կարծես մեծացնում են Ն-ի չափերը։ Հայելու ստորին եզրի հեռավորությունը հատակից պետք է լինի առնվազն 30 սմ։ Հայելու մոտ անհրաժեշտ է դնել դարակ կամ փոքր սեղան՝ մանր պարագաների համար։ Ոչ մեծ հայելիները կարող են լինել շրջանաձև, ուղղանկյունաձև, ձվաձև՝ փայտե կամ մետաղական շրջանակով։ Մեծ հայելին պետք է ունենա ուղղանկյուն եզրագծեր։ Այն կարելի է փակցնել պատին կամ դռանը՝ կեռերով կամ զարդագեղ պտուտակներով։
Ն-ում անհրաժեշտ է ունենալ աթոռ, բազկաթոռ կամ փափկաթոռակ։ Տեղի խնայողության նպատակով կարելի է օգտագործել նաև կոշկապահարանի վերին հարթությունը։ Որպես նստարան կարող է ծառայել նաև ծալովի ոտքերով և հետգցովի դռնակով բարձր պահարանը։
Ն-ում հարմար են նաև սահովի դռներով ներկառուցված պահարանները։ Դրանց հեռավորությունը դիմացի պատից պետք է լինի առնվազն 130 սմ, իսկ խորությունը՝ 55 սմ։ Պահարանի անտրեսոլային մասում խորհուրդ է տրվում պահել սակավ օգտագործվող և սեզոնային իրեր։ Ներկառուցված պահարանում ցանկալի է նախատեսել հատուկ բաժանմունք երկար իրերի (դահուկներ, կարթեր ևն) համար։ Պահարանը տեղակայելիս կարելի է խորշ թողնել կախարանի և գլխարկների դարակի համար։ Եթե բնակարանում չկա տնտեսային իրերի հատուկ պահարան, ապա ներկառուցված պահարանի բաժանմունքներից մեկը (առնվազն 40x60 սմ չափերի) կարելի է հատկացնել դրանց (տես Ներկառուցված կահույք): Ժամանակակից բնակարաններում Ն. ընդհանուր սենյակից հաճախ առանձնացվում է ապակեպատ դռներով կամ բացովի միջնորմով, որը հնարավորություն է տալիս Ն. լուսավորել բնական լույսով։
ՆԵՐԿԱՌՈՒՑՎԱԾ ԿԱՀՈՒՅՔ, բնակարանի կահավորանքի առավել հարմարավետ և փոքր ծավալ զբաղեցնող տեսակներից։ Ն.կ–ի տարատեսակներն են պատի պահարանը կամ միջնորմ-պահարանը, որոնք տեղակայվում են շինարարական կառուցվածքների որմնախորշերում, ներքին պատերի երկայնքով, կամ բաժանում են բնակարանի կից սենյակները՝ կատարելով միջնորմի դեր։ Այդ կահույքը բաղկացած է պատի մեջ ներկառուցված հատակից մինչև առաստաղ կամ պատից պատ հասնող տարբեր չափի տարրերից։ Ն.կ. ունենում է դուրսքաշովի և ծալովի աշխատասեղաններ, ճաշասեղաններ, մահճակալներ, արդուկելու հարմարանք ևն։
Ն.կ–ի օգտակար ծավալը մոտավորապես 2 անգամ մեծ է հատակի նույն մակերեսը զբաղեցնող փոխադրովի կահույքի ծավալից։ Ն.կ. ավելի հիգիենիկ է, քանի որ զբաղեցնում է սենյակի ամբողջ բարձրությունը և չունի մաքրման համար դժվար հասանելի հորիզոնական բարձր մակերևույթներ։ Այդ կահույքը սենյակը դարձնում է ավելի հարմարավետ, մեծացնում է հատակի ազատ մակերեսը։ Ըստ կառուցվածքի Ն.կ. լինում է բաժանմունքավոր (նկ. 1,ա), համապիտանի-քանդովի (նկ. 1,բ), հիմնակմախքով (նկ. 1,գ) և խառը (նկ. 1,դ)։ Ն.կ–ով կարելի է փոխարինել շարժական կահույքի տարրերի մեծ մասը։ Միջնորմ-պահարանները և պատի պահարանները կարող են ունենալ գրքերի, ամանեղենի, հագուստի, սպիտակեղենի, անկողնային պարագաների, ձայնադարանի, ռադիոսարքերի, տնտեսային իրերի, էլեկտրակենցաղային սարքերի բաժանմունքներ։
Ժամանակակից բնակարաններում Ն.կ-ով կահավորում են նախասենյակը, միջանցքը և ննջասենյակը։ Որոշակի հմտություն ունեցող տանտերն ինքը կարող է սարքել ներկառուցված կամ պատի պահարաններ։
Պատի պահարանի համար հետնապատ է դառնում շինարարական միջնորմը։ Պահարանի ներքևի մասում պատրաստվում է 7-10 սմ բարձրության և 5 սմ ներս ընկած պատվանդան։ Պահարանի դռնակները լինում են բացովի կամ սահովի, վրադրովի կամ ներդրովի (նկ. 2)։
Ընդհանուր սենյակի Ն.կ. պատրաստվում է որպես բաց և փակ բաժանմունքների (մի մասը կարող է լինել ապակեպատ) զուգակցություն։ Ներքևի հարկում (40-60 սմ բարձրության) տեղադրում են գզրոցներ՝ սպիտակեղեն, արդուզարդի պարագաներ և այլ անհրաժեշտ իրեր պահելու համար։ Միջին հարկում (40-60 սմ-ից մինչև 120-200 սմ բարձրության) դնում են կենցաղային ռադիոսարքեր, գրքեր, ամանեղեն, զարդագեղ իրեր։ Միջին հարկի պահարանները դռնակներով են կամ բաց խորշերի տեսքով։ Հեռուստացույցի, նվագարկիչի, մագնիտոֆոնի համար Ն.կ–ում պետք է լինեն խորշեր, իսկ դրանց էլեկտրալարերի համար անցքեր, որոնք հարմարեցնելիս պետք է