Այս էջը սրբագրված չէ

նրա հետ միասին ուտում է, խմում է, քանի որ այդ հակառակ է մահմեդականների սովորություններին, և մանավանդ անվայել է մի ներքինապետի, որ անդադար կանանոցի հետ հարաբերություն ունի։

— Ես չեմ հասկանում, այստեղ ի՞նչ մի անվայել բան կա, — հարցրեց Սյուրին, կտրելով ծերունու խոսքը։

— Անվայելն այն է, որ քրիստոնյան իմ վրանում ապրելով, կարող էր պղծել ինձ, իսկ ես նրանից պղծված լինելով, կարող էի մյուս մահմեդականներին պղծել, — պատասխանեց ծերունին, ինքն էլ ծիծաղելով իր խոսքերի վրա։

Խոսակցությունը այն տաթևացի պատանու մասին էր, որ խանի վրանի առջև կատարված եղերական ողջակեզի ժամանակ, դուրս պրծավ բոցերի միջից, ուր նրա ծնողները, ձեռքները դեպի երկինք բարձրացրած, «գթությո՛ւն» աղաղակելով, այրվում էին։ Ծերունի ներքինապետը վեր առեց իր մոտ շնչասպառ, կիսախանձ պատանուն և այն օրից դարմանում էր նրա մարմնի այրված տեղերը։ Արտաքին վերքերի բժշկության արհեստը խիստ սովորական լինելով պարսիկների մոտ, ներքինապետը բավական հմուտ էր նրա մեջ։ Այս պատճառով պատանու առողջանալը շատ չուշացավ։ Բայց ծերունին հավատացնում էր, որ նա դեռ շատ տկար է, և դեռ երկար ժամանակ պետք է պառկած մնա անկողնի մեջ, որովհետև նրանից պահանջում էին, որ պատանուն մահմեդականացնե։ Նա օրըստօրե հետաձգում էր նրանց պահանջը, զանազան պատճառներ բերելով։ Բայց մելիք Ֆրանգյուլի մահմեդականություն ընդունելու օրը, երբ պարսիկների մոլեռանդությունը ավելի գրգռված էր, այլևս ծերունուն հանգստություն չէին տալիս, մինչև անգամ խանից սաստիկ հանդիմանություն ստացավ։

— Պետք է նրան այստեղից հեռացնել, — ասաց տիկինը տխուր ձայնով։

— Ես էլ այսպես եմ մտածում, — պատասխանեց ծերունին, — և այդ մասին բոլոր պատրաստությունները տեսնված են։ Բայց մի բան ինձ սաստիկ դժվարություն է պատճառում։

— Ի՞նչ բան։

Ծերունին պատմեց, թե պատանին բավական վայելչահասակ և գեղեցկադեմ է, թե նրան տեսնողները անդադար կրկնում էին, որ այդ պատանին շատ հարմարություններ ունի խանի մանկլավիկների կարգը մտնելու և խանին սպասավորություն անելու, քան գյուղումը գութան վարելու։ Այդ տեղեկությունները մինչև անգամ