Այս էջը սրբագրված չէ

բոլոր չարիքներին հատուցում կլինի․ նեղյալները կվայելեն ազատություն, իսկ նեղիչները սոսկալի դատապարտություն․․․

— Ո՞ր աշխարհում, — հարցրեց պատանին, դեռ ոչ բոլորովին հանգստացած լինելով իր վրդովմունքից։

— Այս աշխարհում, — պատասխանեց տիկինը մարգարեուհու եղանակով․ — դառնության բաժակը մինչև բերանը լցված է․․․ մի կաթիլ ևս, — ահա նա կթափվի․․․

— Հավատում եմ ձեր գուշակությանը, տիկին, — պատասխանեց պատանին ոգևորությամբ, և բռնելով նրա աջը, սեղմեց իր շրթունքի վրա։ — Դուք կրկնում եք միևնույն խոսքերը, որ մի քանի րոպե առաջ ես լսեցի իմ անբախտ ծնողների գերեզմանից։ Այնտեղից մի ձայն նույնպես ասում էր, թե «դառնության բաժակը լցված է»․․․ Ես լսեցի կոչող ձայնը և ուխտեցի մինչև մահ կռվել անարդարության դեմ։

Եվ իրավ, պատանուն այնպես էր թվում, որ այդ խոսքերը նա առաջին անգամ չէր լսում․ թե նա լսեց այն ժամանակ, երբ ինքը հոգեկան դառն խռովության մեջ, ընկած ծնողների հողադամբարանի վրա, տխուր և ցավալի կերպով արտասուք էր թափում։ Այժմ նույնը լսում էր բարեսիրտ կնոջ բերանից։

Ծերունի ներքինապետը ակնարկեց, թե պատանին ուշանում է, թե ժամանակ է ուղևորվելու։ Բայց տիկինը բոլորովին հափշտակված էր նրա խոսքերով․ «Ես ուխտեցի մինչև մահ կռվել անարդարության դեմ․․․»։ Ի՞նչն էր ներշնչել այդ վրեժխնդրական զգացմունքը նրա մանուկ սրտի մեջ, ծնողների ցավալի մա՞հը, թե ընդհանուր ժողովրդի անբախտ դրությո՞ւնը։ Այդ միտքը սաստիկ հետաքրքրում էր վշտալի տիկնոջը։ Նա ցանկանում էր խոսել, երկար խոսել վաղահաս ցավերով տանջված այդ պատանու հետ, ցանկանում էր շոշափել նրա կոտրած սրտի բոլոր թաքնված վերքերը, բայց ներքինապետը դարձյալ շտապեցրեց, թե ժամանակը անցնում է, թե պետք է շուտով ճանապարհ դնել նրան։

— Քո ուխտը` կռվել անարդարության դեմ, — ասաց տիկինը բռնելով պատանու ձեռքը, — պետք է լինի ամեն մի հայ մարդու ուխտը, որ մտածում է հայրենիքի փրկության համար։ Դու, գուցե քո ծնողների ցավալի վախճանից դրդված, ուխտեցիր վրեժխնդիր լինել բռնության դեմ, — բայց մտածի՜ր, որ ամբողջ հայ ժողովուրդը այրվում է, խորովվում է, ոչնչանում է նույն բոցերի մեջ, որ լափեցին քո անբախտ ծնողներին, նույն բոցերի մեջ, որոնց միջից դու մի բարի բախտով դուրս պրծար։ Նույն բոցերը թողեցին