նկատվում է նաև ծաղիկների վրա։ Սոխուկների վրա հայտնվում են ներս ընկած գունատ բծեր, որոնք հետագայում դառնում են դարչնագույն։ Վիրուսը փոխանցվում է սնկի միջոցով, որի սնկամարմինը գտնվում է մոլախոտերի և որոշ մշակովի բույսերի (կարտոֆիլ, ընդավորներ, ծխախոտ, ցորեն) արմատների վրա։
Պայքարի միջոցները. հիվանդ բույսերի հեռացում, մոլախոտերի ոչնչացում։
Վնասատուներից արմատային սոխային տիզը 0,7-0,8 մմ երկարությամբ, բաց դեղնավուն, փայլուն միջատ է, բնակվում է թեփուկների արանքում, կրծոտելով անցքեր է բացում հյուսվածքների մեջ։ Տարածվում է հողի, տնկանյութի, պարտեզային գործիքների միջոցով։ Սոխուկ է թափանցում տակից։
Պայքարի միջոցները. կանխարգելիչ նպատակով Վ-ից հետո հողամասում աճեցնել ոջլախոտ, լոլիկ, ամսական բողկ, որոնք կայուն են վնասատուի նկատմամբ։ Ախտահարված և կասկածելի սոխուկների հեռացում, տնկելուց առաջ դրանց ախտահանում։ Վեգետացիայի շրջանում տիզ հայտնաբերելիս բույսերը սրսկել կելտանի կամ ռոգորի 0,2 %-անոց լուծույթով։ Ամենամեծ վնասը հասցնում են մանուշակագույն բվիկի թրթուրները, որոնք ունեն մինչև 5 սմ երկարություն, կարմրամանուշակագույն են, մեջքին կարմիր զոլերով, կողքերին գորտնուկներով։ Միջատը հարսնեկավորվում է հուլիս-օգոստոսին՝ հողային բոժոժի մեջ, 6-8 սմ խորության վրա։ Կրծոտում է ցողունը արմատավզիկի մոտ և անցքեր բացում։ Բույսերը հաճախ ոչնչանում են։
Պայքարի միջոցները. վաղ գարնանը բույսերը փոշոտել նավթազինով, քլորոֆոսով, սայֆոսով, բովերինով։ Մշակումը կրկնել մինչև վնասատուի լրիվ անհետանալը։
Սոխային ճանճի թրթուրները վնասում են բոլոր սոխուկավոր բույսերը։ Դրանք կանաչամոխրագույն են, մինչև 1 սմ երկարությամբ, կնճռոտ, ծայրերում դարչնագույն ելուստներով ևն։ Ձմեռում են հողում և սոխուկներում։
Պայքարի միջոցները. աշնանային խոր վերափոր՝ հողի շերտը շրջելով, տնկաբույսերը ծածկել տորֆով (վերջինիս վրա ճանճերը չեն ձվադրում)։ Տնկելուց առաջ սոխուկները մշակել թունաքիմիկատներով։ Հողը փոշեպատել նավթազինով (1 բույսին՝ 3-5 գ)։
Մայիսյան բզեզի թրթուրներն ունեն 4-6 սմ երկարություն, սպիտակ են, հաստ, մուգ դարչնագույն գլխիկով և 3 զույգ ոտքերով։ Վնասում են բույսի արմատներն ու սոխուկները։ Հասուն միջատը կարմրագորշավուն է, սև մարմնով։ Սնվում է տերևներով։
Պայքարի միջոցները. հողի խոր վերափոր, հաճախակի փխրեցում, թրթուրները հեռացնել, վարակված հողամասերում կիրառել հատիկավորված հեքսաքլորան (1 մ²–ին՝ 15-20 գ)։ Վ-ին վնասում են նաև սովորական արջուկները (իշախառանչները), լարաորդերը, մկնանման կրծողները։
Վ. օգտագործվում է գեղազարդիչ պարտեզագործության մեջ, ծաղկային ձևավորումներում, կտրած ծաղիկներ ունենալու համար։
ՎԱՐՈՒՆԳ (աճեցումը), դդմազգիների ընտանիքի բույս։ Ցողունը սողացող է կամ մագլցող։ Միատուն է։ Պտուղը տարբեր ձևի (կլոր, ձվաձև, գլանաձև, օձաձև ևն) և չափի։ Ուտում են կանաչ վիճակում, երբ դեռ սերմերը չեն հասունացել։ Պտուղը մատղաշ վիճակում ծածկված է փշիկներով՝ սև կամ սպիտակ։ Տեխնիկական հասունացման ժամանակ պտուղը կանաչ է՝ սպիտակավուն ճառագայթաձև զոլերով, իսկ հասունացած սերմացու պտուղը՝ սպիտակականաչ, բաց դեղին, նարնջադեղին և բաց շագանակագույն։ Պահանջկոտ է ջերմության և խոնավության նկատմամբ։ Վեգետացիոն շրջանի կարճատևության շնորհիվ մշակում են ՀՀ գրեթե բոլոր կլիմայական գոտիներում։ Շրջանացված են հետևյալ սորտերը. Կոտայքի տեղական, միջահաս է, պտուղը համեղ։ Ծլելուց մինչև առաջին բերքահավաքը տևում է 60-65 օր։ Նեժինյան, միջահաս է, մշակում են լեռնային շրջաններում, հիմնականում թթու դնելու նպատակով։ Ծլելուց մինչև առաջին բերքահավաքը տևում է 47-55 օր, բարձր բերքատու է, պտուղները համեղ են, բայց շուտ են դեղնում։ Դրուժբա 60, վաղահաս է, մշակում են թարմ գործածության համար, շրջանացված է նախալեռնային և լեռնային շրջաններում։ Ծլելուց մինչև առաջին բերքահավաքը տևում է 44-46 օր։ Բերքատվությունը բարձր է։
Վ. պետք է մշակել լավ լուսավորված, թեթև, թափանցիկ, օրգանական նյութերով հարուստ հողերում։ Լավ նախորդներ են կաղամբը, լոլիկը, սմբուկը, տաքդեղը, կարտոֆիլը և ընդավորները։ Աշնանը հողը փորում են բահով, գարնանը փոցխում, պարարտացնում օրգանական և հանքային պարարտանյութերով. 10-12 կգ գոմաղբ կամ կոմպոստ, 20 գ միզանյութ, 30 գ սուպերֆոսֆատ և 10 գ կալիումի քլորիդ (1 մ²-ին)։ Կալիումական և ֆոսֆորական պարարտանյութերի փոխարեն կարելի է օգտագործել մոխիր։ Վ. մշակում են հարթ մարգերում կամ թմբերի վրա։ Անջրդի պայմաններում կամ լեռնային շրջանների սակավաջուր հողերում Վ. կարելի է մշակել հարթ մարգերում, իսկ դաշտավայրային և նախալեռնային շրջաններում՝ թմբերի վրա։ Ցանում են թմբի երկու, իսկ թեք հողամասերում՝ մեկ կողմից։ Առաջին դեպքում թմբի լայնությունը 120 սմ է, ակոսի լայնությունը՝ 100 սմ, միջբուսային հեռավորությունը՝ 30-40 սմ։ Երկրորդում համապատասխանաբար՝ 100, 50 և 30-40 սմ։ Վ-ի սերմերը ցանում են նախօրոք թրջած և ծլեցրած։ Առաջին անգամ ջրում են ծլելուց 15-20 օր հետո, ապա քաղհանում ու փխրեցնում։ Ծլելուց 7-10 օր հետո կատարում են առաջին նոսրացումը՝ ամեն բնում թողնելով 2 բույս, որից հետո կատարում են բուկլից։ 4-5 տերև առաջանալուց հետո կատարում են վերջին նոսրացումը՝ թողնելով ամեն մի բնում մեկական բույս, հետո կտրում են նրանց աճման կոնը (ծերատում) ու կատարում խոր բուկլից և քաղհան։ Դրանից հետո չեն ջրում մինչև ծաղկելը։ Պտղաբերության շրջանում կարելի է 4-5 օրը մեկ ջրել՝ ըստ բույսի պահանջի։ Վ-ի քաղհանումը և փխրեցումը պետք է ավարտել մինչև առաջին բերքահավաքը։ Վեգետացիայի ընթացքում կատարում են 1-2