ։ Ընդգրկում է 30 (այլ տվյալներով՝ 60) տեսակ։ ՀՀ-ում բնական պայմաններում չի հանդիպում։ Պարտեզային Ն-ները ստացվել են շատ տեսակների հիբրիդացումից։ Հայտնի է մոտ 12 հզ. սորտ, որոնք բաշխված են 11 խմբերում։ Մշակության մեջ՝ բաց գրունտում, օգտագործում են խողովակավոր, խոշորապսակ, մանրապսակ, լիաթերթ, կտրտված պսակով Ն-ների բազմաթիվ սորտեր։ ՀՀ գրեթե բոլոր մարզերում (ջերմոցներում, ծաղկաբուծական և տնամերձ տնտեսություններում) մշակվում է պոետական Ն. և հիբրիդային եղանակով ստացված բազմաթիվ սորտեր՝ ժայլբուս, Վանսիոն, Գոլդեն Ապուր, Բիկոլոր էմպրեսս և այլն։

Ն. կարելի է տնկել ինչպես բաց գրունտում, այնպես էլ թաղարներում, ձմռանը նախաճեցնելու համար։

Տեղի ընտրությունը. գերադասելի են արևոտ վայրերը, բայց Ն. աճում է նաև կիսաստվերում, ուստի կարելի է տնկել ուժեղ քամիներից պաշտպանված հողամասերում։

Հողը. լավ է աճում ոռոգելի հողերում։ Ծանր, կավային հողերին պետք է ավելացնել ավազ, տորֆ, թեթևին՝ ճմահող, հումուս։ Թթու հողերն անհրաժեշտ է կրացնել։ Հողը նախապես պարարտացնել։

Պարարտանյութերը. լավագույն է համարվում քայքայված բուսահողը կամ կոմպոստային հողը (1 մ²–ին՝ 8-10 կգ)։ Վերափորելիս պետք է ավելացնել ֆոսֆորական պարարտանյութեր (1 մ²-ին՝ 60 գ սուպերֆոսֆատ)։