է օգտագործել միայն Ջ. ցանցից անջատելուց հետո։
Կենցաղային նպատակների համար թողարկվում են 10 լ (խոհանոցի համար) և 40, 60 ու 100 լ (լողասենյակի համար) ծավալով Ջ-ներ, որոնցում տեղադրված է 1,25 կՎտ հզորության ջեռուցիչ տարր։ Ջ. միացվում է 220 Վ լարման էլեկտրացանցին։
Գազային ավտոմատ Ջ. ջերմափոխանակիչ սարք է 60-100 մ² մակերեսով բնակելի շինությունների ջրային ջեռուցման, ինչպես նաև լողասենյակի և խոհանոցի տաք ջրի ջրամատակարարման համար։ Գազային Ջ. ունի տաքացվող ջրի ջերմաստիճանի ավտոմատ կարգավորիչ և անվտանգության համակարգ, որը վառիչի հանգչելու կամ ջրի ճնշման անկման դեպքում դադարեցնում է գազի մատակարարումը։ Ջ-ի ջերմաստիճանը կարգավորվում է 40–85 °C սահմաններում։ Ջուրը պահանջվող ջերմաստիճանի հասցնելուց հետո ջերմակարգավորիչը դադարեցնում է գազի մատակարարումն այրոցներին և վերականգնում այն, երբ ջրի ջերմաստիճանը նվազում է 5-10 °C-ով։ Ջ-ի շահագործման անվտանգության նպատակով այն անհրաժեշտ է միացնել լավ քարշ ունեցող ծխանցքի։
Ջ-ով տաքացրած ջուրը պիտանի չէ խմելու և կերակրի մեջ օգտագործելու համար։
ՌԱԴԻԱՏՈՐ էլեկտրական, տեղափոխովի էլեկտրաջեռուցիչ սարք՝ բնակարանների լրացուցիչ տաքացման համար։ Ռ-ները ջերմություն են առաքում արտաքին մակերևույթից, որի առավելագույն ջերմաստիճանը 100-110 °C–ից չի անցնում (պատահական հպման դեպքում այրվածքից խուսափելու համար), սովորաբար մակերևույթի միջին ջերմաստիճանը հասնում է 85-95 °C–ի։ Գոյություն ունեն միջանկյալ ջերմակիրով (սովորաբար հանքային յուղ) և, այսպես կոչված, չոր էլեկտրառադիատորներ կամ ջեռուցիչ էլեկտրապանելներ։ Առավելապես տարածված են յուղալեցուն էլեկտրառադիատորները։
Էլեկտրական այլ սարքերի (էլեկտրաբուխարիներ, էլեկտրաջերմաօդահարիչներ) համեմատությամբ յուղալեցուն էլեկտրառադիատորներն ավելի դանդաղ են տաքանում, կայուն ջերմաստիճանային ռեժիմը հաստատվում է միացնելուց 25-35 րոպե հետո։
Յուղալեցուն էլեկտրառադիատորները տարբերվում են ըստ հզորության, կառուցվածքի, ստուգիչ ու կարգավորիչ սարքերի և լրացուցիչ հարմարանքների։
Ռ-ների հզորությունը (0,5-ից մինչև 1,5 կՎտ) կախված է ջեռուցիչ տարրերի հզորությունից։ Ըստ ռեզերվուարի կառուցվածքի էլեկտրառադիատորները լինում են պանելային (հարթ պանելի տեսք ունեցող ռեզերվուարով) և բաժանմունքավոր, շոգեջեռուցման ռադիատորների նման (ռեզերվուարը կազմված է մի քանի միանման բաժանմունքներից ընդհանուր ջեռուցիչ տարրով)։
Բաժանմունքավոր կառուցվածքն ապահովում է ռադիատորի աշխատանքային մեծ մակերևույթ և ընդունելի չափերի դեպքում թույլ է տալիս ստանալ զգալի հզորություն։ Պանելային տեսակի էլեկտրառադիատորներն ավելի հարմար են տեղավորելու առումով. նրանք քիչ տեղ են զբաղեցնում պատի մոտ տեղադրելիս, սակայն պանելների համեմատաբար մեծ երկարությունը դժվարացնում է դրանց տեղաշարժումը սենյակում։ Տեղաշարժումը հեշտացնելու նպատակով բոլոր խոշոր տեղափոխովի Ռ-ներն ունեն տեղափոխման հատուկ բռնակներ կամ էլ հոլովակավոր հենարաններ, պատի Ռ-ների լրակազմի մեջ մտնում են պատին ամրացնելու հարմարանքներ։ Ըստ աշխատանքի ռեժիմի վերահսկման ու կարգավորման սարքերի տեսակի, տարբերում են ջերմակարգավորիչներով (օդի ջերմաստիճանը սենյակում ավտոմատորեն պահում են +10 °C–ից մինչև +30 °C սահմաններում). հզորության ներկառուցված կարգավորիչներով (փոփոխում են Ռ-ի աշխատանքի տևողությունը և սպառող հզորությունը), հզորության փոխարկիչներով (ապահովում են տաքացման 2 կամ 3 աստիճան), ջերմասահմանափակիչներով (ավտոմատորեն անջատում Են Ռ., երբ մակերևույթի ջերմաստիճանը գերազանցում է 110 °C) էլեկտրական Ռ-ներ:
Պարբերաբար անջատվող էլեկտրառադիատորները հաճախ ունենում են երկու ազդանշանային լամպ. մեկը ցույց է տալիս սարքի միացումը էլեկտրական ցանցին, մյուսը վառվում է միայն ջեռուցիչի աշխատանքի ժամանակ։