Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/678

Այս էջը հաստատված է

էշի նման խռանչեն, որպեսզի, իբր, մախոխը շուտ թթվի։ Իսկ կարնոհայերը հատուկ մախոխապուրի պար ունեին, որ պարում էին միայն Մեծ պասի առաջին օրը։ Մախոխապուրի պարը պարել են բացառապես տղամարդիկ, ընդորում՝ համայնքի, գյուղի բոլոր տղամարդիկ, հիմնականում չափահասներից մինչև ծերերը, պարել են մախոխապուրին նվիրված երգը երգելով, առանց նվագի։ Մախոխապուրի պարերգով գովերգել են Մեծ պասը, նրա հիմնական ճաշատեսակը մախոխը։ Պարը կատարել են խումբ-խամբ, կլոր-փակ շրջանով։ Յուրաքանչյուր խումբը կատարել է յոթ պտույտ և հեռացել պարատեղից՝ տեղը զիջելով հաջորդ խմբին։ Ինչպես իրենք՝ կարնոհայերն էին ասում, «կանանց օրենք չէր, որ պարեին, ամոթ էր, սուրբ օր էր։ Պարել են խաղ ասելով (երգելով), այդ օր տիգ, չալղի՝ երաժշտական գործիքներ ածելու իրավունք չկար»։

Բարօվ էգար, թթու մախոխ,
Ինչ լուր բերիր հայրենիքես։
։Մէնձ Պասն էկավ, կայնավ թաթին (ոտքի ծայրին)
։Աշկըս մնաց հալվա կաթին։
Մէնձ Պասն էկավ ղուռմիշ էղավ (նստեց, փռվեց),
Փորիս փարգալ պօզմիշ էղավ (աղիքները պահող թաղանթը փչացավ)
։Պառվըները, պառվըները,
։Ջուրը լըցվավ առվըները։
Ախչըգները ծալած բոխչա,
Հարսները բաղ ու բախչա,
։Թըստան, հօդաձ պառվըները,
։Գէնա լավ էն պառվըները։

Այդքան կարևոր «մախոխը» սակայն, Մեծ պասի ընթացքում այնքան էին ուտում, որ պասը վերջանալիս արդեն երազում էին հրաժեշտ տալ ուտելիքին.

- Ծառզարդարը մոտեցավ, մախոխ ապուրն հոտեցավ,
Էլ մի ուտէ ծիթով խավիծ, թէ չէ փորդ շատ կցավի։

Մեծ պասի առաջին օրվա կարևորագույն, գլխավոր գործը Պասը խորհրդանշող «Ակլատիզը» կախելն էր։ Հայտնի են Ակլատիզի ինչպես անվան, այնպես էլ առարկայական տարբերակներ։ Ախլոճ, Ախացել, Ախելած, Գոգոռոզ, Խուխուլիճ-Խուլուճիկ, Մոռմոռոզ-Մռմռաս, Մեծ պաս, Պապի պլոր, Որոջբեկ, Ֆռիկ և այլ անուններով։ Այն վրան յոթը փետուր խրած սոխի (կարտոֆիլի, գետնախնձորի...) գլուխ էր, որ թելով կախում էին առաստաղից։ Կարնոհայերի մեջ այն իսկական տիկնիկի տեսք ուներ տղամարդու հագուստով, փարթամ ու սպիտակ բեղ ու մորուքով, պարզած թևերով, միոտնանի, որից կախվում էր յոթը փետուրներով սոխի գլուխը։

Ակլատիզի յոթ փետուրները օրացույցի դեր էին կատարում յոթ շաբաթ ունեցող պասի համար․- ամեն շաբաթվա վերջում դրանցից մեկը հանվում էր։ Նախավերջին՝ վեցերորդ փետուրը հանելիս երկար պասից հոգնած ու նեղված «քարքաշելուց էլ ծանր» վերջին շաբաթն ի նկատի ունենալով, ասում էին.

- Հետին շաբաթ քարքաշան,
Ճժեր հալան ու մաշան...

Այդ օրը համապատասխանում էր Ծաղկազարդին, որ գարնան ավետաբեր էր։ Վանում այդ օրն ընտանիքի ամուրի անդամը գնում էր ձյունից դեռ չմաքրված ցորենի կանաչող արտը՝ ավետելու գարնան գալուստը հետևյալ խոսքերով. «Աշխարհին լույս տալու եկողը թող քեզ էլ լիություն տա»։ Մոտենում էր Հարության, կյանքի, բնության հավերժական զարթոնքի տոնը՝ Զատիկը։

ԾԱՂԿԱԶԱՐԴԸ, Ծառզարդար, Զըռըզարդար, Ծառկոտրունք, Մեծ պասի 6-րդ կամ Զատիկին նախորդող կիրակի օրն է։ Քրիստոնյա այլ ժողովուրդների նման հայերը նույնպես այդ օրը նոր բողբոջած ուռենու ճյուղերով զարդարում են եկեղեցիները և իրենց բնակարանները։ Դրանում նրանք տեսնում են մեծ կենսական ուժ և կյանքի շարունակություն։ Այդ բողբոջները օգտագործում են բազմաթիվ ձևերով։ Այսպես, գիշերը եկեղեցում օրհնված ուռենու ճյուղերը, որոնք «օժտված» էին առատացնող զորությամբ և չարխափան էին, տուն էին տանում, գցում բոլոր մթերքների կարասները, ամբարը, դրանցով թեթևակի խփում անասուններին, միմյանց, հատկապես հիվանդներին, իսկ փոթորկի ժամանակ, խաչաձև դնում էին կրակին վստահ, որ փոթորիկը կավարտվի անմիջապես։

Այդ օրվա համար տանտիկինները մեծ քանակությամբ աղանձ էին պատրաստում, քանի որ կյանքի անընդհատության խորհրդանիշ աղանձը գարնան ավետաբեր ծառզարդի առաջնային ուտելիքն էր։ Աղանձ ու ձու էին տալիս նաև այդ կիրակի ուռենու ճյուղեր նվիրաբերելու համար տվյալ տուն այցելած երեխաների խմբերին, որոնք շրջում էին զանազան ճռռացող ինքնաշեն խաղալիքներով, կարկաչաներով, աղմուկով բակերը մտնում և երգելով շնորհավորում տոնը.

- Ծառզարդար, ծառին զարդար,
Խունգ առեք, խունգ ծխեցեք,
Սև հավեն հավկիթ գուզեմ,
Կարմիր կովեն եղ գուզեմ,
Վեվ օր տա՝ շեն մնա,
Վեվ օր չտա՝ չոր չորնա։

Մեծ պասի երկար ու ձիգ վեց շաբաթների ընթացքում առաջին անգամ նշանախոսություններ էին լինում ծառզարդարին, իսկ հասարակական ու ընտանեկան խստակենցաղությունը մասնակիորեն իր տեղը զիջում էր կատակային-ուրախ տրամադրությանը։ Այդ օրը եկեղեցում ծիսակատարությունը ուղեկցվում էր եկեղեցում հավաքված մարդկանց կատակներով, երեխաների ինքնաշեն կարկաչաների ճռռոցներով։

ԱՎԱԳ ՇԱԲԱԹ, Մեծ պասի վերջին շաբաթը, որի յուրաքանչյուր օրը հագեցած էր Զատիկին սպասող տոնականությամբ և ինքնուրույն բովանդակությամբ, արտահայտվում էր արարողությունների պարտադիր կարգով։ Երեխաներն անգամ գիտեին, որ Մեծ պասի Ավագ շաբաթվա օրերն են.

- Քոռ երկուշաբթին, Պաս երեքշաբթին, Չիք չորեքշաբթին, Հութի ուրբաթ օր, Ցատկի շաբաթ օր՝ Սուրբ հաղորդման օր, Քյուֆթի կիրակի։

Երկուշաբթին ջրաղացպանների օրն էր, քանզի այդ օրը բոլորը պիտի ցորեն տանեին աղալու։ Երեքշաբթին «հիմար-իմաստունի» վիճակը քաշելու օրն էր, և մարդիկ շտապում էին եկեղեցի՝ իրենց որևէ մտադրությունը նույնպես գուշակելու։ Տասը թղթակտորներից հինգի վրա գրվում էր «իմաստուն», հինգի վրա՝ «հիմար» բառերը, և տասը երեխա վերցնում էին մեկական թուղթ։ Մտքում որևէ իղձ պահած մարդիկ նախապես ընտրում էին երեխաներից որևէ մեկին։ Սրան «իմաստուն» վիճակն ընկնելու դեպքում իղձի կատարում էր գուշակում, «հիմարի» դեպքում՝ տապալում։

Սակայն կարևորագույն իրադարձությունները սկսվում էին չորեքշաբթի օրվանից, որ ամենուր «չիք» էր կոչվում չքվել բառից։ Կրակի վրա շարունակ ջուր էր եռում՝ ամանները լվանալու, լվացք անելու, տան բոլոր անկյունները