Տնային պայմաններում միջատազերծիչ միջոցառումներն իրականացվում են զանազան եղանակներով։ Առավել տարածված ու արդյունավետ են միջատների ոչնչացման քիմիական եղանակները։ Քիմիական նյութերը կիրառվում են փոշիների (դուստ), լուծույթների, ջրային էմուլսիաների և կախույթների, աերոզոլների, օճառների, մոմերի, մատիտների և այլ ձևերով։ Դուստը ցրում են պղպեղամանի նմանվող հատուկ սրվակներով կամ ռետինե տանձիկներով։ Հեղուկ միջոցները քսում են խոզանակով, վրձնով, հեղուկացրիչով, մխոցավոր փոշեցրիչով։ Միջատների օրգանիզմի մեջ թույնի ներթափանցման ուղիներից կախված, նրանց ոչնչացման համար կիրառվող քիմիական միջոցները բաժանվում են 3 խմբի։
Աղիքային ներգործության միջոցները միջատի օրգանիզմ են ընկնում սննդի հետ և նրան սպանում աղիքների մեջ ներթափանցելով։
Հպումային ներգործության միջոցները միջատների վրա ազդում են մաշկածածկույթով ներթափանցելով։
Շնչառական ներգործության միջոցները թունավորում են օդը և, ներթափանցելով շնչառական համակարգով, ազդում միջատի օրգանիզմի վրա։ Որոշ քիմիական նյութեր ունեն խառը ներգործության հատկություն։ Միջատների դեմ պայքարի միջոցների մեծ մասը մարդկանց և կենդանիների համար թունավոր է, ուստի դրանց հետ շփվելիս խորհուրդ է տրվում զգույշ լինել, որ պատրաստուկները չընկնեն մաշկի կամ աչքի մեջ, գործն ավարտելուց հետո խնամքով լվանալ ձեռքերը։ Այն ամանները, որոնց մեջ պահվել են թունավոր նյութերը, ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել սննդամթերքի համար։ Չի կարելի նաև թույները պահել սննդամթերքի մոտ։ Թույնով մշակված սենյակներն ու իրերը պետք է խնամքով օդափոխել։
Որևէ պատրաստուկի տևական կիրառման դեպքում միջատները ձեռք են բերում պաշտպանունակություն (կայունություն), ուստի անհրաժեշտ է պարբերաբար փոխել դրանց դեմ կիրառվող պայքարի միջոցները։
Կենցաղում լայնորեն կիրառվում են Մ-ման մեխանիկական եղանակները (աղբամաքրում, զգեստի, գորգերի թափահարումով մաքրում ևն)։ Ճանճերի, մոծակների և այլ թռչող միջատների դեմ պայքարելու համար խորհուրդ է տրվում լուսամուտներն ու դռները ցանցապատել։ Ճանճերին ոչնչացնելու համար կարելի է օգտագործել կպչուն նյութով պատած թղթե ժապավեն, ապակե և ցանցապատ ճանճորսիչներ։
Միջատների մեծ կուտակումների դեպքում անհրաժեշտ է դիմել աղտահանման կայաններ կամ քաղաքային, շրջանային սանիտարահամաճարակաբանական կայաններ։
Տես նաև Լվեր, Փայտոջիլներ, Մոծակներ, Ցեցեր, Մրջյուններ, Ճանճեր, Խավարասերներ:
ՄԻՋԱՏԱՍՊԱՆՆԵՐ, վնասատու միջատների դեմ պայքարի քիմիական միջոցներ։ Թողարկում են աերոզոլի, դուստի, հեղուկի, մատիտի, հաբերի և էմուլսիայի տեսքով։ Մ. օգտագործելիս անհրաժեշտ է պահպանել բացատրագրում նշված նախազգուշական միջոցները։ Տես Լվեր, Փայտոջիլներ, Ճանճեր, Խավարասերներ, ինչպես նաև Բանջարանոց և Այգի հոդվածները։
ՄՈԶԵՐ, խոշոր ճանճեր են, որոնց էգերը կենդանիների և մարդու արյունածուծ են։ Թրթուրները զարգանում են խոնավ հողում, ճահիճներում, ջրում։ Մի խայթոցը շատ ցավոտ է։ Իսկական Մ. կամ իշամեղուները (օրինակ, եզան մոզը) ունեն թափանցիկ թևեր, մոխրագույն են կամ գորշավուն։ Դրանց հաճախ սխալմամբ բոռ են անվանում։ Անձրևամոզերի (ոչ մեծ մոխրագույն ճանճեր) թևերը մոխրագույն են, մարմարանախշ, իսկ կանաչաչք ոսկեաչիկ Մ-ի թևերի վրա կան խոշոր սև բծեր։ Իսկական Մ. և ոսկեաչիկները առավել աշխույժ են հատկապես շոգ ժամանակ, իսկ անձրևամոզերը՝ անձրևից առաջ։ Մ-ի խայթելուց պաշտպանվելու համար օգտագործում են վանող ցանցեր և քսուքներ։ Տես նաև Մոծակներ:
Հայաստանում հյուսիսային անտառային շրջաններում տարածված են մոխրագույն, լայնաճակատ և ուշ ամառային Մ.։
ՄՈԾԱԿՆԵՐ, արյունածուծ են Մ-ի որոշ տեսակների միայն էգերը, իսկ արուները սնվում են բույսերի հյութերով։ Էգը մեկ ձվադրման ժամանակ դնում է 200-300 ձու։ Թրթուրները զարգանում են կանգնած կամ դանդաղահոս ջրերում։ Մալարիայի մոծակը (անոֆելես ) մալարիայի հարուցիչ փոխանցող է և վարակում է մարդկանց։ Մալարիայի Մ-ին սովորական Մ-ից հեշտությամբ կարելի է տարբերել վայրէջքով, քանի որ վերջիններս փորիկը պահում են մակերևույթին զուգահեռ, իսկ մալարիայի Մ. փորիկը վեր են բարձրացնում։ Մ-ի բազմացումը կանխելու նպատակով պետք է ոչնչացնել բնակելի և ոչ բնակելի շինություններում ձմեռող բոլոր Մ-ին, մաքրել պատերը։ Մ-ի ոչնչացման նպատակով շինություններում կարելի է օգտագործել աերոզոլային պատրաստուկներ։ Մ-ի մեծ կուտակումների տեղերում օգտագործում են թանզիֆից կամ շղարշից պատրաստված պաշտպանիչ ցանց, որը հագնելուց առաջ պետք է թրջել վանող միջոցներով և չորացնել։ Մ-ից պաշտպանվելու համար կիրառում են երկմեթիլֆթալատի, երկէթիլտոլուամիդի և այլ միացությունների հիմքի վրա ստեղծված վանող միջոցներ ռեպելենտներ, որոնք պետք է քսել մարմնի բաց մասերին։ Դրանք թողարկվում են լոսյոնների, էմուլսիաների ու քսուքների, աերոզոլային պատրաստուկների տեսքով։
Պատրաստուկներից օգտվելիս պետք է զգույշ լինել, որ աչքի մեջ չընկնեն, որովհետև առաջացնում են լորձաթաղանթի ուժեղ գրգռում։ Ռեպելենտների ազդեցությունը տևում է 2-8 ժամ։ Պատրաստուկները հեշտությամբ մաքրվում են օճառով լվացվելիս։ Քորը անցկացնելու համար խայթվածքին կարելի է անուշադրի սպիրտ կամ կերակրի սոդայի լուծույթ քսել (1 բաժակ ջրին 1/2 թեյի գդալ սպիրտ կամ սոդա)։
ՄՈՏՈՌՈԼԼԵՐ, մոտոցիկլետի տարատեսակը։ Նախատեսված է հիմնականում քաղաքում երթևեկելու համար։ Մ. ունի մի շարք առավելություններ մոտոցիկլետի նկատմամբ, ավելի հարմար է նստելու համար, վարորդը և ուղևորը հանդիպակաց քամուց և ցայտերից պաշտպանված են ղեկից դեպի ներքև ու հետ գնացող վահանով, իսկ շարժիչից, փոխհաղորդակից, բաքից՝ ագուստներով։ Փոքր տրամագծի անիվների շնորհիվ Մ. ունի բարձր մանևրայնություն, սակայն գրունտային ճանապարհներին անցունակությունը փոքր է։ Շարժիչի հովացումն օդային է, հարկադրական (օդափոխիչի օգնությամբ), ինչը հնարավորություն է տալիս երթևեկել առանց շարժիչի գերտաքացման: