Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/80

Այս էջը հաստատված է

Կան նաև ապրանքատար Մ-ներ (բեռնատարողությունը 250 կգ). եռանիվ մեքենաներ են՝ հետնամասում բաց, եզրավոր հարթակի տեսք ունեցող թափքով, միա- կամ երկտեղ նստոցով։

ՄՈՏՈՑԻԿԼԵՏ, կան ճամփորդական, մարզական և հատուկ Մ-ներ։

Մ-ի հիմնական պարամետրերից է շարժիչի աշխատանքային ծավալը, որով պայմանավորված են մեքենայի հզորությունը, արագությունը, վառելիքի ծախսը, զանգվածը ևն։ Մ-ները բաժանում են երեք դասի՝ թեթև, միջին և ծանր։

Թեթև Մ-ներն առավել պարզ են շահագործման տեսակետից։ Իբրև հոսանքի աղբյուր է ծառայում փոփոխական հոսանքի գեներատորը, որն աշխատում է առանց լրացուցիչ կուտակիչ մարտկոցի։ Վառոցքի էլեկտրոնային համակարգն ապահովում է հուսալի կայծագոյացում ծնկավոր լիսեռի պտտման հաճախության մեծ ընդգրկույթում (250-7500 պտ/ր)։ Միագլան շարժիչի բավարար հզորության, ամուր հենոցի և փոքր զանգվածի շնորհիվ Մ. կարելի է շահագործել տարբեր պայմաններում, մասնավորապես գյուղական վայրերում։

Միջին դասի Մ-ներն ունեն ավելի հզոր շարժիչ և կարող են զարգացնել զգալի արագություն, սակայն դրանք ավելի դժվար է վարել, քան թեթև Մ-ները։ Միջին դասի Մ-ները սարքավորված են հաստատուն հոսանքի գեներատորով, կուտակիչ մարտկոցով և կարգավորիչ ռելեով, որոնք ապահովում են լուսազդանշանային և լուսավորման սարքերի բավարար սնուցում։ Միջին դասի Մ-ները կարելի է շահագործել կողակցանքով:

Ծանր Մ-ներն ունեն քառատակտ երկգլան շարժիչ, 12 Վ-անոց էլեկտրասարքավորման համակարգ՝ փոփոխական հոսանքի գեներատորով և նախատեսված են կողակցանքով շահագործելու համար (բոլոր տեսակի ճանապարհներին)։

Որպեսզի Մ. անխափան աշխատի և երկար ծառայի, անհրաժեշտ է խստորեն կատարել շահագործման պահանջները (շարժիչի կոնսերվացում ձմռան ամիսներին, շղթայի ձգվածության պարբերական ստուգում ևն)։ Մ-ով երթևեկող վարորդը և ուղևորները պարտադիր պետք է հագնեն պաշտպանական սաղավարտ, կոշտ կոշիկներ ևն։

Մ-ի տարատեսակներից են մոպեդը (շարժիչավոր հեծանիվ) և մոտոռոլլերը։ Մոպեդներն ունեն մինչև 50 սմ³ աշխատանքային ծավալով շարժիչ և զարգացնում են 40 կմ/ժ առավելագույն արագություն։ Մոպեդ վարելու համար վարորդական իրավունք չի պահանջվում։ Ժամանակակից մոպեդներն ոտնակներ չունեն, շարժիչը գործարկվում է հարվածովի մեկնասարքով։ Այդպիսի մոպեդները կոչվում են մոկիկներ և, ըստ էության, շատ թեթև Մ-ներ են։

ՄՐՋՅՈՒՆՆԵՐ, բնակարաններում ապրում են տնային Մ., որոնք ՀՀ-ում բնական պայմաններում չեն հանդիպում։ Մ., որպես կանոն, բնակվում են միջհարկային ծածկերում և այլ դժվարամատչելի տաք տեղերում, որտեղից սնունդ հայթայթելու համար թափանցում են բնակարանները և աղտոտում մթերքը։

Մ-ի դեմ պայքարելու համար կարելի է օգտագործել բորաքս (բուրա) պարունակող խայծեր։ Չոր խայծ կարելի է պատրաստել բորաքսի և շաքարավազի հավասարաչափ խառնուրդով և լցնել այն մասերում, որտեղ Մ. կան։ Հեղուկ խայծ պատրաստելու համար անհրաժեշտ է 1-2 բաժակ տաք ջրին ավելացնել 1 ճաշի գդալ շաքարավազ, 1 ճաշի գդալ բորաքս և 2 ճաշի գդալ մեղր։ Այնուհետև ստացված խառնուրդով թրջել սպիտակ հացի կտորները կամ լցնել պնակի մեջ ու դնել մրջնաշատ տեղերում։

Խայծն ավելի երկարատև ազդեցություն է ունենում, եթե պատրաստվում է հետևյալ բաղադրությամբ. 1 ճաշի գդալ տաք ջուր, 2 թեյի գդալ գլիցերին, 1 1/2 ճաշի գդալ շաքարավազ, 1/3 թեյի գդալ բորաքս և 1 գդալ մեղր։ Ստացված խառնուրդը պետք է խառնելով տաքացնել թույլ կրակի վրա մինչև լրիվ լուծվի։ Այն կարելի է պահել մի քանի ամիս։

Կարելի է պատրաստել նաև մսային խայծ, դրա համար անհրաժեշտ է 2 ճաշի գդալ աղացած մսին ավելացնել 1/2 գդալ մանրացրած բորաքս և լավ խառնել։ Վերջինս բավարար է, որպեսզի աշխատող Մ. սատկեն խայծը բույն հասցնելուց և «ընտանիքը» կերակրելուց հետո միայն։ Անհրաժեշտ է, որ խայծի ամանը օքսիդացող չլինի և կողմնակի հոտ չունենա, քանի որ Մ. դրանց նկատմամբ շատ զգայուն են։ Խայծով ամանը պետք է դնել հիմնականում խոհանոցում, լողասենյակում և զուգարանում։

Երբեմն, բնակարան են թափանցում սև կամ շիկակարմիր Մ., որոնց դեմ նույնպես կարելի է պայքարել վերը նշված խայծերով։ Տես նաև Բորաքս և Միջատասպաններ:

ՅՈՒՂԱՆԵՐԿԵՐ, օգտագործվում են ներսի և դրսի աշխատանքների համար, լայնորեն կիրառվում են հատկապես հարդարման և նորոգման աշխատանքներում՝ սվաղած պատերի, փայտե, մետաղե և այլ մակերևույթներ ներկելու համար։ Յու. քսում են վրձնով, գլանիկով կամ ներկացրիչով։ Լավ որակի ներկածածկույթ ստանալու համար խորհուրդ է տրվում մակերևույթը ներկել երկու անգամ (երկրորդ անգամ առաջին շերտի լրիվ չորանալաց հետո)։ Թանձր Յու. կարելի է նոսրացնել օլիֆով կամ ձիթալաքով։ Ներկը լուծիչով նոսրացնելը ցանկալի չէ, քանի որ այդ դեպքում ներկաթաղանթը լավ չի փայլում։ Ներկի ծախսը 1 մ²–ի համար 80-160 գ է՝ կախված Յու-ի գույնից։ Մթնոլորտային ներգործությունից պաշտպանելու և դիմացկունությունը բարձրացնելու նպատակով խորհուրդ է տրվում ներկած մակերևույթը պատել ձիթալաքով։ Տարբեր գույնի ներկեր կարելի է խառնել իրար, բայց չի կարելի պատրաստի Յու-ին չոր գունանյութ ավելացնել։

ՆԱԶՎԱՐԴ, մշտադալար թուփ կամ ցածրաբուն ծառ՝ բարակ ճյուղերով, մանր տերևներով և խոշոր, պարզ կամ բազմաթերթ բազմերանգ ծաղիկներով։ Կոկոնած բույսը (խանութից կամ ջերմոցից ձեռք բերած) պետք է դնել լուսավոր զով սենյակում, պատուհանի մոտ։ Ցանկալի է ջրել ձյան, սառնարանի սառույցի, հալոցքաջրով կամ էլ հողի մակերեսը