Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրությունը ստեղծվել է 1967-ին։ 1974-1987-ին խմբագրությունը պատրաստել և հրատարակել է 13-հատորյա «Հայկական սովետական հանրագիտարանը» (տպաքանակը՝ 100 հազար)՝ առաջին հանրագիտարանը հայ մշակույթի պատմության մեջ։
1984-1987-ին իրականացվել է «Ինչ է, ով է» մանկական հանրագիտարանի (տպաքանակը՝ 100 հազար) հրատարակությունը։
1988-ին հրատարակվել է «Ռուս-հայերեն պոլիտեխնիկական բառարանը» (մեկ հատորով, տպաքանակը՝ 30 հազար)։
1990-ին հրատարակվել է «Հայաստան․ Ճանապարհորդի հանրագիտարանը» (մեկ հատորով, ռուսերեն, տպաքանակը՝ 100 հազար)։
Թեմատիկ առաջին հանրագիտարան «Հայկական հարցը» հրատարակվել է ռուսերեն (1991-ին, տպաքանակը՝ 15 հազար) և հայերեն (1996-ին, տպաքանակը՝ 10 հազար)։
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ է ՀՐԱՏԱՐԱԿԵԼ
1. Հայկական համառոտ հանրագիտարանը՝ 4 հատորով.
1-ին հատոր, տպաքանակը՝ 85 հզ., 1990 թ.
2-րդ հատոր, տպաքանակը՝ 10 հզ., 1996 թ.
3-րդ հատոր, լույս է ընծայվելու 1998 թ.
4-րդ հատոր, պատրաստվում է հրատարակության։
Հայկական համառոտ հանրագիտարանը Հայաստանին և հայ իրականությանը նվիրված համապարփակ բնույթի հանրագիտարան է, որի շուրջ 13 հազար հոդվածներում արտացոլվելու են հայ ժողովրդի պատմությունը վաղնջական ժամանակներից մինչև մեր օրերը, Հայաստանի և Հայկական լեռնաշխարհի բնությունն ու բնական հարստությունները, ժողովրդագրական պատկերը, պատմական կարևոր իրադարձությունները, հանրահայտ դեմքերի, գիտնականների, արվեստագետների գիտական կենսագրությունը։